Վիեննայի պայմանավորվածությունները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովում

Հուլիսի 8-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովը կքննարկի կոնգրեսական Ջուդի Չուի նախագիծը, որը, ըստ էության, կրկնում է Վիեննայի պայմանավորվածությունները՝ արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դիտարկման սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվի ավելացում, առաջնագծից դիպուկահարների, ծանր ռազմատեխնիկայի և ժամանակակից սպառազինության հետքաշում: Փաստաթուղթն առաջարկվել է 2020թ. համար:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սա, իհարկե, ԱՄՆ Պետդեպարտամենտի դիրքորոշումը չէ, այլ Կոնգրեսի դիրքորոշումն է և պայմանավորված է հայկական լոբբիստների ակտիվ աշխատանքով:

«Առաջին անգամ չէ, որ այս նախագիծը մտնում է Կոնգրեսի օրակարգ: 2015 թ.-ին կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը Սպիտակ տանն էին դիմել նմանատիպ առաջարկով, որ նույն տրամաբանության ներքո էր գտնվում, և սա նույն նախաձեռնության շարունակությունն է: Պետք է, որ ընթացքը նորմալ լինի: Սպասենք, տեսնենք, թե ինչ պրոցես տեղի կունենա»,- ասաց Ս.Սարգսյանը:

Ըստ նրա՝ սա որևէ կերպ չի խոչընդոտում կամ հակասում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որևէ խնդիր չկա, և շատ դրական է ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի շփման գծում կայունությանը. «Սա լրացուցիչ ճնշում կլինի ԱՄՆ ադմինիստրացիայի վրա, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն խնդրին»:

Ս.Սարգսյանը նշեց, որ այս օրինագիծը միայն լոբբիստների աշխատանքի արդյունքն է. «Սա ԱՄՆ արտաքին քաղաքականությամբ պայմանավորված չէ, որևէ աղերս չունի այն գծի հետ, որ որդեգրել է Սպիտակ տունը: Շնորհակալություն պետք է հայտնել լոբբիստներին, և նույնը կարելի է ասել 40 մլն դոլարի մասին, որ հատկացրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, և որը նույնպես լոբբիստների աշխատանքի արդյունքն է»:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների համոզիչ՝ 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Սփիրի՝ 2020 ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար հատկացնելու առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս