Առաջիկայում Դավիթ Սանասարյանը կպատասխանի ԱԱԾ տնօրենի հայտարարությանը

Դավիթ Սանասարյանը քիչ առաջ միացել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին։  Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը վաստակած և նվաճած օր է։

«Հպարտություն եմ զգում, տարիներով մեր քաղաքացիների չարչարանքների ու ապաշխարանքի, մեր մեջքն ուղիղ պահելու  օրն է այսօր։ Քայլում եմ փողոցով, տեսնում եմ ընկերներին, շնորհավորում մեր քաղաքացիներին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանը։

Հարցին՝ հարուցված քրեական գործն օրվա խորհուրդը չի՞ ստվերում իր համար, Դավիթ Սանասարյանը նկատեց՝ ընդհակառակը, դա խորհրդանշական է։
«Իմ պայքարը քրեական գործերով է անցել, որևէ խնդիր չեմ տեսել»,- ասաց Դ. Սանասարյանը։

Դավիթ Սանասարյանը ցանկություն հայտնեց, որպեսզի Քաղաքացու օրը չխոսի հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացների վերաբերյալ հարուցված քրեական գործից, այլ միայն լավ բաներից, չնայած համարում է, որ այդ քրեական գործն էլ է լավ բան՝ պայքարի արդյունք է։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ:

«Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։ Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք»,- գրել էր նա։

«Ես հենց սրա մասին էի խոսում, բայց մարդիկ չգիտես ինչից էին խոսում։ Ասել եմ, որ մեր ուսումնասիրության նպատակը եղել է պարզել՝ արդյո՞ք հեմոդիալիզի պարագաների գնումների օրենքին համապատասխան են մատակարարվել, պարզել ենք, որ օրինական չի եղել։ Անկախ այն հանգամանքից, թե այս գործն ինչ կլինի, մեկ բան ինձ համար հստակ է, որ այսուհետև ուշադիր կլինեն հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացին, և պետությունը դրանից մեծ միլիոներ է շահելու»,- ընդգծեց Դ. Սանասարյանը։

Նրա դիտարկմամբ՝ որևէ ընկեր իրեն չի լքել, բոլոր իրական ընկերներն այսօր իր կողքին են։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում իր փաստաբանի մասնակցությամբ հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ ԱԱԾ պետի հայտարարություններին։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս