Ախալքալակի կարտոֆիլագործները պահանջում են աջակցել արտադրանքի իրացմանը
Ախալքալաքի կարտոֆիլը փչանում է պահեստներում: Շրջանի գյուղերի խոշոր կարտոֆիլագործները պահանջում են ներմուծվող կարտոֆիլի մաքսային ձևակերպումների գների վերանայում, որպեսզի տեղական կարտոֆիլը գնով մրցունակ լինի:
Jnews-ի փոխանցմամբ, չիրացված կարտոֆիլի խնդիրը հասել է գագաթնակետին: Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերի ֆերմերներ հավաքվել էին այս հարցով քաղաքապետարանում: Նրանց հետ հանդիպեցին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և նրա տեղակալները:
Կարտոֆիլ աճեցնողների բողոքն այն է, որ արտերկրից ներկրված կարտոֆիլի պատճառով, մասնավորապես՝ Թուրքիայից, նրանց բերքը պահանջարկ չունի: Պատճառը գների տարբերությունն է: Եթե թուրքական կարտոֆիլը 10 թեթրի է, ապա Ախալքալաքինը՝ 80-90 թեթրի:
Ինչպես հաղորդել են քաղաքապետին Չամդուրա, Մուրջախեթ, Վաչիան, Դիլիսկա, Կարտիկամ ու այլ գյուղերի քաղաքացիներ, նրանք չեն կարողանում իրացնել բերքը, չեն կարողանում վճարել բանկերից վերցված վարկերը ու արդյունքում տոկոսները շատանում են:
«Մենք բոլորս էլ վարկեր ունենք, ասենք, 3000 լարի ենք վերցրել, այս 3 տարիների ընթացքում 3000 լարին դարձել է 25 000 լարի: Մի բանկում պարտքերի մարման համար մեկ ուրիշ բանկից վարկ ենք վերցնում ու այսպես երեք տարի է պտտվում է, – ասում է Չամդուրա գյուղի բնակիչը:
Հարցի տակ է նաև կարտոֆիլի գարնանային ցանքսը, քանի որ շատ մարդիկ այլևս իմաստ չեն տեսնում այդքան էներգիա և ֆինանսներ ներդնել, որը ոչ միայն տեղ չի հասնում, այլ կորուստներ են ունենում: Կարտոֆիլագործների կարծիքով, պետությունը կարող է կարգավորել այդ հարցը, ինչպես այն արվել է խաղողի և խնձորի դեպքում: Ներկայումս Վրաստանի շուկաները լի են Թուրքիայի կարտոֆիլով, որը մատակարարվում է Բաթումիից:
Կարտոֆիլագործները նաև առաջարկել են բացել դեպի Ադրբեջան ճանապարհը, քանի որ, ըստ նրանց, Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդն ադրբեջանցիներն են: Նրանց խոսքով, թուրքական կարտոֆիլը Վրաստանով արտահանվում է Ադրբեջան և վաճառվում Ախալքալաքի կարտոֆիլ անվան տակ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: