«Արշակ Կարապետյանն իրականում վատ ցուցմունք չի տվել, միայն արտակարգ դրության մասին է ասել, ինչը չի եղել». Ռոբերտ Քոչարյան

«Այս քրեական գործն ավելի շատ առնչվում է Սահմանադրության հետ, քան Քրեական օրենսգրքի։ Եվ ամենից հետաքրքիրն այն է, որ այդ 872 վկաներից, որ պետք է հրավիրվեն, ոչ մեկի ցուցմունքը կապված չէ 300.1 հոդվածի հետ։ Ցուցարարները պատմում են, թե ինչ է եղել, զինվորները պատմում են, թե ինչ են արել, ոստիկանները՝ նույնպես, և այս ամենը նշված հոդվածի հետ որևէ կապ չունի։ Մենք, իհարկե, դիմելու ենք Սահմանադրական դատարան և 300.1 հոդվածի տեսանկյունից, և անձեռնմխելիության հարցով։

Չեք կարող կանխատեսել, թե ՍԴ որոշումն ինչպիսին է լինելու, բայց մեր բողոքը բավարարելու դեպքում՝ պատկերացրեք, թե ինչ է լինելու. Կարող է ստեղծվել շատ ավելի մի խառնաշփոթ վիճակ։ Դրա համար ավելի ճիշտ կլիներ, որ այս հարցերը ձեր նախաձեռնությամբ ուղարկեք ՍԴ, և միայն նրա համապատասխան որոշումներից հետո շարունակեք դատավարությունը, որ մենք հետագայում ուղղակի չառնչվենք այնպիսի հարցերի հետ, որոնք ավելի են խճճելու այս գործը։ Սա ընդունեք՝ որպես հորդոր, ցանկություն, խնդրանք։ Չգիտեմ՝ դատարանում ոնց է ընդունված ասել»,- իր խափանման միջոցը փոխելու հարցը քննող դատական նիստի ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն այն մարդը չէ, որ թույլ տա՝ որևէ մեկն իրեն ուղղորդի՝ ինչը ոնց ասել. Դա արժանապատվության հարց է։

Նա նշեց նաև, որ ողջ քրեական գործում իր դեմ որևէ ցուցմունք չի եղել։

«Մի հատ Արշակ Կարապետյան է… Վատ ցուցմունք չի տվել։ Իրականում նորմալ ցուցմունք է տվել… Մեկ բան… Հայտարարել արտակարգ դրություն, ինչը չի եղել, և այդ արտակարգ դրության նկարագրություն քրեական գործում չկա ընդհանրապես։ Ինչ է, ՀՀ-ում արտակարգ դրության մասին միայն Արշակ Կարապետյա՞նն է իմացել։ Հայտարարվել է արտակարգ դրություն, ու այդ հրամանի մասին ոչ ոստիկանապետը գիտի, ոչ ոստիկանապետի տեղակալները, ում հարցնում են, որևէ մեկն այդ հրամանի մասին չգիտի»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ ինչ վերաբերում է 0038 հրամանի՝ հույժ գաղտնի լինելուն, Երկրորդ նախագահը նշեց, որ բանակին վերաբերող բոլոր հրամաններն էլ գաղտնի են, մի մասը՝ գաղտնի, մյուսը՝ հույժ գաղտնի։ Տարվա ընթացքում լինում է մոտավորապես 200-250 նման կարգի հրաման, և ինքը ոչ 0038 է տեսել, ոչ 37-ը, ոչ 36-ը, ոչ էլ 230-ը։

«Պրակտիկայում երբևէ նման բան չի եղել, որ պաշտպանության նախարարի որևէ մի հրաման ուղարկվի նախագահական։ Չկա այդպիսի բան։ Այդ հրամանը ճիշտ հրաման էր, ճիշտ ժամանակին, և կարծում եմ՝ կանխեց շատ վատ զարգացումներ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մի հայտարարություն աներ, որը չէր կարող հրապարակային հնչել, որովհետև պետք է ասվեն տվյալներ, որոնք կարող են առնչվել պետական գաղտնիքի հետ։

Երկրորդ նախագահը խնդրեց, որ դռնփակ նիստին ներկա լինեն Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, քանի որ ասելիքը նաև նրանց է վերաբերում։

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խնդրանքը՝ ասելով, որ դռնփակ դատական նիստին կարող են ներկա գտնվել միայն դատավարության կողմ հանդիսացողները, իսկ Արցախի նախագահները կողմ չեն։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Այդ նույն ժամանակահատվածում պաշտոններից զրկվել էին նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը և մի շարք այլ զինվորականներ:

Թեև այդ ժամանակ աղմկահարույց պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չտրվեցին, այնուամենայնիվ ներքաղաքական, զինվորական կուլիսներում մեղադրանքներ էին հնչում նրանց հասցեին։ Օրինակ, Արշակ Կարապետյանի մասին ասվում էր, որ նրա ղեկավարած կառույցը ժամանակին չի տեղեկացրել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։ Այդ աղմկահարույց պաշտոնանկություններից հետո Ա. Կարապետյանը որոշ ժամանակով Մոսկվայում հանգրվանեց, այնուհետև մոտ 2 տարի անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում նշանակվեց։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որը, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս