211652_close_icon
views-count1319 դիտում article-date 14:58 24-10-2019

Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի, կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ համայնքներին 2019-ի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 363,351.6 հազար դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերը վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի: Մրցույթների արդյունքում գումարի չափը կազմել է 764 մլն 385 հազար դրամ, որտեղ պետության համաֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 363 մլն 351 հազար դրամ: «Այս միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա: Այս պահին շինարարական աշխատանքներն ընթանում են, համայնքն իր համաֆինանսավորման բաժինը հատկացրել է, հիմա կառավարության բաժինը հատկացնելու ժամանակն է»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ կառավարության մեկ այլ որոշմամբ շուրջ 18 համայնքների 30 ծրագրերի համար 1 մլրդ 370 մլն 563 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր կան, որից պետության մասնաբաժինը կազմում է 787 մլն 643 հազար դրամ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և հիշեցրեց, որ նախորդ տարի խոսվում էր 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասին: «Հիմա այս տարի ռեալ կարողանո՞ւմ ենք այդ 10 մլրդը և ընդհանուր 24 մլրդ դրամի ծրագրերն իրականացնել»,- հարցրեց վարչապետը: Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ ինչ-որ հատված, պայմանավորված եղանակային պատճառներով, տարբեր խնդիրներով կմնա և ծրագրերը կտեղափոխեն հաջորդ տարի, բայց պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: «Ըստ էության դա մեր կողմից ապահովվել է: Կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր համայնքներից եկած հայտերն ընդունվեն: Շուրջ 483 հայտնի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամեն տարի աճը լինելու է մի քանի մլրդ դրամով ավելի»,- ասաց նախարարը: Վարչապետը նշեց, որ 10 մլրդ դրամը սուբվենցիոն ծրագրերի համար պետք է լինի նվազագույնը: «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Երբ ունենանք հարյուր տոկոսով ապահովում, պետական մասնակցությունը կավելացնենք 2 մլրդ դրամի չափով: Աստված չանի, որ մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերով և այդ աշխատանքն ընդունվել է: Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու: Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր