Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով Միչիգանի նահանգի Սենատի ընդունած բանաձևին, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, նշեց, որ սա լուրջ ձեռքբերում է և մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է:
Հիշեցնենք, որ Միչիգանի նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:
«Արցախի հայությունը վճռական է տրամադրված ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում և ապրելու՝ բռնության ու ճնշումներից զերծ միջավայրում։ Ճանաչելով Արցախի անկախությունը միջազգային հանրությունը կարող է վերջ դնել այս շուրջ մեկդարյա հակամարտությանը», - ասված է բանաձևի տեքստում։
Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը: