Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել «Լիդիան» ընկերության և Հայաստանի կառավարության միջև: Խոսքը Ամուլսարի հանքավայրի խնդրի մասին է, որի պատմությունն արդեն բավական հայտնի է և ծավալվում է թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի ամիս: Բնապահպանները և հարակից համայնքների բնակիչները փակ են պահում հանքի ճանապարհները: «Լիդիան» ընկերությունն օրերս հայտարարեց Հայաստանի կառավարության հետ ունեցած վեճի մասին՝ հայտնելով, որ դիտարկում է միջազգային դատարան դիմելու հարցը: «Լիդիանը» միաժամանակ նշում էր, որ դեռևս պատրաստ է քննարկել և գալ, այսպես ասած, արտադատարանական համաձայնության:
Հայաստանի կառավարությունը վաղուց հայտարարել է, որ կարիք կա միջազգային անկախ փորձաքննության՝ որոշում կայացնելու համար՝ հանքը պետք է շահագործվի՞, թե՞ կան վտանգներ ջրային ավազանի համար: Իրավիճակը արդեն ամիսներ շարունակ առկախված է օդում և փաստորեն կարող է վերածել Հայաստանի դեմ միջազգային տնտեսական արբիտրաժի, ինչը ցանկալի չէ, մի կողմից՝ խոշոր տուգանքների պատճառով, մյուս կողմից՝ ներդրումային իմիջի: Տուգանքի պարագան իհարկե այն դեպքում, եթե «Լիդիանը» հաղթի դատը՝ ապացուցելով, որ իր աշխատանքը արգելափակել են անհիմն, իսկ եթե հաղթի կառավարությունը, բնականաբար չի լինի տուգանք: Սակայն բոլոր դեպքերում ներդրումային վարկանիշի հարցը կառաջանա, քանի որ որևէ կառավարության, հատկապես տնտեսական ներդրումային գրավչության խնդիր ունեցող երկրի կառավարության համար անցանկալի է դառնալ խոշոր միջազգային ընկերության հետ դատական գործընթացի մասնակից:
«Լիդիանի» նախագիծը Հայաստանում մինչ այժմ եղած խոշորագույն արևմտյան ներդրումն է՝ մոտ 400 միլիոն դոլար, որը, սակայն, փաստորեն մնացել է կիսատ: Նախագծի հանդեպ ԱՄՆ-ը միշտ ցուցաբերել է ուշադրություն, այս ամիսներին հարցը բարձրացրել մի քանի անգամ, սակայն փաստորեն առաջին անգամ է հայտարարում, որ պատրաստ է լինել միջնորդ:
Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչում է նոր դեսպանի պաշտոնամուտից օրեր անց՝ իհարկե «Մեդիամաքս» գործակալության հարցմանն ի պատասխան: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոր դեսպանը ավելի ինտենսիվ է զբաղվելու արևմտյան այդ խոշոր ներդրման ճակատագրով, թե՞ իրավիճակը հասել է հակասական մի կետի, երբ Նահանգները արդեն տեսնում է ավելի աշխույժ միջամտության անհրաժեշտություն, որպեսզի հարցը կա՛մ չհայտնվի փակուղում, կա՛մ դուրս գա այնտեղից առանց դատական վեճի, ինչը անկասկած կհարվածի թե՛ ներդրողին, թե՛ Հայաստանին:
Ընդ որում, այստեղ միաժամանակ կա հարցի մեկ այլ կարևորագույն կողմը՝ հայ-ամերիկյան հարաբերությունը: Այսինքն՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատան միջնորդությունը պայմանավորված է զուտ արևմտյան խոշոր ներդրողի և Հայաստանի կառավարության հարաբերությունը փրկելու խնդրով, թե՞ ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերության, որի հարցում կարող է նշանակություն ունենալ «Լիդիանի» առումով կառավարության որոշումը: Հասկանալի է, որ խոսքը չի կարող լինել հայ-ամերիկյան հարաբերության արգելակման մասին, սակայն խնդիրը կարող է լուրջ սեպ լինել այդ հարաբերության հեռանկարի մեջ, այդ թվում՝ քաղաքական իմաստով: Ի վերջո, խոշոր ներդրումները նաև խոշոր քաղաքականություն են: