1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խոհարարական «Հոգվարթս». որտե՞ղ են ստանում ամենահեղինակավոր կրթությունը

Խոհարարական «Հոգվարթս». որտե՞ղ են ստանում ամենահեղինակավոր կրթությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձառու շեֆերն ասում են, որ ուտեստ պատրաստելը դեռ խոհարարություն չէ․․․ Բարձրագույն խոհանոցը կախարդանք է, և ստեղծագործելու՝ ուտեստը որպես արվեստ արարելու տաղանդ ու կրթություն է պահանջում։ Աշխարհի ամենահեղինակավոր, լեգենդար խոհարարական դպրոցները ներկայացնում ենք ստորև․

 Le Cordon Bleu

Աշխարհի ամենահին և ամենախոշոր հյուրընկալության և խոհարարության դպրոցներից մեկը՝ Le Cordon Bleu-ն է (բառացի՝ «Կապույտ ժապավեն»)։ Դպրոցի պատմությունը սկսվել է Ֆրանսիայում, ըստ լեգենդի այն կապում են 1578 թ․-ին գործող «Սուրբ Հոգի» Միաբանության հետ։

Ավանդույթի համաձայն Միաբանության ասպետները կրում էին կապույտ ժապավեններ, որոնց վրա ամրացված էր Սուրբ խաչը։ Ըստ վարկածի՝ Միաբանության անդամ կարող էին դառնալ միայն բարձր խավի ազնվականները, որոնք նաև իսկական գուրմանների համբավ էին վայելում։ Այսպես, շռայլ և շքեղ ճաշկերույթները, որոնք կազմակերպում էին այդ գուրման-ասպետները ժամանակի ընթացքում սկսեցին անվանել cordons bleus: Այս պատմությունն է հայտնի խոհարարական դպրոցի լեգենդի հիմքում:

Դպրոցի հիմնական կրթական առաքելությունը՝ ֆրանսիական խոհանոցի առանձնահատկությունների ու գաղտնիքների ուսուցանումն է։ Le Cordon Bleu-ն աշխարհին տվել է միջազգային ճանաչում և համբավ ունեցող խոհարարների: Այսօր Le Cordon Bleu-ն աշխարհում ունիհավատարմագրված 50 մասնաճյուղ։ Յուրաքանչյուր տարի շուրջ 20 հազար ուսանողներ ընտրում են հենց այս դպրոցը որպես խոհարարական արվեստի կրթօջախ։

Academia Barilla

Արևոտ Իտալիայի բռնկուն և գերզգացմունքային «խառնվածքը» ամբողջությամբ մարմնավորված է Barilla խոհարարական ակադեմիայի դասընթացներում։

Barilla-ն Իտալիայի ամենանշանավոր խոհարարական դպրոցն է, որը հսկայական ուսումնական հաստատություն է և գտնվում է Իտալիայի Պարմա քաղաքում։ Պաշտոնապես ակադեմիան հիմնադրվել է 2004 թ.-ին, համանուն պաստա արտադրող Monini գործարանի կողմից:

Այսօր ակադեմիայի առաքելությունն է ավանդական իտալական խոհանոցի պահպանումն ու հանրահռչակումը։ Այդ իսկ պատճառով  կրթական ծրագրում ներառված է հատուկ մշակված դասընթաց, որն իր սաներին ներկայացնում է իտալական խոհանոցի պատմությունը, գաղտնիքներն ու ավանդույթները։ Այստեղ դասավանդում են պրոֆեսորի կոչում ունեցող աշխարհի լավագույն խոհարարները: Այստեղ գործում է նաև համտեսների՝ դեգուստացիայի լաբորատորիա։

The Culinary Institute of America

Ամերիկյան խոհարարական ինստիտուտը հիմնադրել են երկու կին՝ փաստաբան Ֆրանսես Ռոթն ու հոգեբան Քեթրին Էնջըլը 1946 թ․-ին։ Սկզբում այն գործում էր որպես Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների վերապատրաստման հատուկ կրթական կենտրոն։ Այստեղ նախկին զինվորականներին օգնում էին ձեռք բերել նոր մասնագիտություն և վերաինտեգրվել հասարակություն։

Սակայն տաղանդավոր կանանց եռանդն ու կառավարման առաջադեմ մոտեցումները բերեցին նրան, որ մարդիկ 4 տարի անց փոքրիկ հաստատությունը սկսեցին անվանել «ազգային խոհարարական կենտրոն», որտեղ վերապատրաստվեցին շուրջ 600 վետերան: Նրանք աշխատանքի անցան որպես շեֆ-խոհարարներ, հրուշակագործներ, սննդաբաններ և այլն:

CIA բակալավրիատը ներառում է․ գիտական խոհարարական դասընթացներ, սնվելու կիրառական գիտություններ, հանրային սննդի մենեջմենթ, բացի դրանից ինստիտուտում հնարավոր է ստանալ հացթուխի, խոհարարական արվեստի մասնագետի որակավորում։

Ամերիկյան խոհարարական ինստիտուտն աշխարհի ռեստորանային ինդուստրիային տվել է ավելի քան 50 հազար բարձրակարգ շրջանավարտ-մասնագետ, ովքեր աշխատում են տարբեր երկրների լավագույն ռեստորաններում։

Institut Paul Bocuse

Այս ցուցակն ամբողջական չէր լինի առանց Պոլ Բոքյուզի անվան ինստիտուտի։ Հենց այս խոհարարի շնորհիվ աշխարհում փոխվեց մասնագիտության ընկալումը, ստացավ և ամրապնդեց մշակույթային ու արվեստական դիմագիծը։ 

Բոքյուզին համեմատում են երաժշտության մեջ՝ Բեթհովենի, կինոյի պատմության մեջ՝ Չարլի Չապլինի, Ֆուտբոլում՝ Պելեի, բռնցքամարտում՝ Մուհամեդ Ալիի, քաղաքականության մեջ Ուիսթոն Չերչիլի հետ։ Նրա հիմնած խոհարարական ինստիտուտի սաների համար ինստիտուտը՝ իսկական Հոգվարթս է, իսկ «Ոսկե բոքյուզ» (Bocuse d’Or) խոհարարների մրցույթ-փառատոնը բարձր խոհանոցի Օսկարի մրցանակաբաշխությունն է։

Ինստիտուտի պատմությունը սկսվում է 1990-ական թվականին, երբ Լիոնում հիմնվեց «Ecole des  Arts Culinaires et de l’Hotellerie»` Խոհարարական արվեստի ու հյուրընկալության դպրոցը, որի պատվավոր նախագահն էր ընտրվել Պոլ Բոքյուզը։

2002թ․ «Ecole des Arts Culinaires et de l’Hotellerie» խոհարարական դպրոցը վերանվանվում է Պոլ Բոքյուզի անվան ինստիտուտ և ոլորտի ամենահեղինակավոր կենտրոններից է դառնում։ Ինստիտուտի կրթական ծրագրում ներդաշնակորեն միահյուսված են ավանդույթներն ու ժամանակակից խոհարարական տեխնիկաների օգտագործումը։

Հ.Գ.

Խոհարարի մասնագիտությունը XXI դարի ամենապահանջված ու դինամիկ մասնագիտություններից է: Միտումներին համաձայն այսօր խոհարարի աշխատանքը Հայաստանում ևս պահանջված է, իսկ ոլորտով հետաքրքրվող  հայ երիտասարդներին մտահոգում է, թե Հայաստանում որտե՞ղ ուսանել համի փիլիսոփայությունն ու ուտեստներ ստեղծելու մոգական մասնագիտությունը: Հարցին ի պատասխան, նշենք, որ Հայաստանն էլ կունենա խոհարարական ակադեմիա: Սույն թվականի հունվարի 15-ին «Երեմյան փրոջեքթս» ընկերության և Մեծ Բրիտանիայի Activate Learning-City of Oxford College-ի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որի համաձայն՝ Activate Learning-City of Oxford College-ը Հայաստանում դառնում է նոր բացվող «Երեմյան փրոջեքթս»-ի «Խոհարարական արվեստի և հյուրընկալության» ակադեմիայի բացառիկ գործընկերը: Արդյունքում համատեղ մշակելու և ներդնելու են Ակադեմիայի կողմից իրականացվող կրթական ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]