HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարահանման ելքերի բացակայություն և այլ խախտումներ հանրային օբյեկտներում. ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացնում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Տեսչության կողմից միայն Երևանում իրականացվել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևան»-ը և այլն:

Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածն են՝ տարահանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը, խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ, ինչպես նաև՝ ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը:

«ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր»,- տեղեկացնում է նախարարությունը՝ հորդորելով տնտեսվարողներին զգոն լինել և ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու կանոնները՝ համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter