Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին․ Ի՞նչ եք անում` կանխելու ոտնձգությունները ՀՀ տարածքի հանդեպ

Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին․ Ի՞նչ եք անում` կանխելու ոտնձգությունները ՀՀ տարածքի հանդեպ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայատյաց հայտարարություններին, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ի՞նչ է նա անում կանխելու համար ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել; Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրը Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։

«Բաքվի զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հողերն են»: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ եք մտածում այդ մասին: Հուսով եմ՝ Ձեր գործողությունները, ավելի ճիշտ` անգործությունը, ՀՀ սահմանները պաշտպանելու հարցում չեն նշանակում, որ համամիտ եք նրա հետ այդ հարցում:

Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնց ռազմական հանցագործությունները, չգիտես ինչու մինչ օրս առիթ չեն դարձել Ձեզ համար միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելու, ինչպես հանցանքների, այնպես էլ հայկական կողմին հասցված նյութական վնասների համար (ըստ որոշ գնահատականների, ավելի քան $100 մլրդ), հատել են բոլոր «կարմիր գծերը»։

Դա Ձեզ չի՞ մտահոգում: Ի՞նչ եք անում` կանխելու համար նրանց ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որի պետական սահմանները տեղ-տեղ պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ խաղաղ բնակիչները, աշխարհազորայինները կամ տեղի ձեռնարկությունների անվտանգության աշխատակիցները: Եվ դա տեղի է ունենում պետական կառույցների կողմից հստակ տեղեկատվության իսպառ բացակայության պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում:

Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանն ինքնամեկուսացել է երկրի ու հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի լուծումից, մինչդեռ իրավիճակը գնալով խորանում է. «Կառավարչական քաոս, բնակչության անվտանգության և պետսահմանների անձեռնմխելիության երաշխիքների բացակայություն»:

«Ցավոք, Ձեր, հաճախ Սահմանադրությանը հակասող, քայլերի արդյունքում, այն է՝ Արցախի և հարակից տարածքների սահմանների անարդարացի վերաձևում, խառնաշփոթ ՀՀ սահմանների ճշգրտման գործում, տարածաշրջանում հաստատվում է ոչ թե խաղաղ գոյակցություն ու բարգավաճում, ինչն ակնարկում եք Դուք և Ալիևը, այլ նոր պատերազմի օրակարգ է ձևավորվում։ Ձեր ստորագրած փաստաթղթի հետևանքով հայ ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանված չեն և նա հույսով և հավատով նայում է ոչ թե Ձեզ, այլ Ռուսաստանի նախագհին և օգնության դիմում նրան: Իսկ Ձեզանից և ձեր կառավարությունից մեր ժողովուրդը այս և այլ հարցերի առնչությամբ գործուն քայլեր է ակնկալում»,- ասված է Արա Աբրահամյանի հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---