Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Սա մարտահրավեր է, որին Փաշինյանի կառավարությունը պատրաստ չէ. Ռիչարդ Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ

 – Պարոն Կիրակոսյան, վստահ եմ՝ հետևում էիք Մյունխենում ընթացող անվտանգության կոնֆերանսին, որտեղ Հայաստանն էլ էր ներկայացված՝ ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։

Նախագահը մի շարք հանդիպումներ և զրույցներ է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ, ԱՄՆ ներկայացուցիչների հետ, նույնիսկ Կատարի ներկայացուցչի հետ։ Ի՞նչը կկարևորեիք այս կոնֆերանսում, և ի՞նչ կերպ այն կարող է ազդել/անդրադառնալ Հայաստանի վրա։

– Սա համաշխարհային կոնտեքստում միջազգային անվտանգության և աշխարհաքաղաքական դերակատարների ամենամյա հավաք է։ Հայաստանը այնտեղ ներկայացված էր իր բարելավված միջազգային ռազմավարական հեղինակությունը ընդգծելու համար և նախագահի ու արտաքին գործերի մակարդակով ի ցույց դնելու, որ Հայաստանը վճռական է տրամադրված։ Ինչ վերաբերում է հանդիպումներին՝ դրանք ոչ միայն արդյունավետ էին, այլ նաև Հայաստանի կարևորությունը ընդգծելու համար մեծ դեր ունեին՝ հատկապես Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև ներկայիս այլ պաշտոնյաների հետ հանդիպումները։ Շատ եմ կարևորում այն փաստը, որ Հայաստանն ավելի պրոակտիվ դեր է ստանձնել՝ մեզ իբրև ներդրումների համար գրավիչ երկիր դիրքավորելով և, իբրև, ավելի վստահելի ժողովրդավար և կայուն երկիր այդ համատեքստում Ադրբեջանից և Թուրքիայից առաջ անցնելով։

– Քանի որ նախագահից խոսեցինք՝ վերջերս Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշում է սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգի վերադարձնելու և մեկ տարվա ընթացքում նախագահական ընտրություններ կազմակերպելու մասին։ Ի՞նչ կարծիքի եք սրա մասին։

– Այս հայտարարության մեջ միակ հետաքրքիր բանն այն է, որ այն հայտարարություն էլ չի կարելի անվանել։ Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ը շատերի համար արդեն պատմության գիրկն է անցել, այն խիստ հեղինակազրկված է իբրև քաղաքական ուժ, և սա, կարծում եմ, ընդամենը փորձ էր՝ ցույց տալու, որ նրանք դեռ ինչ-որ բան իրենցից ներկայացնում են։ Բայց ես խիստ սկեպտիկ եմ տրամադրված ոչ միայն ՀԱԿ-ի և նրա բացարձակ դերակատարում չունենալու մեջ ներկայիս ներքաղաքական դիսկուրսում, այլ նաև այս առաջարկի խիստ անտրամաբանական և ապաքաղաքական բովանդակության առումով՝ ռևերսի առաջարկ անել պառլամենտական կառավարման համակարգի անցնելուց անմիջապես հետո, և կրկին մասնակիորեն հետ վերադառնալ կիսանախագահական երկրի, ոչ միայն անտրամաբանական կլիներ, այլ նաև ռեսուրսների անիմաստ վատնում կլիներ իրականում։

Բայց միևնույն ժամանակ, տեսնելով թե ինչ ուշադրության արժանացավ այս հայտարարությունը, կարելի է փաստել, որ թեև պառլամենտական կառավարման անցնելը աննախադեպ էր, այն միևնույն ժամանակ շատ ռիսկային էր՝ պառլամենտը դեռ պատրաստ չէ կատարել կառավարման այս ձևաչափով նախատեսված իր օրենսդիրի վերահսկողական պարտավորությունները, այն կառավարվում է մեկ կուսակցության կողմից, ինչպես և ՀՀԿ-ի ժամանակ, իսկ ընդդիմությունը թեև ընդդիմադիր լինելու հայտ ներկայացնում է, բայց թույլ է։ Ինչևէ, անկախ ամեն ինչից՝ նման քայլի գնալը շատ մեծ սխալ կլիներ։

– Հարցազրույցից առաջ զրուցեցինք նախագահի դերի մասին, այժմ նույնպես կցանկանայի անդրադառնալ դրան՝ այս քաղաքական համատեքստում քաղաքական և ինչու ոչ՝ տնտեսական, ի՞նչ դերակատարում ունի նախագահը, ըստ ձեզ։

– Ասեմ, որ չնայած նախկինում ես շատ քննադատաբար էի տրամադրված նախագահի նկատմամբ թե՛ քաղաքական առումով և թե՛ անձնական, այժմ կարող եմ փաստել, որ խիստ տպավորված եմ։ Իբրև անհատականություն՝ նա շատ կառուցողական դերակատարում ունեցավ կառավարության տրանսֆորմացիայի թավշյա հեղափոխության ընթացքում և նա շարունակում է կառուցողական և խիստ օգտակար մնալ։ Նաև կարող ենք փաստել, որ հայկական մոդելը վրացականից խիստ տարբերվում է այս առումով՝ Հայաստանի նախագահը պարզապես արարողակարգային պաշտոնյայի դեր չէ, որ ստանձնել է, նա շատ ակտիվ է՝ բառիս լավագույն իմաստով։ Ներկա պահին նա նաև պատասխանատվություն է ստանձնել Հայաստանը դրսում ներկայացնելու և մեր ներդրումային միջավայրը պաշտպանելու ու տնտեսության զարգացմանը նպաստելու առումով, ինչպես նաև Սփյուռքի հետ շփվելու, և որոշակի արտաքին քաղաքականության գործառույթներ նաև․․․

Այսպիսով, վարչապետի և նախագահի միջև խիստ բնական մրցակցություն կա՝ նաև ինստիտուցիոնալ առումով, բայց սա, իհարկե, խիստ դրական զարգացում է, որովհետև մի երկրում, որտեղ փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմները կամ բացակայել են, կամ պարզապես շատ թույլ են եղել՝ սա կարելի է իբրև կառուցողական և առողջ գործընթաց դիտարկել։ Նախագահը նաև պետականամետ գործչի իմիջ ունի, ինչը Հայաստանին շատ անհրաժեշտ է այժմ։

Ինչևէ, եթե նախորդների վարչակարգերի հետ փորձենք համեմատել՝ Հայաստանի նոր կառավարության ամենամեծ տարբերությունը նախորդներից, իհարկե, լեգիտիմությունն է, ինչը նախկին վարչակարգերը երբևէ չեն ունեցել։

– Կցանկանայի կրկին հետ վերադառնանք Մյունխենի կոնֆերանսին, որին ներկա էր նախագահ Սարգսյանը, և հատկապես այնտեղ հնչած որոշ ելույթների, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ նախարար Լավրովի ելույթն էր։ Պարոն Լավրովը մի քանի հետաքրքիր շեշտադրություններ արեց, օրինակ՝ մեղադրելով Արևմուտքին և ԵՄ-ին աշխարհը «կամ-կամ» տրամաբանությամբ բևեռացնելու մեջ՝ մեջբերելով Ուկրաինայի օրինակը, որը, ըստ Լավրովի, ստիպված էր ընտրել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև և ինչը արդյունքում ծանր հետևանքներ ունեցավ, նա նաև նշեց, որ ԵՄ-ն կարող է և պարտավոր է ավելի ակտիվ, նախաձեռնող ու անկախ դերակատարում ստանձնել իր արտաքին քաղաքականության մեջ։ Հնչեցին նաև մի շարք ուղղակի ու անուղղակի այլ մեղադրանքներ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հասցեին։ Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր նրա այս ուղերձները, և այս համատեքստում նաև հայկական-ռուսական հարաբերությունները։

– Նախ կցանկանայի շեշտել, որ Ռուսաստանի արտգործնախարարը խիստ պրոֆեսիոնալ է, ի պատիվ իրեն պիտի նշել, որ նա շատ լավ է կատարում իր աշխատանքը։ Սակայն մի սխալ, որ մենք ենք միշտ գործում Հայաստանում, դա այն է, որ մենք կարծում ենք, թե Լավրովը ավելի շատ Հայաստանի արտգործնախարարն է, քան Ռուսաստանինը։ Լավրովը հետևողական է Վլադիմիր Պուտինի աշխարհընկալումը և ռուսական քաղաքական օրակարգը առաջ մղելու մեջ։ Երբեմն դա Հայաստանի շահերի հետ համընկնում է, երբեմն ոչ։ Մենք չպետք է մեխանիկորեն ենթադրենք, որ Ռուսաստանը պրոհայկական է։ Չկա նման բան՝ Ռուսաստանը պրոռուսական է և հետապնդում է իր անմիջական շահերը։ Այդ իսկ պատճառով հետ վերադառնալով Լավրովի՝ զոհերի վրա մեղքը գցելու կրեատիվ մեկնաբանությանը՝ պարզապես կասեմ, որ Հայաստանը պետք է չափազանց զգույշ գործի՝ կուրորեն ռուսական քաղաքական գործողություններ չսատարի, որոնք, ի դեպ, վերջերս շատ ավելի ագրեսիվ են դարձել հատկապես Արևմուտքի ուղղությամբ։

Եվս մի հետաքրքիր միտում Լավրովի հայտարարության մեջ՝ նա ոչ թե ընդհանրական ԵՄ-ին էր կոչ անում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները լավացնել, այլ մի քանի առանձին ԵՄ երկրների, ինչպիսիք, օրինակ, Գերմանիան։ Այս կոնտեքստում, Հայաստանը, իբրև ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կնքած երկիր, հնարավորություն է ստանում կամուրջ դառնալ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Բայց եթե անդրադառնանք երկկողմանի հարաբերություններին՝ հայ-ռուսական հարաբերությունները դեռ ճգնաժամը չեն հաղթահարել։ Խնդիրը հարաբերությունների պայմաններն ու ձևաչափն է, կարծում եմ։ Ռուսաստանի ամբարտավան կեցվածքը՝ Հայաստանի հետ հարաբերությունները չգնահատելու միտումը․․․ Այլ կերպ ասած՝ Հայաստանը շատ քիչ է ստանում Ռուսաստանից իր նվիրվածության դիմաց․․․ Կլինի դա Ադրբեջանին վաճառված զենքերի իմաստով, Արցախի նկատմամբ վարած քաղաքականության առումով․․․ Մենք պետք է ավելի շատ ջանքեր թափենք Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու ուղղությամբ։

– Անցած շաբաթ Ազգային ժողովը ընդունեց կառավարության ծրագիրը։ Ի՞նչ կարծիք ունեք կառավարության ծրագրի վերաբերյալ։

– Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ կառավարության ծրագիրը բաց թողնված հնարավորություն կարելի է որակել։ Այնտեղ պակասում է ռազմավարական տեսլականը և այն վերջին վայրկյանին պլանավորման տարբեր էլեմենտները շտապ իրար գլուխ հավաքված համախմբի տպավորություն է թողնում՝ չկապակցված ֆունդամենտալ ռազմավարական տեսիլով։ Այն տնտեսական զարգացմանն է անդրադառնում, ռեֆորմների և մի շարք այլ գործընթացների, որոնք, ցավոք, համակարգված կերպով ներկայացված չեն։ Ես քննադատաբար եմ վերաբերում ծրագրին, չնայած, եթե կառավարության նպատակը պլանավորման պրոցեսի նախագծումը սկսելն էր՝ ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքում նաև սա կարելի է այդ գործընթացների սկիզբ համարել ուղղակի, բայց մյուս կողմից, հեգնական, հակասական, սովետական լավագույն ավանդույթներին համապատասխան տնտեսական հեղափոխություն անելու կոչ անել, պատասխանատվությունը քաղաքացու անձնական տնտեսական վարքագծի վրա դնելով՝ սա ոչ միայն պետության տնտեսական քաղաքականության գործառույթ չէ, այլև չի կարելի նման բան ակնկալել ժողովրդից՝ մեր իրականությունը հաշվի առնելով։ Կարծում եմ՝ ծրագրում շատ քիչ տեղ էր հատկացված աղքատության կրճատմանը նաև, ընտրողաբար են մոտեցել հարկային քաղաքականությանը, և նաև փոքր-ինչ իդեալիստական, կամ ոչ ռեալիստական մոտեցում էր ցուցաբերված ռազմական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ շուկայական տնտեսության իմաստով մակերեսային իմացություն ցուցաբերելով։ Ընդհանուր առմամբ, ավելի քննադատաբար եմ տրամադրված, քանի որ, ինչպես նշեցի, սա ավելի շատ բացթողնված հնարավորություն էր, քան թե առաջընթացի ցուցադրում։

– Ծրագրի առումով հիմնական քննադատությունները առ այսօր եղել են ծրագրում առկա դրույթների անչափելիության և, հետևաբար, հաշվետվողականություն չապահովելու ուղղությամբ։ Դուք այդպիսի խնդիր տեսնո՞ւմ եք։

– Ցանկացած երկրի ցանկացած կառավարություն իհարկե կնախընտրեր հաշվետու չլինել հնարավորության դեպքում, դա բնական է։ Հայկական իրականության դեպքում, սակայն, ԱԺ-ում լուրջ հայտ ներկայացնող ընդդիմությանը պատճառ կհանդիսանա, թե փորձագիտական հանրության հնչեցրած քննադատությունը՝ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն պետք է հաշվետու լինի, այլ աշխատի համապատասխանել ամենաբարձր ստանդարտներին: Նրանցից սպասումները շատ բարձր են, և դրանց համապատասխանելու համար գործողությունների նշաձողը շատ ավելի բարձր պետք է լինի, քան երբևէ եղել է անցած տասնամյակների ընթացքում, այսինքն՝ մենք ոչ միայն ավելի լավին ենք արժանի, այլև ավելի լավն ենք ակնկալում։ Եվ, հետևաբար, կառուցողական քննադատությունը և մարտահրավերները, նույնիսկ կառավարությունում աշխատող մեր ընկերների հասցեին, պարզապես անհրաժեշտություն են։ Այլևս չի կարելի սև-սպիտակի, կամ եթե մեր հետ չես, ուրեմն մեր դեմ ես տրամաբանությամբ շարժվել՝ կառավարության գործողությունների կառուցողական քննադատությունը իրականում առողջ և արդյունավետ երևույթ է։ Այս համատեքստում նաև կառավարությունը շատ ավելի լավ աշխատանք պիտի տանի ոչ միայն իր քաղաքականությունները բացատրելու, այլև դրանք հիմնավորելու ուղղությամբ, իսկ հաշվետվողականությունը այդ պրոցեսի բաղկացուցիչ մասն է ընդամենը։

– Երբ անդրադառնում ենք կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող մասին՝ այնտեղ կանխատեսելիորեն վեկտորների փոփոխություններ կամ ռևերսներ չեն գրանցվել։ Մենք շարունակում ենք նույն քաղաքական գիծը, ինչ ունեցել ենք վերջին տասնամյակների ընթացքում, Ռուսաստանը շարունակում է մնալ մեր միակ ռազմավարական դաշնակիցը, այլ ուղղություններով ռազմավարական հարաբերություններ չենք զարգացնելու՝ նույնիսկ ԵՄ-ի հետ, որի հետ, ինչպես հայտնի է, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ենք ստորագրել առժամանակ առաջ։ Որոշ փորձագետներ պնդում են, որ Փաշինյանի բարձրաձայնած հայտնի հավասարության սկզբունքը պահպանված չի ծրագրի արտաքին քաղաքական մասում, և այլ ուղղություններում մեր հարաբերությունները իրականում հավասարակշռված չեն։

– Ես մի փոքր ավելի օպտիմիստիկ եմ տրամադրված այս առումով՝ մենք պետք է իրատես լինենք, իշխանության փոփոխությունը Հայաստանում Փաշինյանին ստիպում է Մոսկվային համոզել, որ աշխարհաքաղաքական վեկտորների առումով փոփոխություններ չեն եղել Հայաստանում։ Սակայն կառավարությունը, կարծես թե, չափից շատ է ջանք գործադրում այդ ուղղությամբ, ինչը, ավելի շատ, իբրև թուլություն կարող է ընկալվել, իսկ Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան, հարգում է ուժը և ոչ երբեք չափից դուրս հնազանդությունը։ Այս համատեքստում, երբ նայում ենք կառավարության ծրագրին՝ արտաքին քաղաքականությանը անհրաժեշտ կարևորություն չի տրվել, եթե արագ կարդաս այդ 70 էջանոց ծրագիրը՝ պարզապես կարող ես չնկատել արտաքին քաղաքականությանը նվիրված այդ 2 էջը։ Ավելին՝ ավելի լավ հիմնավորումներ տալու անհրաժեշտություն կար ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքների և հենասյուների մասով՝ ինչը այլընտրանք փնտրելու և հավասարակշիռ քաղաքականություն վարելու մեջ եմ տեսնում նաև: Դիվանագիտությունը դա հնարավորի արվեստն է, և արտաքին քաղաքականությունը նաև բացթողնված հնարավորությունների արտացոլանք է։ Ես Հայաստան-ԵՄ հարաբերություններին և նույնիսկ Հայաստան-Չինաստան հարաբերություններին ավելի մեծ կարևորություն կտայի, եթե ռազմավարական տեսանկյունից նայենք, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերություններին։ Այժմ շատ կարևոր է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերաիմաստավորել և ավելի հավասար պայմանների վրա դրանք դնել։ Նոր վարկ նոր զինամթերքի ստացման համար, որը իրականում չի ծածկի Հայաստանի ռազմական կարիքները՝ հավասարակշիռ չի կարելի համարել։

– Իսկ ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների մասին։ Ծրագրում նշված է, որ մենք շարունակելու ենք զարգացնել կառուցողական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար։ Եվ վերջ։

– Գիտեք, սա առաջին անգամ է կարծես, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին երկխոսելու մակարդակով է խոսվում ընդամենը։ Հուսանք՝ սա կլինի առաջին և վերջին անգամ՝ օգտագործված ձևակերպումներն այնքան էլ պատշաճ չեն։ Ինչևէ, ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ավելի ընդհանրական է։ Այն Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ վարած քաղաքականության համատեքստում։ Դա ցույց տվեց նաև Բոլթոնի՝ վերջին տարածաշրջանային այցը, կարծում եմ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չեմ տեսնում այս ուղղությամբ չափից ավելի ջանք ներդնելու, ԵՄ-ն շատ ավելի շատ կարևոր ուղղություն է և ավելի մեծ ներգրավվածություն է խոստանում։ Նաև հաշվի առնելով Թրամփի ադմինիստրացիայի անկանխատեսելիությունը՝ գուցե սա հիմա ավելի կշռադատված մոտեցում է։ Իսկ հայկական հիմնարար հարցերի մասով՝ ինչպիսիք Ցեղասպանությունը և տնտեսական փոխգործակցությունն են, ըստ իս, ԱՄՆ-ն միշտ այնքանով մոտ կլինի, որքանով մենք կկարողանանք մեր ներկայացվածությունը և մեր ձայնը Կոնգրեսի միջոցով լսելի դարձնել, և այս դեպքում արդեն էական չէ, թե ով կլինի Սպիտակ տանը։ Այսինքն՝ մենք պետք է աշխատենք ավելի արդյունավետ օգտագործել մեր առավելությունները նաև Միացյալ Նահանգների հետ ունեցած առևտրային հարաբերությունների համատեքստում`օգտագործելով բոլոր հասանելի լծակները։

– Կցանկանայի անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրին։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս վերահաստատել է իր վճռականությունը՝ Արցախը բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու ուղղությամբ։ Նա սա շատ պարզ է մեկնաբանում՝ ինքը չունի մանդատ Արցախի քաղաքացիներին ներկայացնելու։ Այս դրույթը ամրագրվել է կառավարության ծրագրով նաև՝ միևնույն ժամանակ վերահաստատելով Հայաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին հավատարիմ մնալու վճռականությունը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպես սա կանդրադառնա ընդհանուր բանակցային գործընթացի վրա, կօգնի՞ արդյոք արագ հանգուցալուծման հասնել, թե՞ կարող է նաև փակուղի մտցնել բանակցությունները։

– Մի կողմից, ես միանշանակ համամիտ եմ կառավարության հետ՝ Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ։ Հարցը միայն այն չէ, որ վարչապետ Փաշինյանը չունի այդ մանդատը, այլ, որ արդյունքի հասնելու համար՝ կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է ներկայացված լինեն բանակցային պրոցեսում։ Միջազգային միջնորդների կողմից, իհարկե, այնքան էլ տրամաբանական չէ կարծել, որ Հայաստանը միանձնյա կարող է բանակցել Արցախի անունից և նույնիսկ խաղաղության գործարք կնքել, և որ արդյունքում Արցախը կուրորեն կենթարկվի և չի առարկի։ Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի և Հայաստանի շահերը հաճախ տարբերվում են, և այս հակամարտության համատեքստում ինչ-որ տեղ վիրավորական է Ղարաբաղին բանակցային սեղանին մոտ չթողնելը։ Բայց, մյուս կողմից, պարադոքսալ է, որ չնայած ՀՀ կառավարության պնդմանը, որ Ղարաբաղը պետք է միանշանակ ներգրավված լինի բանակցային գործընթացում և առանց նրա որոշում չի կայացվելու՝ մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկկողմանի շփումների վտանգավոր էսկալացիա։ Ինչու վտանգավո՞ր, քանի որ ես անձամբ շատ անհանգստանում եմ առաջին հերթին մեր ներկայիս կառավարության անփորձության առումով՝ ո՛չ մեր վարչապետը, և ո՛չ էլ մեր արտգործնախարարը երբևէ չեն բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ և երբևէ չեն բանակցել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական կողմը մեծ առավելություն ունի այս բոլոր ուղղություններով, բայց ինչն ավելի վտանգավոր է՝ Ադրբեջանը նոր դիվանագիտական ռազմավարություն է որդեգրել։ Այն փորձում է ավելի ողջամիտ և զուսպ երևալ, ինչպիսին միշտ Հայաստանն է եղել նախկինում, թվացյալ զիջողականություն ցուցաբերելով մանրուքներում։ Սա կարող է ծուղակ լինել, հիմա, երբ սպասելիքների նշաձողը ավելի բարձր է, գուցե ադրբեջանցիները փորձում են միջազգային միջնորդների մոտ տպավորություն ստեղծել և նրանց համոզել, որ Հայաստանը կանի զիջումներ, որը Հայաստանը իրականում չի կարող իրեն թույլ տալ։ Արդյունքում, անհաջողության դեպքում Ադրբեջանը հանգիստ կարող է ասել, որ նրանք փորձեցին դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալ, սակայն չստացվեց, և նոր դինամիկայի ընձեռած առիթից օգտվելով՝ որտեղ Հայաստանը միջազգային հանրության կողմից այլևս միակ ողջամիտ կողմը չի դիտարկվում, թշնամական գործողություններ սկսել։

Տարիներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակները հիմնականում ձեռք են բերվել մեր թշնամիների գործած սխալների հետևանքով։ Նաև մենք վտանգավոր կերպով թերագնահատում ենք Ադրբեջանին՝ կարծելով, որ այն միշտ մերժողի դերում է լինելու միշտ։ Իրավիճակն արագ փոխվում է, և պետք է ուշադիր լինել։

– Դուք դա՞ նկատի ունեիք, երբ ձեր վերջին հոդվածներից մեկում նշել էիք, որ մենք պետք է կարողանանք մեր սպասումների և իրականության սահմանները ճիշտ հասկանալ, հակառակ դեպքում մեզ հիասթափություն է սպասվում, քանի որ բանակցային գործընթացն ինքնին դանդաղ է։ Որոնք են հիմնական սպասելիքները հիմա, եթե հաշվի առնենք Փաշինյանի և Ալիևի վերջին երկկողմ հանդիպումների հաճախականությունը և, առհասարակ, հայկական կողմի նախաձեռնողականությունը վերջին շրջանում։

– Մի կողմից ավելի ներգրավված լինելը, հաճախ հանդիպելը և երկխոսելը, իհարկե, միանշանակ, դրական եմ գնահատում։ Պարզապես պետք է ավելի զգույշ լինել, ինչպես նշեցի, և պետք է հասկանալ, որ վերելակային խոսակցությունների և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ստացած առհավատչյաները համարժեք չեն կարող լինել պաշտոնական դիվանագիտական հանդիպումների ժամանակ ստացած պաշտոնական գրավականներին։ Դրանք երկուսն էլ կարևոր են, իհարկե, բայց միևնույն բանը չեն։ Դիվանագիտական երկխոսությունը պիտի շարունակվի, բայց ավելի պաշտոնական մակարդակում արդեն։

Միևնույն ժամանակ, ներկայիս հանրային կարծիքին նայելով՝ պարզ է դառնում, որ ցանկացած զիջման կամ կոմպրոմիսի գնալու հավանականությունը խիստ բացասական է դիտարկվում, սա այն դեպքում, երբ Հայաստանի միակ բանակցային առավելությունը տարածքներն են միշտ եղել։ Մեզ դուր է գալիս, թե ոչ՝ ներկայումս սա մեր միակ խաղաքարտն է։ Ադրբեջանը իր դեմքը փրկելու հնարավորություն պետք է ունենա Ղարաբաղը մեզ զիջելիս։ Մենք նաև պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ջախջախվել և ստորացվել է, և ինչքան էլ մենք հպարտ լինենք մեր հաղթանակով, մի փոքր ավելի դիվանագիտորեն պիտի կարողանանք մոտենալ այս հարցին և նրանց գոնե կոմպրոմիսի պատրանք տանք։ Պետք է հասկանալ, որ եթե բարձր սպասումների վրա հենվող դիվանագիտությունը ձախողեց՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միայն կմեծանա։

Պակաս կարևոր չեմ համարում նաև, թե մեր կառավարությունը ինչպես է պատկերացնում այս խնդրի հանգուցալուծումը վերջնական էտապում։ Վերջնանպատակը Ղարաբաղի անկախությունն է արդյո՞ք, թե՞ Հայաստանի մաս դառնալը։ Բնական է՝ Ղարաբաղը Ադրբեջանին հետ վերադարձնելու հավանականություն չի էլ կարող դիտարկվել, բայց Ղարաբաղի կարգավիճակի շուրջ թե՛ մենք, թե՛ Ստեփանակերտը վերջնական որոշում պիտի կայացնենք, հատկապես հիմա, երբ նրանք այլևս Հայաստանում, ըստ իրենց, կորցրել են վստահելի գործընկերներին՝ ի դեմս նախորդ իշխանությունների, և վստահ չեն, թե ինչ կարող են ակնկալել ներկայիս իշխանություններից։ Այդ իսկ պատճառով Փաշինյանի կառավարությունը այս ուղղությամբ նույնպես աշխատանք ունի անելու։

ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ հայտարարությունը բավականին հակասական արձագանք գտավ մեր հանրության մոտ և, մեղմ ասած, լավ չընդունվեց։ Ո՞ւմ էր ավելի կոնկրետ ուղղված այս կոչը, ըստ ձեզ, և ի՞նչ համատեքստում է այն պետք հասկանալ։

– Ես երևի թե փոքրամասնությանն եմ պատկանում, քանի որ ես անձամբ ողջունում եմ այդ հայտարարությունը։ Հետաքրքիրն այն է, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարություն էր, ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Սա շատ կարևոր զարգացում եմ համարում, քանի որ խաղաղության պատրաստվելու անհրաժեշտությունը, եթե անգամ քննարկվել է, ապա երբևէ չի բարձրաձայնվել բանակցությունների պաշտոնական համատեքստում։ Երկրորդ ոչ պակաս կարևոր էլեմենտը տնտեսության և տևական խաղաղության վրա շեշտադրումն է։ Խաղաղության պատրաստելու մասին խոսելիս ցանկացած դիտորդի համար պարզ է, կարծում եմ, որ խնդիրը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը։ Հայաստանում հանրային կարծիքը չզիջելուն է կողմ արտահայտվում, դա ճիշտ է, բայց կառավարությունը պիտի այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ տանի։ Ինչ Ադրբեջանին է վերաբերում՝ դա այն երկիրն է, որտեղ ագրեսիվ հռետորաբանությունը պետական մակարդակով է հովանավորվում, և Հայաստանի մասին լավ արտահայտվող, կամ գրող ցանկացած մեկի հասցեին սպառնալիքներ են տեղում։ Ինչը նշանակում է, որ խաղաղության պատրաստվելու ուղղությամբ հիմնական աշխատանքներ Ադրբեջանում պետք է տարվեն։ Սա զարմանալի չէ, հաշվի առնելով երկու կողմերի մոտ ինֆորմացիայի բացակայությունը կամ պակասը, ինչը ապատեղեկատվության հետևանք է դառնում, և այստեղ միակ շահող կողմը Ռուսաստանն է դառնում, քանի որ նա կոորդինացնում է կողմերի շփումները։ Մենք պետք է ավելի լավ աշխատենք, և հանրությանը ավելի թափանցիկ կերպով պիտի ներկայացվի բանակցությունների ընթացքը՝ ինչը արդյունքում կօգնի Ղարաբաղի հարցում առաջընթաց գրանցել։

– Հետ վերադառնալով Հայաստան՝ վերջերս Հայաստանի՝ Սիրիա խաղաղապահ առաքելություն ուղարկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների արված հայտարարությանը կցանկանայի անդրադառնալ։ Երևանը սա իբրև հումանիտար առաքելություն է ներկայացնում։ Դուք վերջերս ձեր արված մեկնաբանություններից մեկում նշել էիք, որ այս հայտարարությունը ավելի շատ Ռուսաստանին և Իրանին է հասցեագրված, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը պետք է զգույշ գործի և վերահաստատի, որ այս առաքելության նպատակը բացառապես հումանիտար է։ Եթե հայկական կողմին չհաջողվի այդ մեսիջը փոխանցել Միացյալ Նահանգներին՝ կա՞ արդյոք հավանականություն, որ Ամերիկան կարող է մեր նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառել։ Ի՞նչ ակնկալել այստեղ։

– Բարեբախտաբար, պատասխանը այստեղ ոչ կարճ է։ Շատ փոքր հավանականություն կա, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ ԱՄՆ-ի ագրեսիվ, ոչ այնքան դիվանագիտորեն ձևակերպված հայտարարությունը մեկանգամյա բնույթ ունի, կարծում եմ, և քիչ հավանական է, որ Թրամփի ադմինիստրացիայում դրա վրա երկար կանգ կառնեն։ Ինչևէ, Հայաստանը պետք է շատ զգույշ լինի և չներքաշվի սիրիական կոնֆլիկտի մեջ՝ խաղաղապահ գործողություններից այն կողմ այլ կերպ չաջակցի ռուսական կողմին։

Ինչ առաքելությանն է վերաբերում՝ այն, որ այս առաքելությունը հումանիտար բնույթ է կրում, ակնհայտ է դառնում նաև տեսանյութից, եթե նայենք ռուսական ինքնաթիռ նստող հայկական անձնակազմին, կտեսնենք, որ նրանք մարտական հագուստով չեն։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի օգնելու տեղական և հայազգի բնակչությանը Հալեպում և անուղղակիորեն աջակցելու մեր ռուս գործընկերներին։ Ամերիկյան արձագանքը փոքր-ինչ զարմանալի էր, բայց նաև կարևոր է, թե երբ արվեց հայտարարությունը։ Դա չարվեց այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարեց մարդասիրական օգնություն ուղարկելու իր որոշման մասին, այլ մարդասիրական առաքելությունը այնտեղ տեղակայելուց հետո միայն։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սա ավելի շուտ ուղղված էր Իրանին և Սիրիային։ Հայտարարության տեքստից կարող ենք հետևություն անել, որ այն ավելի շատ համապատասխանում է Սպիտակ տան կարծիքին, և ավելի քիչ դիվանագիտական մեսիջներ է պարունակում:

– Իսկ Իրանի մասո՞վ։ Ձեր կարծիքով՝ Ամերիկան ավելի վճռական գործողություններ կձեռնարկի՞ այս ուղղությամբ, հատկապես եթե մենք շարունակենք մեր հարաբերությունները լավացնել Իրանի հետ, ինչը անխուսափելի է, կարծում եմ, տնտեսական առումով, և հաշվի առնելով նաև, որ մենք հարևաններ ենք։ Պատճառները շատ են։

– Շատ լավ հարց է իրականում։ Եթե հետ նայենք՝ Օբամայի կամ Բուշի կառավարման տարիներին նրանք միշտ աչք են փակել այս ուղղությամբ և թույլ են տվել Հայաստանին շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ։ Սակայն հիմա, Թրամփի նախագահության օրոք, նրանք ավելի անհանդուրժող են դարձել այս առումով և քննադատաբար են վերաբերում ցանկացած երկրի, հատկապես Եվրոպայում, ով կհանդգնի Իրանի հետ տարբեր գործընթացներում ներգրավվել։ Ինչևէ, եթե Իրանի հետ հարաբերությունները խորացնելու և լավացնելու հեռանկարին անդրադառնանք՝ իրականում խնդիրն այն չէ, թե Վաշինգտոնը ինչ թույլ չի տա, այլ թե Ռուսաստանը ինչ թույլ կտա, կամ չի տա։ Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը էներգետիկ բլոկում, տրանսպորտային և առևտրային ոլորտներում և այլն։ Այս համատեքստում Ռուսաստանը ավելի մեծ անհանգստություն է։ Ամերիկացիների մոտեցումը այս հարցում իրականում ավելի պարզունակ է և հասցեական՝ դա արտահայտված կլինի ավիահաղորդակցության վրա արգելանք դնելով, իրանական բանկերի վրա ճնշում գործադրելով, այո, մենք այս առումով ճնշումներ կզգանք, միանշանակ։

Ինչևէ, Հայաստանը աջակցություն պիտի փնտրի ոչ թե Սպիտակ տանը, այլ ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ մենք բազմաթիվ բարեկամներ ունենք, և սա ավելի կարևոր է ապագայում հնարավոր պատժամիջոցների դեմն առնելու իմաստով նաև։ Շատ կարևոր է նաև, որպեսզի Հայաստանը հստակ որոշի, թե ինչ հարաբերություններ է ուզում ունենալ Իրանի հետ, առ այսօր մենք հստակ ռազմավարություն, հայեցակարգ չենք տեսել այդ ուղղությամբ՝ Հայաստանը հատկապես ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստան-Իրան հարաբերություններից։

– Իրանը բանակցում էր Մոսկվայի հետ Եվրասիական միությանը միանալու հնարավորության շուրջ։ Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ է սա իրատեսական։

– Դա հավանական կամ իրատեսական չեմ համարում։ Իրանը վերջերս ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել, կարծում եմ, սա առավելագույնն է ինչ Իրանը ուզում է և ինչի կարիքն իսկապես ունի ԵԱՏՄ-ից։ Անդամ դառնալու դեպքում կտուժեն նրանց հարաբերությունները Եվրամիության հետ։ Այնուամենայնիվ նշեմ, որ Իրանի քաղաքականությունը այս համատեքստում շատ նման է Ադրբեջանի վարած քաղաքականությանը, որը հիանալի կերպով հիմարացնում է ռուսներին, խաղարկելով իրենց՝ ԵԱՏՄ-ին միանալու հնարավոր հավանականության խաղաքարտը, ինչը ի սկզբանե անիրականանալի է և նաև անտրամաբանական երկու երկրների համար էլ։

Ինչ Հայաստանին է վերաբերում՝ ուզում ենք մենք, թե ոչ, գտնվում ենք այս տնտեսական բանտում, եթե կուզեք, և իրական մարտահրավերը կամ, ավելի ճիշտ՝ անհանգստությունը, պիտի լինի ոչ թե ինչպես այն լքել, այլ ինչպես կառավարել իրավիճակը և ռիսկերը։ 800 պլյուս ապրանքատեսակներ մինչև վերջերս ազատ էին ԵԱՏՄ-ի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերից։ Սակայն իրավիճակը փոխվում է։ Մենք պետք է կամ որոշենք, թե ինչպես կարող ենք բանակցել և իրավիճակին լուծում տալ, կամ ներդաշնակ կերպով հարմարվենք իրավիճակին։ Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը դեռ չի որոշել՝ որ ուղղությամբ կգնա, իսկ ժամանակը սպառվում է, հիմնական խնդիրը սա է։ Ի վերջո, հայկական կառավարության առջև ծառացած խնդիրը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի է։ Կառավարությունից շատ բարձր սպասումներ, և իրատեսական տնտեսական շատ փոքր հնարավորությունների ֆոնին սա մարտահրավեր է, որին կառավարությունը պատրաստ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում