×


Բացառիկ կադրեր եւ մանրամասներ Հանրայինի նոր՝ «Դիմակահանդես» մեգանախագծից

Հոկտեմբերի 30-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի երաժշտական-ժամանցային նոր նախագիծ՝ միջազգային «The Masked Singer» շոուի հայկական տարբերակը՝ «Դիմակահանդեսը»։ Հեռուստաընկերությունը ձեռք է բերել հեղինակային իրավունքները՝ նկարահանելու եւ ցուցադրելու ամենամեծ դիտելիությունն ունեցող հանրահայտ շոուի իր տարբերակը՝ իհարկե, պահպանելով հիմնական միտքն ու ձեւաչափը։ BRAVO.am-ն օրերս ներկա է եղել հաղորդման նկարահանումներին, զրուցել է նախագծի հեղինակների հետ եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները դահլիճում ու ետնաբեմում։

«Դիմակահանդես» հեռուստաշոուի նկարահանումներին


Երգիչներ, դերասաններ եւ այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչներ նախագծի շրջանակում կերպարանափոխվելու են եւ անճանաչելի տեսքով ներկայանալու ժյուրիի անդամներին, հանդիսատեսին ու հեռուստադիտողին։ Մրցութային փոքրիկ բաղադրիչն էլ ավելի է հետաքրքրացնում հաղորդման ընթացքը, որի ավարտին մասնակիցներից մեկը դուրս է գալու, հանելու է դիմակն ու բացահայտելու իրեն։ Այդպիսով մրցակցությունը հաղթահարելու է այն մասնակիցը, որին մինչեւ վերջ չեն բացահայտի «հետախույզները»՝ ժյուրիի անդամները։

«Գաղափարը հետեւյալն է՝ պարտադիր չէ բացահայտել որեւէ մեկին կամ մտածել՝ ով է դիմակի տակ ու հանել այդ մասնակցին։ Դու կարող ես վստահ լինել, որ իքս մարդն է այդ դիմակի տակ, բայց նրան դեռ չհանել նախագծից, եթե հավանում ես նրա ելույթներն ու կատարումները։ Սա մրցույթ չէ, սա շոու է, ժամանցային մեծ նախագիծ, որտեղ մասնակիցներն ունեն անհավանական հնարավորություն երգել բոլոր այն երգերը, որ միշտ ուզել են, անել այն ամենը, ինչ ուզում են, որովհետեւ նրանք դիմակներով են ու ավելի ապահով։ Իսկ հետախույզներն ու հեռուստադիտողը միասին խաղ են խաղում, փորձում են գուշակել՝ ով է դիմակի հետեւում։ Այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան, ուղղակի կա մի փոքրիկ մրցութային բաղադրիչ, որ հետաքրքրացնի ձեւաչափը»,- մեր զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։

Իվետա Մուկուչյանը


«Դիմակահանդես»-ի ժյուրիի կազմում հանդես են գալիս դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանը եւ երգչուհի Սոնան։ Հաղորդումը վարում է Ֆելիքս Խաչատրյանը։

Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանն ասաց, որ ժյուրիի անդամներին եւս ընտրել են բազմազանության սկզբունքով, որպեսզի մեկը լինի երաժիշտ, մյուսը հասկանա բեմական կեցվածքից, մեկ ուրիշը հենց երգիչ լինի, արտիստ։

«Դիմակահանդես» հեռուստաշոուի նկարահանումներին


«Հանրայինի եթերում վաղուց այսպիսի մասշտաբային ու ժամանցային նախագիծ չի եղել։ Կարելի է ասել՝ սա Առաջին ալիքում երբեւէ ստեղծված ամենածավալային նախագծերից մեկն է։ 120-ից ավելի մասնագետ է աշխատում այս նախագծի շրջանակում։ Անվան շուրջ նույնպես երկար ենք մտածել եւ վերջում ընտրել ենք «Դիմակահանդեսը». մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համանուն ստեղծագործությունը կարծես բրենդ է մեզ համար, որոշեցինք օգտվել առիթից եւ տեղայնացնել այս նախագծում»,- ասաց Աննան։

«Դիմակահանդես» հեռուստաշոուի նկարահանումներին


Նշենք, որ հաղորդման նկարահանումներն ընթանում են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Աննա Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընտրվել տարածքը։ Նա ընդգծեց, որ իրենց անհրաժեշտ էր հնարավորինս մեծ ու հարմար ենթակառուցվածքներ ունեցող դահլիճ, եւ երկար փնտրտուքներից հետո որոշել են Համալիրում նկարահանել․«Այս տարածքը մեզ բավական հարուստ լուսային էֆեկտների եւ այլ ենթակառուցվածքների հնարավորություն է տալիս։ Այստեղ կան դիմահարդարման բազմաթիվ սենյակներ, բացի այդ, մեր արտադրական մասի համար է հարմար։ Այստեղ շատ հարմար է նաեւ արտիստների գաղտնիությունն ապահովելը, ինչն ամենակարեւորն է. կարողանանք այնպես ուղեկցել տարածք, որ որեւէ մեկը չտեսնի, չբացահայտի նրանց»։


Նախագծի ռեժիսորն Արթուր Մանուկյանը է, որը Հանրայինի հետ համագործակցության բազմաթիվ փորձեր ունի։ Իր խոսքում նա խոստովանեց, որ սկզբում թերահավատորեն է մոտեցել նման մասշտաբային ու հայտնի նախագիծը տեղայնացնելու գաղափարին, բայց շնորհիվ մասնակիցների եւ ստեղծագործական կազմի ոգեւորության, մեծ աշխատանքի ու պրոֆեսիոնալիզմի՝ հաջողվել է ստանալ ցանկալի ու լավագույն արդյունքը․«Չէի պատկերացնում, որ նախագիծն այսպիսի  տեսք կունենա, որովհետեւ չգիտեի, որ մենք ունենք այդքան լավ կոստյումերներ, այդքան պրոֆեսիոնալ մասնագետներ մեր շուկայում։ Դիտել եմ բոլոր երկրների նախագծերը՝ թե՛ ուկրաինական, թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական։ Ինձ ամենից շատ դուր է եկել ուկրաինական տարբերակը, բայց մեր հայաստանյան տարբերակը կտրուկ տարբերվում է բոլորից, իր ձեւաչափով թերեւս մի քիչ ավելի մոտ է ամերիկյանին»,- ասաց ռեժիսորը։

«Դիմակահանդես» հեռուստաշոուի նկարահանումներին


Հավելենք, որ հաղորդումը եթեր է հեռարձակվելու ամեն կիրակի՝ Հանրայինի երեկոյան եթերում։ Այնպես որ կարող եք միանալ ժյուրիին ու հանդիսատեսին՝ միասին հետեւելու արտիստների կերպարանափոխություններին, ելույթներին եւ գուշակելու, թե ում ձայնն է հնչում, կամ ովքեր են թաքնված դիմակների հետեւում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին