Բաժիններ՝

«Շուտով Գյումրիում կունենանք հայ-չինական համատեղ լաբորատորիա». Գիտության կոմիտեի նախագահ

«Այս տարի կարևոր մի բան տեղի ունեցավ. կառավարության հուլիսի 11-ի որոշմամբ առաջին անգամ պետական բյուջեից լուրջ գումարներ հատկացվեցին Գիտության պետական կոմիտեին՝ նորագույն սարքավորումներ ձեռք բերելու համար: Խոսքը 448 միլիոն դրամի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Նախատեսվում է 7 գիտական գերժամանակակից սարքավորումներ գնել: Սա մրցույթով է արվելու: Առնվազն 6 լաբորատորիա կստանա գերժամանակակից նորագույն սարքավորում, որը, կարծում եմ՝ հետագայում լուրջ հետևանքներ կթողնի այդ հիմնարկների գիտական աշխատանքների մակարդակի վրա»,- հավելեց նա:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը՝ հայտնելով, որ 2019թ. հունվարի 25-ին ստորագրվել է Հայաստանի  Հանրապետության Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական  խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցության ծրագիր, որի սահմաններում հայտարարել են մրցույթ, և մինչև տարեվերջ 5 ծրագիր կֆինանսավորվի:

«Շատ լավ համագործակցություն է գնում Չինաստանի հետ: «Մշակման փուլում է ՀՀ գիտության կոմիտեի և ՉԺՀ արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Շուտով Գյումրիում կունենանք հայ-չինական համատեղ լաբորատորիա: ՀՀ գիտության կոմիտեի և Իսրայելի գիտության և տեխնոլոգիաների   նախարարության միջև էլ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին  հուշագրի նախագիծ է մշակվել: Հույս ունեմ, որ դեղագործության և տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կունենանք լուրջ համագործակցություն: Ինչո՞ւ չէ՝ նաև հայագիտության ոլորտում»,- նշեց Սամվել Հարությունյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս