Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը կպատմի նաև քուրդ զինյալների մասին
Ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի՝ կանանց թևի (YPJ) մասին, որոնք կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: «Էրմենիհաբեր»-ը, հղում անելով թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցին, գրում է, որ Աքինը իր «Instagram»-ի էջում ֆիլմի նկարահանման մասին ազդարարող լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է մի քուրդ կին զինյալ, իսկ վերջինիս լուսանկարի տակ գրված է. «Ճնշեք ԻՊ-ին. Աջակցեք ազատության համար կռվող YPG-ին և YPJ-ին: Պաշտպանեք Ժողովրդավարական հեղափոխությունը Ռոժավայում»:
Հիշեցնենք, որ Աքինը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի ռեժիսորն է: «Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորող մի քանի տարիների ընթացքում: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին: Ի վերջո նա գտնում է, սակայն աղջիկներից միայն մեկին: 15,5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել էին 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Պրեմիերան կայացել է 2015-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը ցուցադրվելու է ԱՄՆ-ում
- Թուրք ռեժիսոր. Պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է
- Ֆաթիհ Աքինը Մոսկվայում էլ է պատմել, թե ինչու է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով
- Կինոգետ. Թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմում պատմական սարսափելի եղելության մասշտաբը չի երևում
- «Ով ասել է, թե Հայոց ցեղասպանությունը հայտնի իրողություն չէ, ղալաթ է արել». Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքին
- Ֆաթիհ Աքին. «Կան թուրքեր, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»