Բաժիններ՝

Շաբաթվա ֆիլմը. «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի»-ն՝ որպես անհարմարվողականության ցուցիչ

Անգամ հին, մաշված ու ճամփեզրին գտնվելու պատճառով ավտոմեքենաների արտանետումներից վերջնականապես ուժը կորցրած վահանակները վստահաբար ինչ-որ բան ազդանշում են: Այդպես է նաև «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում: Առաջին տեսարանում ազդավահանակներն էկրանին հայտնվում են Ռենե Ֆլեմինգի կատարմամբ «The Last Rose of Summer» երգի («Մարթա, կամ Ռիչմոնդյան տոնավաճառ», ռոմանտիկ-կատակերգական օպերա (1847) չորս գործողությամբ, ակտ երկրորդ (Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով, Ռենե Ֆլեմինգ, Ջեֆրի Թեյթ և Անգլիայի կամերային նվագախումբ)) ուղեկցությամբ: Թվում է, թե ազդավահանակները խաղի մեջ են մտնելու մի փոքր ավելի ուշ, բայց դրանք արդեն սկսել են հյուսել նարատիվը՝ հիշեցնելով, որ արժե, ինչ-որ բան կանգնեցնել: 

Բացի այդ, որքան էլ դյութիչ ու էսկապիզմի դրդող լինի ամերիկացի օպերային երգչուհի, քնարերգական սոպրանո Ռենե Ֆլեմինգի ձայնը, երգի հիմքում ընկած է իռլանդացի պոետ Թոմաս Մուրի բանաստեղծությունը, որը, ինչպես հետագայում կպարզվի, ընդհանուր աղերսներ ունի ֆիլմի սյուժետական կմախքի հետ, որը դյութիչ է իր մարդկային հողայնությամբ:

https://www.youtube.com/watch?v=6gkgil1j0N8

Թոմաս Մուրի բանաստեղծությունը, որի հայերեն թարգմանությունը, ցավոք սրտի, երկար փնտրտուքների արդյունքում հայտնաբերել այդպես էլ չհաջողվեց, և դա է պատճառը, որ ստորև ներկայացված է բանաստեղծության օրիգինալ տարբերակը և ռուսերեն թարգմանությունը, պատմում է միայնության մեջ ծաղկող ամռան վերջին վարդի մասին, ում հեղինակը դիմելիս ասես խոստում է տալիս՝ նրան չլքել միայնության մեջ չորանալու: Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի համար այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարող «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի գլխավոր հերոսուհին էլ հոգ է տանում իր մահացած դստեր շարունակվող ճակատագրի մասին, ինչպես բանաստեղծության հերոսը, այնպես էլ ֆիլմի հերոսուհին, պատրաստ է հետևել իր վարդին, նույնիսկ, երբ բոլոր «ընկերները» երես թեքեն: Կարող եք երաժշտությանը զուգահեռ՝ ընթերցել բանաստեղծությունը, իսկ հետո ընկղմվենք սյուժետային նրբերանգների մեջ: 

Կարդացեք նաև

Իռլանդական ծագման կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դրամատուրգ Մարտին ՄաքԴոնահի դրամատիկ ֆիլմը պատմում է Միլդրեյդ Հեյսի (Ֆրենսիս ՄաքԴորմանդ) և իր անհարմարվողականության ցուցիչների՝ ազդավահանակների մասին: Միլդրեդի դստեր մահվանից 7 ամիս անց հանցագործներն այդպես էլ չեն հայտնաբերվել: Հուսահատ կինը որոշում է խիզախ քայլի գնալ՝ տեղի ոստիկանությանը «տեղից շարժելու» համար: Նա վարձակալում է քաղաքի մուտքի մոտ գտնվող վերը նշված երեք ազդավահանակները և դրանց պատառոտված պատկերները փոխարինում է նոր ուղերձներով՝ «Բռնաբարության է ենթարկվել մահանալիս», «Եվ դեռևս ոչ մի ձերբակալությո՞ւն», «Ինչպե՞ս է այդպես ստացվում, պետ Վիլոուբի»: 

Շերիֆ Բիլլի Վիլոուբիի (Վուդի Հարելսոն) անվան հիշատակումը վահանակների վրա շատ ավելի համակարգային է, քան անձնավորված: «Նա է գլխավորը», «Ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա». ահա թե ինչպես է մեկնաբանում Վիլոուբիի անվան ընտրությունը Միլդրեյդ Հեյսը: Սակայն հասարակությունն անձնավորում է նրա «մեղադրանքը» և իր աջակցությունն է ցուցաբերում Վիլոուբիին՝ ամբողջովին հակադրվելով Միլդրեյդին:

Այս կոնտեքստում տեղին է մտաբերել ամերիկացի լեզվաբան, ճանաչողական գիտնական, պատմաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկուն, ով 1992 թվականին իր հարցազրույցներից մեկի ժամանակ դիտարկում է կատարել, համաձայն որի՝ մարդկանց համար կյանքի գլխավոր արժեքը ներդաշնակության նման գեղեցիկ արժեք ունենալն է: Նշենք, որ Չոմսկին մարդկանց հարմարվողականությունը և ներդաշնակության ձգտումը կապում էր տեղեկատվամիջոցների ուղարկած հաղորդագրությունների ազդեցությունների հետ, բայց տեսաբանի մտքի ապացույցը կա նաև «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում, որտեղ համակարգին դեմ գնացող մի կինն իր ազդավահանակներով բարոյական խուճապի է մատնում հասարակությանը՝ սկսած հոգևորականից, ով փորձում է համոզել Միլդրեդին վերացնել ազդավահանակները՝ ի պատասխան՝ կնոջից լսելով. «Ըմպեք Ձեր թեյը և գնացեք գրողի ծոցը իմ խոհանոցից», մինչև ատամնաբույժ, ով հանուն իր քաղաքի հանգիստ կյանքը և Վիլոուբիի անվան շուրջ ստեղծված աղմուկի լռեցման՝ պատրաստ է բռնություն գործադրել:

Բայց ֆիլմում, այնուամենայնիվ, բռնության գլխավոր հովանավորը «մայրիկի տղա» սպա Ջեյսոն Դիքսոնն (Սեմ Ռոքուել) է, ում ֆիլմում դոմինանտ դեր գրավելուց հետո Միլդրեդի և քաղաքային իշխանությունների միջև պայքարն ավելի խորանում է: Չզարմանաք, որ, չնայած իր ագրեսիվ վարքին, ռասիստական մոտեցմանը և նյարդային աշխատաոճին, սպա Դիքսոնը կդառնա Ձեր սիրելի պերսոնաժներից մեկը: Սակայն վերոնշյալ կերպարը մարմնավորած խարիզմատիկ դերասան Սեմ Ռոքուելն ինքը չի գերագնահատում իր կերպարի՝ դեպի իրեն հանդիսատեսին գրավելու ընդունակությունները.

«Ես այդպես չեմ կարծում: Ֆրենսիս ՄաքԴորմանդն ունի շատ կարևոր և մեծ դեր: Իսկ Վուդի Հարելսոնը մեր Քրիստոսն է, առանց նրա մեր պատմությունը գոյություն չէր ունենա: Բացի այդ, սա ֆիլմ-պատրանք է, այն մշտապես խաբում է հանդիսատեսին, բայց լավ իմաստով. Ձեզ թվում է, թե պատմությունը զարգանալու է մեկ ուղղությամբ, բայց այն փախչում է մյուս կողմ: Իսկ էլ ինչպե՞ս: Այլ կերպ ձանձրալի է: Պետք է զարմացնել և զարմացնել»,- «КиноПоиск»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է դերասանը: 

Ֆիլմի սյուժետային հանգուցալուծումից կխուսափեմ՝ մի մեծ ու յուղոտ սփոյլեր չանելու համար, բայց մի հետաքրքրական նյուանս կա, որի մասին նշելն ավելորդ չեմ համարում: Ֆիլմում, ի վերջո, միակը, ով համարձակվում է ինչ-որ խնդրի մասին բարձրաձայնել, կին է՝ շրջապատված տղամարդկանց երկար շարանով՝ որդին, նախկին ամուսինը, ոստիկանները՝ Վիլոուբիի և Դիքսոնի գլխավորությամբ, գովազդային գործակալության աշխատակիցը, քահանան, ատամնաբույժը, ազդավահանակների վրա պաստառներ փակցնողները և, ի վերջո, հանցագործները, որոնք դեռ չեն հայտնաբերվել: Ռեժիսորի կողմից սա կարծրատիպեր կոտրելու հանձնառություն է, որը փայլուն կերպով կառուցել և կինոսերին է մատուցել ամերիկացի դերասանուհի, «Օսկար», «Էմմի» և «Տոնի» մրցանակների դափնեկիր Ֆրենսիս ՄաքԴորմանդը: Ֆիլմում նաև երևան է հանվում բռնաբարությունների թեման, որը վերջին շրջանում Հոլիվուդում քննարկվող թեմաների թոփում է, որի արդյունքում էլ հոլիվուդյան սելեբրիթիների կողմից հիմնադրվել է Time’s Up շարժումը՝ ընդդեմ սեռական ոտնձգությունների:

Բացի դերասանական փայլուն խաղից, գրագետ սցենարից, վեր հանվող գաղափարաբանությունից, Մարտին ՄաքԴոնահի ֆիլմի շահեկան կողմերից է նաև վերջաբանը, որը, ինչպես ոչ միշտ է հանդիպում, հիասթափեցնող չէ և չի կոտրում այն մթնոլորտը, որը ստեղծվել է ֆիլմի ընթացքում:

Այսքանից հետո, թերևս, մնում է բարի դիտում մաղթել, տեքստի վերջում տեղադրել հղումը, որն այցելելով՝ կարող եք վայելել շարժվող պատկերների հերթափոխը:

Ներկայանա՞լ: Սովորաբար սկզբում են ներկայանում, բացատրում՝ ինչն ինչից հետո է, բայց կանոնակարգը մի փոքր խախտելը դեռ ոչ ոքի չի վնասել: 168.am-ը նոր կինեմատոգրաֆիական շարք է մեկնարկում՝ ամեն շաբաթ իր ընթերցողին ներկայացնելով ժամանակ և տարածություն չճանաչող մի ֆիլմ, որոնցից առաջինի review-ին, ինչպես ընդունված է ասել, դուք հենց նոր ծանոթացաք:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս