«Օրենքն ընդունելով՝ կկարողանան լռեցնել ընդդիմության, ընդդիմադիր լրատվամիջոցների ձայնը». Քաղտեխնոլոգը՝ պաշտոնյաներին վիրավորելը քրեականացնելու նախագծի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը:

Այսինքն՝ նախագիծն օրենք դառնալուց հետո, պաշտոնատար անձանց վիրավորելու կամ նրա աշխատանքին խոչընդոտելու համար մարդը կենթարկվի տուգանքի կամ կկալանավորվի։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով պատգամավորի օրենքի նախագծին՝ նշեց, որ Ռուսաստանում նմանատիպ օրենք արդեն ընդունվել է, սակայն նման օրենքի ընդունումը ժողովրդավարության սահմանափակմանն ուղղված քայլ է։

«Եթե այդպիսի օրենք են ցանկանում ընդունել, ապա այն իր հետևից բերելու է նաև այլ օրենքների ընդունման, այսինք՝ ընդունվելու է օրենքի փաթեթ, ըստ որի, օրինակ, պետք է սահմանափակեն նաև հանրահավաքների և երթերի թույլատրելիությունը, ինչպես որ այսօր կա Ռուսաստանում։ Եթե նման օրենք ընդունվի, ապա Հայաստանի իրավական ամբողջ դաշտը նույնականացվելու է ՌԴ-ի իրավական դաշտի հետ, որը ոչ ժողովրդավարական դաշտն է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով, եթե Հայաստանում ցանկանում են այդ նախագծերն իրականություն դարձնել, ապա խնդիրներ կառաջանան ԵԽԽՎ-ի և Եվրամիության հետ, քանի որ նրանց հետ ունեցած Հայաստանի պայմանագրերում և համաձայնագրերում ժողովրդավարացման և մարդու իրավունքների բարելավմանն ուղղված կան բազմաթիվ կետեր։ Ոստի պատգամավորի բերած նախագիծն ընդունելիս, Հայաստանը հակասության մեջ է մտնելու իր իսկ կողմից կնքած համաձայնագրի հետ։

«Ես դեռ հստակ չգիտեմ՝ սա պատգամավորի անձնակա՞ն, թե՞ իր անմիջական ղեկավարության նախաձեռնությունն է՝        հասկանալու համար, թե այն ինչ արձագանք կարող է ստանալ քաղհասարակության շրջանում, քանի որ այն անորոշ իրավական ձևակերպում ունի։ Փաստորեն, այդ օրենքն ընդունելով՝ կկարողանան լռեցնել ընդդիմության, ընդդիմադիր լրատվամիջոցների ու փորձագետների ձայնը»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա՝ օրենքն ընդունվելուց հետո քաղաքացին իր պահանջը կարող է ներկայացնել իր կողմից ընտրված իշխանությանը, բայց, եթե հայտարարի, որ իշխանությունը «ոչխար» է, քանի որ չի մտածում ժողովրդի մասին, պահանջը կգնահատեն՝ որպես վիրավորանք, և քաղաքացուն կա՛մ կկալանավորեն, կա՛մ բանտ կնստեցնեն։

Նա նաև նկատեց, որ նման օրենք ընդունելու կարիք Հայաստանում չկա։

«Հիմա սա ընդամենը նախագիծ է, դրել են շրջանառության մեջ և սպասում են հանրության արձագանքին, եթե արձագանք չեղավ կամ թույլ եղավ, բնականաբար, այն կդարձնեն օրենք, հակառակ պարագայում՝ օրենքը կյանքի չի կոչվի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս