Մատչելիության հղումներ

Նկատելիորեն աշխուժացել է ներգնա զբոսաշրջությունը


Այս օրերին հայաստանյան հանգստի գոտիները հիմնականում զբաղված են, մարդկանց հոսքը բավականին ակտիվ է։

Դիլիջանի հյուրատներից մեկի մենեջեր Սվետլանա Անանյանն ասում է, որ մարդիկ սովորել են հանգստանալ արտակարգ դրության պայմաններում:

Այլ պատկեր էր հունիսին։ Տուրիստական վայրերը դատարկ էին։ Սվետլանա Անանյանը երկու ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ երբեք այս սեզոնին այդքան քիչ հյուր չեն ունեցել։ Այն ժամանակ, եթե մարդիկ գնում էին Դիլիջան, ապա, վախենում էին հանգստյան գոտիներում գիշերել, ռեստորաններ հազվադեպ էին այցելում։

Այսօր, արդեն, ըստ հյուրատան մենեջերի՝ փոփոխություններն ակնառու են. – «Մարդիկ սկսել են ավելի վստահել: Առաջ նույնիսկ եթե գալիս էին, շատ վախվորած էին: Դիլիջանում բավականին բարձր հսկողություն է սահմանված սանիտարական վիճակների պահպանման առումով»:

Դիլիջանի այս հյուրատանը նախքան կորոնավիրուսի համաճարակն ու սահմանների փակումը հիմնականում օտարերկրացի տուրիստների էին ընդունում։ Հիմա արդեն այլ պայմաններով են աշխատում. – «Հարմարված էին տուրիստների հետ աշխատելուն, որոնք գալիս են ուշ ժամի, գնում են առավոտյան շատ շուտ: Հիմա ըստ իրավիճակի վերակազմակերպվենք: Հայկական շուկայի պահանջները մի քիչ տարբերվում են տուրիստների պահանջներից: Բայց քանի որ օգոստոսին միշտ էլ փորձել ենք համատեղել և' նրանց, և' նրանց հետ աշխատանքը, այդքան էլ դժվար չէր»:

Տուրիզմի զարգացման մասնագետ Գևորգ Բաբայանն ասում է, որ թեև այժմ հյուրատներում մեծ հոսք կա, ներքին տուրիզմը զարգանում է, սակայն արդյո՞ք սահմանները բացվելուն պես քաղաքացիները չեն շտապի արտերկիր։ Սրանից խուսափելու համար հանգստյան գոտիները պետք է մտածեն, թե ինչպես հայաստանցիներին գրավեն ու պահեն Հայաստանում։

Նկատում է նաև՝ հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար հանգստյան գոտիներում միջոցառումների, ժամանցի հատվածը դատարկ է, այս իմաստով փոփոխություններ չկան. - «Միգուցե շատերը մտածում են, որ էկող տարի կբացվի, նորից մեր միջազգային հյուրերը կգան, նրանք սրանց կարիքը չունեն, բայց կարող եմ ասել, որ սա նաև կերկարացներ իրենց սեզոնը: Երկու ամսից հետո սեզոնը փակվելու է: Ի՞նչ է լինելու: Երկու-երեք ամսից հետո այս տաղավարներում էլ մարդիկ չեն գնալու անձրև է լինու, ցուրտ է լինելու... Չեն փորձում մի փոքր ավելի երկար նայել, երկար մտածել, որպեսզի հարմարվեն նաև այլ սեզոններին»:

Հարություն Հովակիմյանը, ով ճամփորդել է տասնյակ երկրներում, նկատում է, որ Հայաստանի հանգստյան գոտիների առաջարկած գները հարմար են արտերկրից ժամանած տուրիստներին. - «Գները չեն փոխվել, բայց նույն տեղերում հանգստանալը Հայաստանի քաղաքացիների համար մի քիչ ավելի թանկ է ստացվում: Խելացի կլիներ, եթե բիզնեսների կողմից իրենց գների վերանայում լիներ, հաշվի առնեն, որ եթե իրենք միշտ սպասարկել են, օրինակ, Եվրոպայից եկող կամ Ամերիկայից եկող տուրիստներին, այս տարի իրենք սպասարկելու են Հայաստանի քաղաքացիներին` գները կարելի էր վերանայել»:

Մինչդեռ տուրիզմի փորձագետի խոսքով, գուցե առաջարկվող գները այնքան էլ մատչելի չեն Հայաստանի քաղաքացիների համար, սակայն, այդ կազմակերպությունների գործունեության ժամկետը սեղմ է, հատկապես այս տարի, երբ մինչև հուլիս գրեթե չեն գործել։

«Դու էնտեղ երեք ամիս միգուցե ամբողջ զբաղվածությամբ ես գործում, մեկ-երկու ամիս էլ` միգուցե 50 տոկոս զբաղվածությամբ, մնացած ամիսներին գրեթե դատարկ ես: Այսպիսով, պետք է կարողանաս 3-4-5 ամսում այնքան գումար վաստակել, որ ամբողջ տարվա ընթացքում չկրճատես անձնակազմ, կարողանաս վերանորոգում անել, պատրաստվես հաջորդ սեզոնին, գովազդես քո հյուրատունը: Մի խոսքով, ընդհանուր խնդիրը գալիս է նրանից, որ մեր մոտ սեզոնը շատ կարճ է», - ասաց Գևորգ Բաբայանը:

«Բարձրացել է նաև մեկօրյա ուղևությունների պահանջարկը», - ասում է ներքին տուրիզմով զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Մաթևոս Բարսեղյանը։ - «Միանշանակ արդեն սկսվում է ակտիվությունը, բայց անցած տարվա համեմատ բավականին զիջում է: Էս տարվա հուլիսը բավականին զիջեց անցած տարվա հուլիս ամսին: Բայց արդեն սկսում են մարդիկ ակտիվանալ, գիտակցում են, որ բնության մեջ լինելով` պահելով պարետատան բոլոր որոշումները, հնարավոր է լավ հանգիստ անցկացնել: Ակնկալում ենք օգոստոս ամսին ևս աճ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG