Մատչելիության հղումներ

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը չի խաղաղվում


Քչերն են տեղյակ, որ վերջին 22 տարիներին Երևանում գործում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնը:

Այն հիմնադրվել է 1997 թվականին Պարարվեստի ուսումնարանի տարածքում նույն ուսումնարանի բազայի հիման վրա՝ որպես միջանկյալ օղակ Պարարվեստի ուսումնարանի և Օպերայի ու բալետի թատրոնի միջև, որպեսզի ուսանողները, բալետային արվեստի երիտասարդ ներկայացուցիչները մինչև մեծ բեմ դուրս գալը որոշակի փորձ և հմտություն ձեռք բերեն:

Թատրոնը ղեկավարելու համար այն ժամանակվա Մշակույթի նախարար Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ անվանի պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանն է հրավիրվում: Նա տարին մեկ-երկու բեմադրություն է ներկայացնում, բայց շուրջ 10 տարի այդպես էլ նույնիսկ նրան չի հաջողվում նորմալ պայմաններ ապահովել Խորեոգրաֆիայի թատրոնի և թատերախմբի գործունեության համար: Ուստի հեռանում է թատրոնից 2006 թվականին:

Նրան մեկը մյուսի հետևից հաջորդում են այլ ղեկավարներ, որոնցից վերջինը՝ Գայանե Կարապետյանը թատրոնը ղեկավարոււմ էր 2010 թվականից և անցյալ տարեվերջին Մշակույթի նախարարությունից տեղեկանում է, որ իր պայմանագիրը նախարարությունը կարող է և չերկարաձգվել։

Այսօր հրավիրած ասուլիսին նա շեշտում էր, որ ինքը մինչև այսօր չունի աշխատանքից ազատման հրամանը, նշում էր, թե տեղյակ չի եղել նաև, որ թատրոնի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել և որ ընդհանրապես նախարարությունը չի գործել օրենքով սահմանված կարգով:

«Ցանկացած քաղաքացի, երբ որ ազատվում է աշխատանքից, պարտավոր են պատշաճ կերպով ծանուցելու, տեղեկացնելու, որ ազատված եք աշխատանքից: Ես առ այս պահը Մշակույթի նախարարությունից չունեմ ազատման հրաման: Ես անգամ տեղեկացված չեմ եղել, որ ազատվել եմ աշխատանքից», - հայտարարեց Կարապետյանը:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն այսօր «Ազատության» հետ հարցազրույցում կտրականապես հերքեց թատրոնի արդեն նախկին տնօրենի այս հայտարարությունը՝ շեշտելով, որ նա ծանուցվել է պատշաճ կերպով․ - «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դեկտեմբերի 28-ին լրանում էր Գայանե Կարապետյանի պայմանագրի ավարտման ժամկետը, և նա այդ օրն իսկ ծանուցվել է պաշտոնապես մեր ներքին համակարգչային համակարգով: Սկզբունքորեն այդ ծանուցումն արդեն իսկ իրավական ուժ ունի: Բայց, միևնուն ժամանակ, մենք իրան ասեցինք՝ արի, որպեսզի կնիքը հանձնես․․․ Հրամանն էլ պատրաստ էր, ես ինքս եմ ստորագրել, որովհետև պաշտոնակատարը ես էի: Նա չներկայացավ այդ օրը»:

Ըստ թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի, ինքը Մշակույթի նախկին բոլոր նախարարներին տեղեկացրել է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում թատրոնը․ - «Մինչ ինձ թատրոնը բացվել է հայտնի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի համար, որը, ի դեպ, մինչև 2018 թվականի հունվար ամիսը համարվել է մեզ մոտ աշխատող, գեղարվեստական ղեկավար: Սակայն վերջին տարիներին բացարձակապես չի աշխատել: Մաքսիմ Մարտիրոսյանը մինչև 2018 թվականը աշխատավարձ է ստացել թատրոնից նախկին երկու նախարարների՝ Հասմիկ Պողոսյանի և Արմեն Ամիրյանի պարտադրանքով: Ես էլ, հարգելով նախարարի պարտադրանքը, հարգելով Մաքսիմ Մարտիրոսյանի ֆենոմենը ու վաստակը, լռակյաց մենք գնացել ենք դրան, ընդունել ենք դա, ու փորձել ենք մեր ստեղծագործական պրոցեսը աճեցնել»:

Բնականաբար հին բարքերն այլևս չէին կարող գործել նոր Հայաստանում, և նույնիսկ ամենանվանի արվեստագետներից մեկի ֆինանսական աջակցության համար ոչ ոք չի պատրաստվում թատրոն պահել:

Հիմա Մշակույթի նախարարությունը նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ ուզում է հասկանալ՝ ի վերջո կարո՞ղ է գործունեություն ծավալել այս թատրոնը որպես խորեոգրաֆիկ թատրոն, ինչպես պետականորեն նախատեսված է և ոչ թե մյուզիկլային թատրոն, ինչպես այն գործել է այս կամ այն չափով հիմնականում մարզերում վերջին տարիներին:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի փոխանցմամբ, թատրոնը տարեկան 25-33 մլն դրամ պետական սուբսիդիա է ստացել:

«Հենց դրա համար ենք որոշել չշարունակել պայմանագիրը տիկին Կարապետյանի հետ, նշանակել նոր ժամանակավոր պաշտոնակատար, որ ինքը վեց ամսվա ժամանակահատվածում պետք է մեզ զեկուցի՝ այս թատրոնը կարո՞ղ է վերականգնվել: Որովհետև թատրոնը իրոք հոգեվարքի մեջ է, կիսամեռ վիճակում է», - ասաց Ղարիբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG