News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանյան բուհերը տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց մարկետինգային քաղաքականությանը եւ բրենդինգին, որը շատ կարեւոր է եւ նպաստում է  բուհի միջազգայնացման գործընթացին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովում նշել է Կրթության եւ գիտության նախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Կրթության եւ գիտության նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին է, որը, ցավոք, այսօր զբաղված է միկրոմենեջմենթով, որն իրականում բուհերի ներքին խնդիրն է:

«Այդ պատճառով  «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո պետք է կտրուկ բարձրանա բուհերի ինքնավարությունը եւ կրճատվի պետության մասնակցությունը:

Մեկ այլ խնդիր եւս, որը վնասել է բարձրագույն կրթության ողջ ոլորտի հեղինակությանը եւ իջեցրել ընդհանուր վստահելիությունը, որոշ մասնավոր բուհերի անբարեխիղճ գործունեությունն է: Այսուհետ  մենք  բավականին խիստ ենք լինելու այս հարցում, եւ յուրաքանչյուր խախտում արժանանալու է գնահատականի՝ ընդհուպ մինչեւ այդ բուհի լիցենզիայի գործունեության կասեցում»,-նշել է նախարարի տեղեկալը՝ իր ելույթում կարեւորելով նաեւ օտարալեզու կրթական ծրագրերի մշակման եւ դրանց տեսանելիության ապահովման խնդիրը՝ արտերկի ուսանողների համար հնարավորինս մատչելի դարձնելու տեսանկյունից:

Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ բուհերի որոշակի վարկանիշավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մրցակցության խրախուսումը կբերի նաեւ հավելյալ ֆինանսավորում: «Հաճախ բուհերը դժգոհում են հանրակացարանային խնդիրներից, սակայն, իմ կարծիքով՝ այն ամենահեշտ լուծելի հարցերից է՝ մասնավոր հատվածի հետ պայմանագիր կնքելու միջոցով: Այսինքն՝ ցանկություն, համապատասխան ջանք ու եռանդ ներդնելու արդյունքում բոլոր խնդիրները լուծելի են: Նախարարությունն իր կողմից կանի հնարավորը՝ աջակցելու բուհերին, իսկ մնացած հարցերում բուհերն ինքնուրույն պետք է գործեն՝ հասնելու առավելագույն արդյունքի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հետաքրքիր եւ արդյունավետ քննարկում:

Նշենք, որ ERASMUS+ BOOST ծրագրի նպատակն է նպաստել եւ խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային եւ ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ եւ գործիքակազմ: Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման եւ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների եւ վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի եւ Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի եւ խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ