▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու այդ դահլիճը սարքեցիր եկեղեցի. Արտաշ Ասատրյանը՝ որդու և նրա՝ Alex կինոթատրոնում կայացած մենահամերգի մասին

 

 

Ապրիլի 8- ին ԱՄՆ-ի Alex կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում հայերը հույզերի ու վայելքների գագաթնակետն էին ճաշակում: Պատանի երգիչ Գրիշա Ասատրյանը բարձր հարթակում էր`բեմական արտիստիկ կեցվածք, ջինջ ու աստվածատուր ձայն, ներքին կուլտուրա և հանդիսատեսին գրավելու շնորհ. այս ամենին գումարվել էր հայտնի երաժիշտների նվագախումբը, պարախումբն ու տեխնիկական սպասարկող անձնակազմ` ամեն ինչ հանդիսատեսին գերագույն հաճույք պատճառելու համար:

Մինչ մենահամերգը Գրիշան Երևանում էր, «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի ղեկավար, երգիչ, երգահան Մխիթար Քեթցյանը ժողովրդական երգի գոհարները իրենց ամբողջ հնչերանգային հարստությամբ ուսուցանում էր իր սանին: Ժամեր տևող վոկալի դասեր, գրագետ խոսք, կատարողական փայլուն արվեստ: Նա մենահամերգին նաև ցուցադրեց բացառիկ լսողություն ունենալու կարողությունը:

 

 

 

 

Ջութակահար Գրիշան երկու տարի առաջ արդեն իսկ մենահամերգով հանդես էր եկել Երևանում: Ջութակին տիրապետող պրոֆեսոր երաժիշտներն արտահայտվել էին` հաստատելով, որ երեխան արվեստի այս ճյուղում նույնպես անգերազանցելի է: Մենահամերգի ավարտին հանդիսատեսն այն կրկնելու պահանջ է ներկայացրել: Երջանկահիշատակ Արամ Ասատրյանի հոգին կփառավորվեր տեսնելով Գրիշայի ելույթը աշխարհի գերհզոր երկրներից մեկում:

Արտաշ և Աննա Ասատրյաններն իրենց որդուն այլևս հանձնել են հասարակությանը: Նա արդեն իսկ պատկանում է ժողովրդին և ունի առաքելություն` ժողովրդական, աշուղական, կոմպոզիտրական երգերը տարածելու աշխարհով մեկ:

Արտաշ Ասատրյանն իր հերթին, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով որդուն և վերջինիս հաջողությանը, հետևյալ գրառումն է կատարել.

«Գրիշա ջան, տղես, դու Աստծո տված պարգև ես, և վստահ եմ` նա պահապան կլինի քեզ: Այսօր ամեն մի հայ դողում է քեզ վրա, բալես: Դու կանգնած ես բեմի վրա` վերցնելով և ապրելով քո հետևում գտնվող երաժշտախումբը և առջևում լեցուն դահլիճը: Բոլորը քոնն էին, դու` բոլորինը: Չեմ հիշում այդպիսի դահլիճ: Դու քո խոսքի մեջ կատարյալ հասուն, գրագետ տղամարդ ես` զգոն, սթափ տրամաբանությամբ` խոսքի և վարույթի մեծ կուլտուրա ունեցող: Իսկ քո այդ երգը՛ գերեց բոլորին: Ունկնդրի համար կյանքի բոլոր ապրումները վերացել էին, միայն դու էիր կյանքը, քո անթերի կատարումով, սոխակային խաղիկներով, քո զուլալ ջերմությամբ, երգը քեզ էր ծնել, դու` երգին: Հայտարարվում էր երգերի հեղինակներին, հարգանքներս նրանց, բայց կարծես այն դու էիր ստեղծել: Իմ անկրկնելի Աստծո զավակ, տիրեցիր ամբողջ դահլիճը, չգիտեմ`ինչ թևերով իջար բեմից, դահլիճը խռնվել էր, մարդիկ հպվում էին քեզ` որպես մասունքի, որպես նշխարհքի:Կարծես ով կարողացավ քեզ գրկել, սրբացել էին: Դու այդ դահլիճը սարքեցիր եկեղեցի, որ յուրաքանչյուրը խնդրում էին քո ապագայի ապահովումը: Դու շատերիս կյանքի կոչ արեցիր:

Մի գեղեցիկ միտք ասեցիր. «Կուզեմ համերգ տամ այս դահլիճում, բայց դատարկ լինի, որ բոլորդ գնացած լինեք Հայրենիք»:

Իմ անգին հայորդի, մենք էլ ենք մեզ այնտեղ զգում, բայց այստեղից պահպանում ենք մեր Հայրենիքը: Շնորհակալ եմ քո հայրենասիրության համար, քո երգի համար, քեզ համար: Ափսոս չկարաղացա ես էլ գրկեի քեզ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին