211652_close_icon
views-count1087 դիտում article-date 21:31 07-01-2022

ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։

Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը:

Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։

ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։

Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև:

Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր