▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորի դեմ բողոք է ներկայացվելու՝ հնարավոր է միջազգային ատյաններ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

«Մենք Արմեն Դանիելյանի գործողություններին գնահատական տալ չենք կարող, որովհետև սա նախադեպ չունեցող է: Դատարանն ինքը պետք է կարիք ունենա լսել բոլոր կողմերին, եթե ինքը ցանկանում է կայացնել օրինական դատավճիռ: Մենք տեսնում ենք, որ դատարանը նման ցանկություն չունի: Դատական գործը բաղկացած է 85 հատորից, նա ունի 14 օր, ևս 4-5 օր կարող է երկարացվել ժամկետը, 19-20 օրվա մեջ հնարավոր չէ ծանոթանալ 85 հատորանոց նյութին: Հետևաբար, դատավոր Դանիելյանը պատրաստվում է այս գործով որոշում կայացնել այնպիսի պայմաններում, երբ ինքը ոչ միայն ծանոթ չէ ամբողջ նյութին, այլև կողմերից մեկի դիրքորոշումներին: Եթե դատավորը նյութերին ծանոթ չէ, սակայն կողմերին ծանոթ է, լսել է նրանց դիրքորոշումները, այդտեղ նյութերին ծանոթ չլինելը կոմպենսացվում է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր կողմի հիմնավորումները: Բայց եթե դատարանը նյութերից բացի, ծանոթ չէ կողմերի փաստարկներին, այդպիսի դատարանը դատարան չէ»,- հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Նրա գնահատմամբ՝ այդպիսի դատարանի կայացրած որոշումն ի սկզբանե ապօրինի է:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Ալումյանն արդարադատությանը միջամտություն համարեց նաև ավելի վաղ Գագիկ Ջհանգիրյանի այն կանխատեսումը, թե ՍԴ-ն ձգձգելու է գործի քննությունը, իսկ Վերաքննիչ դատարանն ուղղելու է առաջին ատյանի դատարանի սխալը բեկանելով դրա որոշումները: Դրանից հետո կստացվի այնպես, որ ՍԴ դիմելու մասին որոշում այլևս գոյություն չի ունենա: Գ. Ջհանգիրյանն ասել էր նաև, որ ՍԴ-ն գործն այլևս չի քննի, բայց եթե անգամ քննի, կքննի լրիվ այլ կազմով:

Փաստաբանը պնդեց, որ ՀՀ ողջ արդարադատությունը, դատական ռեֆորմները և ամեն բան ծառայեցվի մի նպատակի՝ Ռ. Քոչարյանը կալանավորվի: «Որևէ օրինական հիմք չկա՝ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու համար»,- ամփոփեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին