Օր երկրորդ...
Մայիսի 14-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկման հարցը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց նախորդ օրը դատավորին բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը, և նիստը ընթացավ մինչև ժամը 17.45: Փաստաբան Հայկ Ալումյանը կշարունակի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելուն ուղղված փաստարկների ներկայացումը մայիսի 15-ին ժամը 13.30-ին նշանակված նիստում:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը ընթերցեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանիև նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորական նամակը: Քանի որ երաշխավորության քննության ժամանակ երաշխավորների ներկայությունը դատարանում պարտադիր է, որոշվեց միջնորդությունը քննել երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ կներկայանան դատարան։ Նշենք, որ նամակը գրված էր 11.05.2019թ. և պետք չէ շփոթել Մայիսի 9-ի Եռատոնին պարոն Քոչարյանի մասնակցության խնդրանքով գլխավոր դատախազին ուղղված նամակի հետ: Պատերազմի հաղթանակը միասին չնշեցին, բայց դատարանի դահլիճում իրենց միասնությունը կհաստատեն Արցախի երեք նախագահները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս հեղհեղուկ ֆոնին սա շատ սիմվոլիկ նշանակություն ունի: Սպասենք նրանց գալուստին... ղարաբաղցիների բնավորությունն իմանալով՝ սկսած գործը հաստատ կիսատ չեն թողնի:
Հատկապես դատախազների ելույթներից ելնելով, երբեմն կարող էր տպավորություն ստեղծվել, թե պաշտպանները շեղվում են բուն թեմայից՝ խափանման միջոցի հետ կապված հարցերից դուրս այլ հարցեր ներկայացնելով: Սակայն այդ մակերեսային «տահոգությունը» բախվում է Հայաստանի լավագույն փաստաբանների մասնագիտական խորագիտությանը, ովքեր գիտեն իրենց ամեն բառի արժեքը: Մի քանի դրվագներով նրանք դատարանին ապացուցում են , որ նախաքննությունը կատարվել է կոպիտ խախտումներով: Սահմանադրական դատարանի դատավորներին որպես վկաներ դատակոչելու հարցում իր կարծիքը հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որ պետք է նրանք անպայման հարցաքննվեն դատարանում, քանի որ գործում այս դրվագով նույնպես «սպիտակ էջեր» շատ կան:
Այսօրվա նիստին ներկա էին նաև մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք, չնայած նրանց շահերի ներկայացուցիչները շատ լավ գիտեին, որ բացառվում է ակնարկ անգամ այդ դրվագով... Բաց դատավարություն է, և իրենց իրավունքն է ներկա գտնվել... եթե միայն դա դարձյալ շահարկման առարկա չի դարձվում ուրիշների կողմից:
Մայիսի 14-ին դատարանի դահլիճից դուրս լարված իրավիճակը սկսվեց առավոտյան 10.30-ից: Կանխատեսելի էր, որ կհավաքվեին ավելի բարձր գոռացող և աղմուկ-աղաղակ ապահովող հաստիքային ակտիվիստներ... բայց անգամ իրենցից սպասելի չէր, որ իրենց շարքերը կհամալրեին դպրոցահասակ երեխաներով: Կայքերում տարածված լուսանկարներից պարզ երևում են դասից փախած դեռահասներ դպրոցական պայուսակներով: Ամենից ճնշող տպավորությունը «Ցմահ» մակագրությամբ պլակատը վեր պարզած 10-12 երեխան էր... Մանկապղծությունն էլ ո՞նց է լինում, հոգեորսությունը էլ ո՞նց է լինում: Բարոյապես էնքան սնակացա՞ծ են արդեն, որ մարդաքանակ ցույց տալու համար պատրաստ են վաղն էլ մակապարտեզից երեխաներ կբերեն: Հիշո՞ւմ եք, ոնց էր Փաշինյանը եվրոպական ամբիոնից պարծենում, որ «թավշյա հեղափոխությունն» արել են երեխաները, հետո փողոց են դուրս եկել նրանց քույր-եղբայրները, հետո ծնողները, հետո տատ-պապերը... Իսկ հիշո՞ւմ եք, որ նախկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չդիմացավ դեռևս վարչապետացուի՝ երեխաներին փողոց հանելու հարցում բացահայտ ցինիզմին և դուրս եկավ դահլիճից: Հասա՛նք սրան, որ երեխայի ձեռքում ցուցանակ է «Ցմահ» բառով, որի իմաստը նա մի քանի տարի հետո էլ չի հասկանալու: Թողեք երեխաներն իրենց մանկությունը վայելեն, ա՛յ սրբապիղծներ...
Մարտի 1-ի գործով մայիսի 14-ի նիստը պատմության մեջ մնալու է այս երեխաների նկարներով (ամո՛թ)և Արցախի նախագահների միասնության փաստով (փառք ու պատիվ իրենց):
Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս