Մատչելիության հղումներ

«Տնտեսական, դատական ոլորտներում դրական տեղաշարժ չկա». ինչ է փոխվել Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու տարի անց


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու տարի անց էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է պատերազմել նախկինների ուրվականների դեմ, այնինչ ամբողջությամբ պետք է լծված լինեին Հայաստանի խնդիրների լուծմանը։

«Տպավորություն է, թե մենք դեռ դուրս չենք գալիս հեղափոխական շոկից։ Ամեն օր անընդհատ չի կարելի մարդկանց կերակրել հեղափոխական ինչ-որ պոպ-կորնով», - ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա կարծիքով, թղթի վրա մնաց տնտեսական հեղափոխությունը։ Զոհրաբյանն այս ուղղությամբ քայլեր չի նկատել․ - «Որովհետև այն մեկնակետերը, որոնք տրվում էին տնտեսական հեղափոխության համար, դրանք ուղղակի հռչակագրային էին, և հասկանալի էր, որ դրանք իրականանալի չեն։ Ես չեմ տեսնում քաղաքացու կեցության մեջ որևէ փոփոխություն»։

Բարեփոխումներից նա առանձնացնում է ճանապարհաշինությունը և համակարգային կոռուպցիայի գլխատումը․ - «Հիմա միջին և ցածր օղակներում, որ նախկինում շաբաշի նման առևտուր էր գնում, կարծես թե, էդ կադաստրներ, հարկայիններ և այլն, կարծես թե էդ ամենը․․․ համենայն դեպս տեսանի չէ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին չի գոհացրել հեղափոխական քայլերի տեմպը։ Նրա խոսքով, երկու տարին քիչ չէր դատական համակարգն առողջացնելու համար․ - «Երկու տարին բավարար էր, որ, օրինակ, նոր Հարկային օրենսգիրք ընդունենք, որ Սահմանադրություն ընդունենք, դատական համակարգի վեթինգ անենք։ Երկու տարին բավարար էր, որ էն հայտարարված գողացված փողեր, թալան, չգիտեմ ինչ, էդ էղածը հետ բերվեր։ Շարունակում ենք ունենալ դատական համակարգ, որը գործադիր իշխանության կցորդն է։ Շարունակում ենք ունենալ իբր խորհրդարանական կառավարում, որտեղ խորհրդարանը չունի լծակներ և մեխանիզմներ և գերհզոր գործադիր իշխանության, ըստ էության, դակիչն է դարձել։ Այսինքն՝ այն, ինչ որ եղել է, հիմա նոր մարդկանցով է նույն բանը շարունակվում»։

Ընդդիմադիր Մարուքյանը չի ժխտում, որ դրական փոփոխություններ շատ կան, թեև դրանք թվարկել չցանկացավ․ - «Հեղափոխության արդյունքում բազմաթիվ դրական հնարավորություններ են բացվել։ Այդ հնարարությունները օգտագործելու համար պետք էր և պետք է կոմպետենտ թիմ, բանիմաց, գիտակ մարդկանց խումբ, ովքեր ոչ թե ինքնահաստատման մոլուցքով են տառապում, այլ կոնկրետ գործողություններ են անում, գործում են ի շահ պետության և ժողովրդի»։

Ազգային ժողովի փոխնախագահի կարծիքով, տասնամյակների ընթացքում քայքայված դատական համակարգն առողջացնելու համար երկու տարին քիչ է՝ կոշտ հակադարձելով երբեմնի դաշնակցին։ Այնուամենայնիվ, կա բան, որի համար երկու տարին բավարար եղել է․ - «Երկու տարին օրինակ, բավարար էր, օրինակ, հասկանալ, թե քաղաքական դաշտում ով է Էդմոն Մարուքյանը․․․ գնահատականը մեր քաղաքացիները, կարծում եմ, կտան հաջորդ ընտրություններին և հիմա էլ այդ գնահատականը տալիս են։ Կարծիքը միանշանակ բացասական է»։

Ինչ վերաբերում է նախկինների ուրվականների դեմ մղվող պայքարին, Ալեն Սիմոնյանը դա անխուսափելի է համարում՝ նշելով, թե գնալ նախկինների ավերակների հետևից ու չհիշել նրանց, հնարավոր չէ․ - «Երբ որ այդ մարդիկ երեսները կորցրած դուրս են գալիս և անմեղ սրբի դեմքի արտահայտությունով փորձում են ինչ-որ բաներ խոսալ, իրենց պատասխանը միանշանակ տրվել է ու տրվելու է։ Եվ դա քաղաքական պրոցեսի մի մաս է»։

Համաժողովրդական ընդվզման արդյունքում երկու տարի առաջ այս օրը հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանն այժմ ամբաստանյալի աթոռին է, ազատազրկված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ճաղերի հետևում կամ մեղադրյալի կարգավիճակում են նախկին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ։

Սա հեղափոխությունից հետո է արձանագրվել, բայց, ըստ Ալեն Սիմոնյանի, իշխանության գլխավոր ձեռքբերումը չէ․ - «Մեր գլխավոր արածը այն է, որ նման բաներ երբևիցե չի կրկնվելու։ Մեր գլխավոր արածը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ են ազատությունը, արժանապատվությունը մարդկանց, որ ընտրությունները չեն կեղծվում, որ չինովնիկները օլիգարծներ երկու տարում այնուամենայնիվ չդառան։ Բացթողումներ ես կարող եմ նշել միայն գործողությունների արագության խնդիրը, որը իրականում ունի օբյեկտիվ պատճառներ․ դա ծավալն է և իրականության շատ ավելի վատ լինելը, քան մենք մինչև հեղափոխությունը ասում ու պատկերացնում էինք»։

Հեղափոխական իշխանությունից մեծ հիասթափություն է արձանագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին խոսեց օրեր առաջ Ֆեյսբուքով։ Նրա պատկերացմամբ, իր գլխավորած իշխանությունից հիասթափված են նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորները, օլիգարխիան, ընտրակեղծարար կրիմինալը, կոռուպցիոներները, այն քաղաքական ուժերը, որոնց ապագան կապված էր Սերժ Սարգսյանի իշխանության հետ, արևմտամետներն ու ռուսամետները։ Վարչապետի ցանկում տեղ են գտել նաև հոգևորականներն ու սփյուռքյան կառույցները։ Մոտ 30 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի ղեկավարի ցանկում սոցիալական շերտեր տեղ չեն գտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG