Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոլորտի բարեփոխումներն ակնառու կդառնան առաջիկայում. Բուժաշխատողի օրվա առթիվ զրույց Առողջապահության նախարարի հետ

Ոլորտի բարեփոխումներն ակնառու կդառնան առաջիկայում. Բուժաշխատողի օրվա 
առթիվ զրույց Առողջապահության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Երկրի առողջապահական համակարգը ընթանալու է նոր բարեփոխումների ճանապարհով։ Որպես ոլորտի գերակայություններ դիտարկվում են որոշ ուղղություններ, որոնք ապահովելու են ոլորտի թափանցիկությունը, բյուջեի առավել նպատակային ուղղորդումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը։ Բժշկությունը ոչ միայն հիվանդության ախտորոշումն է եւ բուժումը, այլեւ առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, նրանց առաջացման պայմանների խորը հետազոտությունը։ Այսօր ուրախ ենք արձանագրել, որ հայ մասնագետների շնորհիվ առողջապահական որոշ ծառայություններ, ինչպիսիք են օրինակ՝ ակնաբուժությունը, ատամնաբուժությունը եւ պլաստիկ վիրաբուժությունը, դառնում են պահանջարկված ու մրցունակ ու առողջապահական տուրիզմի զարգացման առումով որոշ նախադրյալներ են ստեղծում։
Ոլորտի առաջնային բարեփոխումները, ըստ նորանշանակ նախարարի, ակնառու կդառնան առաջիկա ամիսներին։ Ասում է՝ մարտական է տրամադրված համակարգային խնդիրների լուծման hարցում, միաժամանակ շեշտում՝ առողջապահությունը նուրբ ու զգայուն ոլորտ է, որտեղ կտրուկ գործողությունները կարող են աղետալի լինել։ Ամեն քայլ ու նախաձեռնություն պետք է լինի ճշգրիտ հաշվարկված, իրականացվի հետեւողականորեն։ Վստահեցնում է՝ միաժամանակ շատ կտրուկ է լինելու ոլորտում դեռեւս առկա արատավոր ու հանցավոր երեւույթների հանդեպ։
Որո՞նք են ոլորտի առաջնահերթությունները, ո՞ր ուղղություններից է զարկ տրվելու օրակարգային խնդիրների լուծմանը. «ՀՀ»-ն զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Առաջինը առողջության առաջնային պահպանման օղակի զարգացումն է։ Այս առումով նախարարը նկատեց՝ բուժման որակի առումով վիճակն ավելի լավ է։ Բայց պետք է կանխել առողջական խնդիրները հենց սկզբից՝ նոր թափ հաղորդելով կանխարգելմանը։ Երկրորդ ուղղությունն ինչ-որ չափով բխում է առաջինից։ Խոսքն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի մասին է՝ սկսած վաղ հայտնաբերումից։ Այն ենթադրում է մանկահասակների սքրինինգների իրականացում։
Առողջության պահպանման առաջնային օղակը համակարգի կարեւորագույն բաղադրիչն է, որն առավել համարձակ պրոֆեսիոնալ գործելու դեպքում կօգնի նաեւ հոսպիտալացումների թվի նվազմանը, կմեծացնի սոցիալական պատասխանատվությունը, կանխարգելիչ հետազոտությունները կիրականացվեն նոր մեթոդաբանությամբ։
«Նորից պետք է շեշտեմ, որ մեր առաջնահերթություններից է առավել կայուն, առավել կազմակերպված առաջնային օղակ ունենալը. սա այն հարթությունն է, որտեղ քաղաքացին պետք է գտնի իր բոլոր հարցերի պատասխանները, ստանա պատշաճ բուժօգնություն, այդ թվում եւ կանխարգելիչ, որպեսզի բարդությունները կանխվեն։ Երկրորդային՝ արդեն հիվանդանոցային բուժման առումով մենք առավել կայուն եւ զարգացած վիճակում ենք։
Իսկ հեռանկարային առումով ես պատկերացնում եմ առավել պաշտպանված քաղաքացի, առավել պաշտպանված բուժաշխատող եւ առողջապահական առավել կայուն համակարգ. սրան եւս այլընտրանք չկա»,-նշեց նախարարը։
Որպես երրորդ գերակա ուղղություն Արսեն Թորոսյանն ընդգծեց ապահովագրական ծածկույթի ընդլայնումը, ինչը թույլ կտա ՀՀ բոլոր քաղաքացիներին ունենալ երաշխավորված բուժօգնություն։ «Այո, ժամանակ է պետք, բայց սրանք հստակ նախանշված անելիքներ են»,— ասաց Արսեն Թորոսյանը։

Ապացուցողական բժշկությունն ամուր հիմքերի վրա

Մարդկային կյանքեր փրկելու եւ առողջության պահպանման առումով կարեւորվում են գիտության ամբողջ զինանոցի օգտագործումը, այս պարագայում կարեւորվում է ապացուցողական բժշկության դերն ու նշանակությունը։ Ապացուցողական բժշկության, գիտական բժշկության եւ գործնական առողջապահության միջեւ կամրջումը, ըստ Արսեն Թորոսյանի, հնարավոր է միջազգային ուղեցույցների ու գործելակարգերի ներդրմամբ, գործընթացն, ի դեպ, ընթացքի մեջ է։ Դրանց առկայությունը կօգնի, որպեսզի հայաստանյան կլինիկաները բուժման գործընթացում առաջնորդվեն միջազգային չափորոշիչներով՝ հիմնված գիտական կոնկրետ արդյունքների վրա։ Սա կպաշտպանի եւ քաղաքացուն, եւ բժշկին՝ դառնալով գիտական արդյունքները բուժման մեջ ներդնելու կամուրջը։
«Կա գիտություն եւ մնացյալ ամեն ինչ, եւ եթե ինչ-որ բան գիտությամբ ապացուցված չէ, չպետք է տեղ ունենա մեր կյանքում, ոչ միայն առողջապահությունում։ Բայց եթե տեղ ունի, եւ դա վտանգավոր է առողջության համար, մենք պետք է զբաղվենք դրանով։ Ամեն դեպքում՝ այդ ամենը չպետք է հասնի այնպիսի զավեշտի, որ նարեկաբուժությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժեն»,-ասաց Արսեն Թորոսյանը։


Բուժապահովագրությունը՝ առանցքային խնդիրների գործուն միջոց

Բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու համար նախ եւ առաջ կարեւորվում է ապահովագրական ծառայությունների ներդրումը, ինչի ոչ բավարար ծավալները, գերատեսչության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն։ Արդյո՞ք բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում կկայանա, այն դեպքում երբ ցանկացած որոշում հանրությունը սովորաբար սվիններով է ընդունում, ի վերջո սեփական գրպանին է նեղություն տալու։ Ըստ նախարարի, բժշկական ապահովագրության համակարգի գործարկումն անհրաժեշտություն է առողջապահության ոլորտում մի շարք առանցքային խնդիրներ լուծելու տեսանկյունից. «Պետական կառույցներն առողջապահությունը պետք է առաջին հերթին դիտարկեն որպես պատասխանատվության ոլորտ Պետությունն իր սոցիալական պարտավորությունը պետք է կարողանա այնպես մատուցել, որ ոչ մեկը ոչ մի դեպքում պետական ֆինանսավորման բացակայության պատճառով կամ այդ պահին գումար չունենալու պատճառով չզրկվի բժշկական ծառայություններից»։


Ոչ թե կասեցում, այլ հետաձգում

Հանրության կողմից բավական մեծ աղմուկ ու դժգոհություն բարձրացրեց դեղերի՝ դեղատոմսերով դուրս գրման նախագծի կիրառումը, որը ԱՆ-ի որոշմամբ հետաձգվեց մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը։ Արդյո՞ք չկա մտավախություն, որ կոռուպցիոն ռիսկերը կմեծանան, չհաշված ստեղծվելիք անհարմարավետությունը։
Դեղերը դեղատոմսով դուրս գրելու նախագիծն ըստ ԱՆ ղեկավարի՝ անհրաժեշտ է, իսկ դրանից սպասելիքները՝ լուրջ եւ տրամաբանված։ «Նախագիծը բոլոր դեղերի դուրս գրման մասով հետաձգվում է, բացառությամբ հակաբիոտիկներից։ Բայց, շեշտեմ, ոչ թե կասեցվում է, այլ հետաձգվում՝ դրա ներդրումն առավել սահուն ու կազմակերպված իրականացնելու նպատակադրմամբ, որպեսզի հնարավոր լինի գործընթացի բոլոր մասնակիցների հետ քննարկել այդ հարցը, ու բոլորի համար հնարավորինս ընդունելի որոշում մշակել։ Ժամանակ է պետք նաեւ մարդկանց մոտ տարիներով, տասնամյակներով ձեւավորված վարքագիծը փոխելու համար»,-վստահեցրեց նա։


«Գարդասիլի» հանդեպ կարծրատիպերը կկոտրվեն

Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ իրականացվող պատվաստանյութի՝ «Գարդասիլի» պարտադիր կիրառման նախագծին հանրությունը դարձյալ ժխտողաբար արձագանքեց։ Նկատենք, նույնիսկ որոշ բժիշկներ դեմ լինելով որոշմանը, պատրաստ էին ազատման դիմում գրել՝ գաղափարապես չկիսելով նախագծի ընդունումը։ Նորանշանակ նախարարը հաստատեց՝ կողմ է պատվաստանյութին, վստահ է՝ կարծրատիպերը կոտրելու փուլը կկարողանան հաղթահարել հաջողությամբ։
«Ասել եմ ու կասեմ՝ «Գարդասիլի» դեմ բոլոր խոսակցություններն արհեստածին են։ Պատվաստումների մեծ դերն ու հիվանդությունների կանխման առումով ազդեցությունը համաշխարհային վիճակագրությունն է փաստում։ Այս պահի դրությամբ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները դեռ փոքր տոկոսով են իրականացվել՝ նախատեսվածի մոտ 5 տոկոսով, քանի որ սխալ քարոզչության ազդեցությունը դեռ զգալի է»,–տեղեկացրեց գերատեսչության ղեկավարը։


ԱՆ թափանցիկ եւ անխափան աշխատանքի ապահովումը՝ առաջնահերթություն

Թափանցիկ աշխատելու եւ հանրային քննարկումներ ծավալելու մշակույթը որքանո՞վ լսելի կդարձնի ոլորտի առաջնահերթությունները եւ կապ կստեղծի գերատեսչության եւ սովորական քաղաքացու միջեւ։ Նախարարը գերատեսչության աշխատանքների առանցքում դիտարկում է քաղաքացուն՝ իր իսկ խնդրով ու, անկախ սոցցանցերում հնչող քննադատություններից, նախընտրում է մարդկանց հետ արագ, ճկուն կապ ստեղծելու մշակույթը. «Երկար փաստաթղթային, բյուրոկրատական մոտեցումների փոխարեն մենք հասանելի ենք առաջին դեմքով։ Կարծում եմ՝ սա է քաղաքացու հետ շփվելու ճիշտ մշակույթը՝ նախարարական աթոռից հասանելի լինելը։
Ու պատահական չէ, որ պատրաստ ենք լսել բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որեւէ դրսեւորման հետ՝ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման եւ տեսչական գործընթացների ժամանակ։ Խնդրել եմ հայտնել ինձ այս մասին [email protected] էլ. հասցեով։ Դիմումներն անձամբ ուսումնասիրելուց հետո կփոխանցեմ իրավապահ մարմիններին։ Իմ նպատակը ԱՆ թափանցիկ եւ անխափան աշխատանքի ապահովումն է եւ դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը»։


Հաշտարարի ինստիտուտի ներդրման հարցը կքննարկվի

Ոլորտի խնդրահարույց նախագծերից մեկը՝ առողջապահական հաշտարարի ինստիտուտի ստեղծումը, կարծես դադարում է իրատեսական լինելուց։ Շատ բժիշկներ բոյկոտեցին օրենսդրական նախաձեռնությունը, անհեթեթ համարելով նման կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ հիմնավորելով, որ նախ եւ առաջ իրենք ունեն իրենց շահերը պաշտպանելու խնդիր, որոնք ոտնահարվում են։ Ի վերջո, բժշկական սխալները երկրում նվազագույնի հասցնելու, բժիշկ-պացիենտ հարաբերությունները նոր հարթակ տեղափոխելու հարցում այլ հիմնավոր լուծում է պետք։
«Հաշտարարի ինստիտուտի ներդրման հարցը պատրաստ ենք քննարկել, եթե հանրային պահանջ լինի։ Այս պահին ես դրա կարիքը չեմ տեսնում։ Համարում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է եւ իրականացնում է այդ գործառույթը։ Ամեն նեղ մասնագիտական ուղղություն չի կարող հաշտարար ունենալ, իսկ այս համատեքստում ֆինանսական գործիքի կիրառումը համարում եմ անթույլատրելի,–նշեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով։–Ամեն դեպքում բժշկական սխալները պետք է հասցվեն նվազագույնի, սա առաջնահերթ խնդիր է, որը պահանջում է բժիշկների մասնագիտական որակի բարձրացում եւ միջազգային պրոտոկոլների ներդրում»։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետպատվերի շրջանակներում, ինչպե՞ս է այն բաշխվելու, որ չարաշահումներն իսպառ վերանան։ Նախարարն այս խնդրի լուծումը դարձյալ համարում է ապահովագրության ներդրումը։ Այս տարվա համար պետպատվերի բաշխումն արդեն արվել է, ու լուրջ վերանայումներ դժվար թե լինեն։ Իսկ հնարավորության դեպքում, եթե դա արվի, շատ ավելի արդյունավետ լուծումներ կտրվեն։
Ի վերջո, ե՞րբ երկրի քաղաքացուն տեսանելի կդառնան ոլորտի թեկուզ աննշան բարեփոխումները։ Արսեն Թորոսյանն ասաց. «Փոփոխությունները նկատելի կլինեն արդեն այս տարի՝ առաջիկա մի քանի ամսում։ Դրանք պետք է լինեն շարունակական, հստակ ծրագրված։ Իսկ արդյունքներից կարող ենք խոսել այն ժամանակ, երբ շարքային քաղաքացին կսկսի դրանք զգալ սեփական «մաշկի» վրա»։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]