Ինչով է վտանգավոր Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական առանցքը Հայաստանի համար

«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին՝ անդրադառնալով օրերս ադրբեջանական Գաբալայում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների թվով 7-րդ հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ հանդիպմանը Վրաստանին առաջարկ է արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որին Վրաստանը համաձայնել է։

Զաքիր Հասանովն ասել է, որ տարեցտարի թուրք-ադրբեջանական զորավարժությունների քանակն ավելանում է, եթե 2018-ին յոթ զորավարժություն էր անցկացվել, ապա 2019-ին 13 զորավարժություն է պլանավորված: Հուլուսի Աքարն ասել է, որ երեք երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառույցների անվտանգությունն ապահովելու հարցեր:

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ խորանում է՝ ինչպես Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցությունը, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան համագործակցությունը նույն ոլորտում։ Սակայն, ըստ նրա, այստեղ կան որոշ խոչընդոտներ Վրաստանի և Հայաստանի համար, քանի որ Վրաստանը շարժվում է եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով միանալ ՆԱՏՕ-ին, որի անդամ է Թուրքիան և որի հետ ավելի սերտ համագործակցություն ունի Ադրբեջանը։

Ուստի, Մենագարիշվիլիի կարծիքով, այս եռակողմ համագործակցության հիմքում այս ոլորտում եվրոատլանտյան  ինտեգրացիան է, որը միավորում է երեք երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, իսկ Հայաստանը մաս է կազմում ՀԱՊԿ-ին և սահմանափակված  է մասնակցել լիարժեքորեն Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառումներին։

«Չնայած դրան՝ կողմերը փորձում են երկկողմ ձևաչափում աշխատել և կազմակերպել համագործակցությունը։ Հասկանալի է, որ Հայաստանում Վրաստանի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կարող է դիտարկվել աջակցություն Հայաստանի շրջափակմանը։ Սակայն դա թյուր պատկերացում է, քանի որ տարածաշրջանում Հայաստան-Վրաստան երկկողմ ձևաչափը մշտապես կարևոր է եղել երկու կողմի համար, եղել է անձեռնմխելի երրորդ գործընկեր երկրների կողմից, խոսքն ինչպես Ռուսաստանի մասին է՝ Հայաստանի դեպքում, այնպես էլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասին Վրաստանի դեպքում։

Կարծում եմ՝ այստեղ կա խորը փոխըմբռնում կողմերի միջև, և երբեք որևէ համագործակցություն չի կարող դիտարկվել սպառնալիք։ Շատ է խոսվել Վրաստանի համար սպառնալիք՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին, որի թիրախը ՆԱՏՕ-ն  է, այսինքն՝ Վրաստանը, Թուրքիան, սակայն հայկական կողմը մշտապես վստահեցրել է, որ նման սպառնալիք ՀՀ տարածքից Վրաստանը չի կարող ունենալ։ Նույն այս տրամաբանությունից ելնելով՝ կասեմ, որ տվյալ ռազմական եռակողմ ձևաչափը չի կարող որևէ կերպ օգտագործվել ընդդեմ  Հայաստանի՝ դրանում Վրաստանի ներկայության պատճառով։

Քաղաքական համերաշխությունը Վրաստանի և Հայաստանի միջև մշտապես եղել է բարձր մակարդակի վրա, ու կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, դա կարևոր է, քանի որ տարածաշրջանում անվտանգությունը վտանգված է, ԼՂ հակամարտությունը դեռ չի լուծվել, ուստի կողմերը պետք է հաշվի առնեն տարածաշրջանի զգայունությունը։ Սակայն սա նաև նշանակում է, որ Հայաստանը համագործակցության այլ առանցքներ պետք է ձևավորի տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ՝ վերականգնելու համար հավասարակշռությունը։ Հայաստանն ունի այդ հնարավորությունները և, անկախ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններից, ՀԱՊԿ անդամակցությունից, Հայաստանը պետք է անվտանգության այլ բարձիկներ գտնի և չհենվի միայն մեկի վրա»,- նման կարծիք հայտնեց Մենագարիշվիլին։

Նա նշեց, որ նման ծրագրերում Հայաստանի գործընկերները կարող են լինել՝ ինչպես Վրաստանը, Իրանը, այնպես էլ՝ Արևմուտքն ընդհանուր առմամբ։ <Ինչպես տեսնում ենք, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև կա շփումների ոչ պաշտոնական ձևաչափ, ինչը ևս կնպաստի ոչ պաշտոնական մթնոլորտում բոլոր անհանգստացնող հարցերը քննարկելու համար։ Ինչպես հիշում եք, վերջին նմանատիպ հանդիպումներից մեկին մասնակցում էին նաև պաշտպանության նախարարները, ինչը պատահական չէ։ Բոլոր հարցերը քննարկվում են մեր երկրների միջև, և քաղաքական համերաշխությունը պահպանվում է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս