«Անցումային արդարադատությունը այն է, որ նախկին իշխանությունները՝ դատարանները, քննչական, պետական մարմինները, մարդկանց իրավունքները մասսայական խախտել են՝ ելնելով իրենց քաղաքական հայացքներից». Նիկոլայ Բաղդասարյան

Անցումային արդարադատության, դրա դրույթների ու նպատակների մասին 168.am-ը զրուցել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ներկայումս՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ

– Դատարանն այսօր արդարադատություն իրականացնում է 5 ոլորտներում՝ վարչական, քաղաքացիական, քրեական, սնանկության, ավելացնենք նաև մինչդատական վարույթը։ Ո՞ր ճյուղից են դժգոհ իշխանությունները, ինչո՞ւ պետք է իրականացվի անցումային արդարադատություն, ի՞նչ խնդիրներ եք տեսնում առհասարակ։

– Անցումային արդարադատությունը ձեր ասածի հետ Հայաստանի Հանրապետության պարագայում որևէ կապ չունի։ Ավելի ճիշտ կլինի ձևակերպել հետևյալ կերպ՝ արդարադատությունը՝ անցումային շրջանում։ Սա վերաբերում է ոչ թե դատական, այլ արտադատական արդարադատությանը։ Երբ խախտվել են մարդկանց իրավունքները նախորդ իշխանության կողմից՝ պայմանավորված կառավարման ռեժիմով։ Նախորդ իշխանության կողմից եղել է «քվազի» արդարադատության կամ ձևական ժողովրդավարական, որոշ քաղաքագետների կարծիքով՝ ավտորիտար ռեժիմ, և այդ քրեաօլիգարխիկ ռեժիմի արդյունքում պետական ապարատը խախտել է մարդկանց իրավունքները, որպեսզի քչերը հարստանան, իսկ շատերը՝ աղքատանան, այսինքն՝ խլել է սեփականություն, գույք, դրամական միջոցներ, մարդկանց զրկել է ազատությունից, և դրա արդյունքում տեղի են ունեցել մարդկանց իրավունքների խախտումներ, և դրանց վերականգնումն իրականացվում է անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով։

– Հիմա արդեն նախորդ իշխանությունները չեն, նոր իշխանություն է եղել, կա քաղաքական կամք, և ձեր թվարկած գործողությունները մարդկանց խախտված իրավունքների վերականգնման մասով, մեր դատական համակարգը չի՞ կարող անել, որ դա պետք է լուծվի անցումային արդարադատության, Ձեր ասած՝ արտադատական եղանակով։

– Դա դատական համակարգը չպետք է անի. անցումային արդարադատության գործիքակազմը դատական համակարգի հետ կապ չունի։ Իմ մոտեցումն այն է, որ Կառավարությունը պետք է սահմանի այն զանգվածային խախտումները, որոնք տեղի են ունեցել նախորդ իշխանությունների ժամանակահատվածում, սահմանի այն անձանց շրջանակը, ոչ թե կոնկրետ անուններ, որոնց իրավունքները խախտվել են, որից հետո Ազգային ժողովում ընդունվեն անհրաժեշտ օրենքներ՝ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանվածությունն այն մակարդակի, որ բացառվեն այդ մասսայական խախտումները, ու մարդիկ անհրաժեշտություն չունենան դիմել դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Այսինքն՝ տվյալ դեպքում այնպիսի իրավական համակարգ է ձևավորվում, որ մարդը դատարան դիմելու և իրավունքները վերականգնելու խնդիր չունենա, հետևաբար՝ այստեղ դատարանը չպետք է գործառույթ իրականացնի, այլ օրենքով պետք է սահմանված լինի։ Եվ այդ օրենքներին պետք է տալ հետադարձ ուժ, որպեսզի անցումային արդարադատության շրջանում ձևավորված մարմիններն այդ օրենքների հիման վրա վերականգնեն այդ մարդկանց խախտված իրավունքները։ Անցումային արդարադատության տրամաբանությունն այն է, որ այդ գործերը չպետք է դատարան հասնեն։ Այն ոչ թե պատժողական, այլ վերականգնողական արդարադատություն է։

– Ի վերջո, անցումային արդարադատության վերջնական նպատակը մարդու՝ խախտված իրավունքները վերականգնելն է։ Ի՞նչ տարբերություն, թե դա ինչ եղանակով է կատարվում՝ գործող դատական համակարգի՞, թե՞ անցումային արդարադատության միջոցով։

– Խնդիրը ոչ թե դատական եղանակով իրավունքների վերականգնումն է, այլ օրենսդրական եղանակով անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով, մինչև դատարան հասնելը։ Մի օրինակ բերեմ եվրոպական երկրներից և Հայաստանի, և համեմատական անցկացնենք։ Ենթադրենք՝ մարդը գումար է վճարել բնակարան գնելու համար, գումարը վերցրել են, բնակարանը չեն տվել, քանի որ մի օլիգարխ որոշել է, որ դա իր սեփականությունն է։ Մարդը դիմել է դատարան նախորդ իշխանության ժամանակ, դատարաններն իր իրավունքները չեն պաշտպանել, դիմել է Եվրոպական դատարան, գործը տարիներով ձգվում է, բայց ինքը զրկված է տնից։ Այսինքն՝ այս մարդու իրավունքները խախտվել են, և ինքը շահառու է անցումային արդարադատության, քանզի մարդն ամեն ինչ ճիշտ է արել, բայց նախորդ իշխանության ժամանակ ընդունված օրենքների շրջանակում այդ բնակարանն անցել է բանկին։ Երբ անցումային արդարադատության համակարգն ամբողջությամբ գործարկվում է, վերականգնվում են այդ մարդու իրավունքները, նրան ինչ-որ գույքային հատուցում են տալիս։ Դատարանը դա չի կարող անել։ Այսինքն՝ ինքը մի անգամ արդեն դատական համակարգով անցել է։

– Ի՞նչ օրենսդրական բազա է, ըստ Ձեզ՝ անհրաժեշտ անցումային արդարադատություն իրականացնելու համար։

– Կառավարությունը երբ որոշում է սահմանում, դրա մեջ սահմանում է՝ որոնք են այդ իրավախախտումները, որոնք պետք է վերականգնվեն։ Սեփականության իրավախախտումների խնդիր ունենք, ընտրական, տնտեսական, իրավունքների խնդիրներ ունենք, հարկայինի հետ կապված խնդիր կա։ Ենթադրենք՝ մարդը հանքեր է ունենցել, բայց իրեն հատուկ հարկային այնպիսի ռեժիմ է տրվել, որ մեկ ուրիշն իր ձեռքից այդ հանքերը խլել է։ Հիմնականում այս խնդիրներն են, ինչպես նաև աշխատանքի իրավունքի հետ կապված խնդիրները, երբ մարդուն աշխատանքից ազատել են, որովհետև իր տեսակետները չեն համընկել իշխանությունների տեսակետի հետ։ Ունենք նաև մարդուն ապօրինի ազատությունից զրկելու խնդիրը։

– Արդյոք անցումային արդարադատությունը չի՞ խանգարի ՀՀ՝ արդարադատության ոլորտում ունեցած միջազգային պարտավորություններին։

– Ես ոնց որ բացատրում եմ, բացատրում եմ, դուք լրիվ ուրիշ տեղ եք տանում։ Ի՞նչ կապ ունի դա իմ ասածի հետ։ Հիմա, եթե ընդունենք, պետությունը վերականգնում է մարդու իրավունքները՝ պայմանականորեն նրան վերականգնելով աշխատանքում, նույն պաշտոնին, որից իրեն ազատել էին տեսակետ հայտնելու համար։ Հիմա այդ դատարանը կամ միջազգային պարտավորություններն ի՞նչ կապ ունեն այդ խնդրի հետ, բացատրեք՝ հասկանամ։

– Մարդուն աշխատանքից որ ազատում են, մարդը չի՞ կարող վերականգնվել դատարանով։ Չկա՞ն նման նախադեպեր։

– Այդ անցումային արդարադատությունն ի հայտ է գալիս, երբ մարդը նախորդ իշխանությունների ժամանակ ազատվել է աշխատանքից ու կամ դիմել է դատարան, մերժվել է, կամ բոլոր ժամկետները բաց են թողնվել, և արդեն դատական կարգով նրա իրավունքները վերականգնել հնարավոր չէ։ Այդ ժամանակ է լինում անցումային արդարադատությունը։

Եթե դատական կարգով նրա իրավունքները վերականգնվեն, էլ անցումային արդարադատություն պետք չէ։ Անցումային արդարադատությունն ի հայտ է գալիս, երբ որ կառավարման ձև է փոխվում։ Եթե մեզ մոտ հեղափոխություն չլիներ, անցումային արդարադատության կարիք չէր լինի։ Անցումային արդարադատությունն այն է, որ նախկին իշխանությունները՝ դատարանները, քննչական մարմինները, պետական մարմինները, մարդկանց իրավունքները մասսայական խախտել են՝ ելնելով իրենց քաղաքական հայացքներից։

– Ո՞ր երկրի մոդելն է առհասարակ քննարկվում անցումային արդարադատություն իրականացնելու մեր տարբերակում։

– Անցումային արդարադատության որևէ երկրի մոդել գոյություն չունի, որ որևէ մեկը քննարկի։ Անցումային արդարադատությունը հիմնականում 2 տեսակի է լինում՝ հումանիտար իրավունքի խախտում, երբ մարդու իրավունքների խախտումը պայմանավորված է պատերազմով, և ոչ հումանիտար իրավունքի խախտում։ Առաջին տարբերակը մեզ մոտ քննարկելի չէ, որովհետև անցումային արդարադատությունը հետպատերազմական շրջանում չի ներդրվում մեզ մոտ։ Եթե այդպես լիներ, նոր ձեր հարցերը կարող էին ի հայտ գալ։ Այնտեղ խնդիր է ծագում Զինված ուժերին, հրամանատարներին դատապարտելու, և այդ ժամանակ է խնդիր ծագում միջազգային պայմանագրերի հետ կապված, երբ պետք է դիմես միջազգային ատյաններ, արտակարգ դատարաններ ստեղծես։ Քանի որ մեր երկրում հեղափոխությունը հումանիտար իրավունքների խախտմամբ չի պայմանավորված եղել, այլ կառավարման համակարգով, ձեր նշած խնդիրները լինել չեն կարող։ Անցումային արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է լրագրողներով, թե ինչքանով լրագրողները ճիշտ են ընկալում անցումային արդարադատության գործընթացը։ Եթե այդ գործիքակազմը ես չեմ կարողանում լավ բացատրել, ես չեմ ունենա լավ արդյունք։

– Իսկ որքանո՞վ է անցումային արդարադատությունը «վերին ատյանի ճշմարտություն» համարվելու։ Այդտեղ սխալվելու հավանականություն չկա՞։

– Գիտե՞ք ինչ, պետք է նստենք, զրուցենք երկար։ Ի՞նչը սխալվելու… Այսինքն՝ սխա՞լ հատուցես։ Մարդուն տվել են 10 ռուբլի, այնինչ տասնհի՞նգ պիտի տային։ Անցումային արդարադատություն իրականացնող երկրները, որպես կանոն, գտնվում են ֆինանսապես ոչ հարուստ վիճակում, բացառությամբ՝ Գերմանիայի։ Իրենց դեպքում փոխհատուցում տեղի չի ունենում, այլ հատուցում։ Անցումային արդարադատության ժամանակ պետությունը չի կարող 100 տոկոս փոխհատուցում տալ։ Միայն Գերմանիան է կարողացել շատ մեծ փոխհատուցումներ տալ։ Այսինքն՝ ձեր ասած հաշվարկային պայմաններում սխալվելու հավանականությունը շատ չնչին է, որովհետև չեմ կարծում, որ մեր պետությունը շատ կարճ ժամկետում կկարողանա այնքան հարուստ լինել, որ նախորդ իշխանությունների կողմից տարիներով հափշտակածը կարողանա լիովին փոխհատուցել։

– Դուք նշեցիք, որ հեղափոխությունը պայմանավորված էր կառավարման համակարգի փոփոխությամբ։

– Ոչ, ես նշեցի, որ մեր հեղափոխության արդյունքում փոխվում է կառավարման համակարգը։ Այսինքն՝ ավտորիտար կառավարման համակարգից մենք գնում ենք դեպի ժողովրդավարական կառավարման համակարգ։ Ես արդեն ասացի, որ որոշ քաղաքական գործիչներ ավտորիտար կառավարման համակարգը ձևակերպում են նաև «քվազի» ժողովրդավարական համակարգ։

– Շատերն անցումային արդարադատության իրականացումը նմանեցնում կամ նույնացնում են նախորդ դարի 30-ական թթ. հայտնի «տրոյկաների» գործունեությանը…

– Շատերն ովքե՞ր են։ Ի՞նչ կապ ունի անցումային արդարադատություն ասածը դրա հետ։ Ես ասում եմ՝ արտադատարանական մեխանիզմներ են, Դդւք ասում եք՝ դատարաններին են նմանեցնում։ Ա՛յ, ով որ նմանեցնում է, իրեն կարող եք պարզաբանել, որ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դա կապ չունի դատարանների հետ, դա արտադատարանական գործիքակազմ է։ Այսինքն՝ վարչապետը հրապարակեց, ես ասացի, մի տասնյակ մասնագետներ էլ ասացի, և եթե կան մարդիկ, որ դեռ չեն հասկացել, որ դա արտադատարանական է, ուրեմն լրատվամիջոցների հետ պետք է շատ-շատ աշխատել, և ես պետք է ձեզ խնդրեմ, որ ձեր հոդվածում շատ հստակ գրեք, որ սա ար-տա-դա-տա-րա-նա-կան գործիքակազմ է։ Պետք է մենք մի քիչ առաջ գնանք։ Այնտեղ բարդ խնդիրներ կան լուծելու։ Եթե մենք դոփում ենք մեր տեղում, ուրեմն մեր ու ձեր սխալն է, որ չենք կարողանում հասարակությանը բացատրել, որ դա արտադատարանական գործիքակազմ է, որն ուղղված է մարդկանց իրավունքները վերականգնելուն, ոչ թե խախտմանը։ Հետևաբար՝ «տրոյկեքն» ընդհանրապես տրամաբանության մեջ չեն։

Տեսանյութեր

Լրահոս