Բաժիններ՝

«Սևանից հավելյալ ջրառի թույլատրելի չափն ապագայում պետք է վերանայվի». Կարինե Դանիելյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սևանից հավելյալ ջրառին՝ գրել էր, որ օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով:

«Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավելյալ ջրառ իրականացնել Սևանից:

Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,- գրել էր վարչապետը:

168.am-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը դրական համարեց, որ Սևանից քիչ ջուր են վերցրել։

Նա տեղեկացրեց, որ դեռևս փետրվարին Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անունից նամակ էր ուղարկել վարչապետին՝ խնդրելով, որ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառ չիրականացնեն և փնտրեն ճանապարհներ, որպեսզի ջրառի դեպքում չանցնեն օրենքով սահմանված չափը՝ 170 միլիոն խորանարդ մետրը։

«Նամակում հորդորել էինք Կառավարությանը, որպեսզի զբաղվեն նաև ոռոգման համակարգի բարելավմամբ, քանի որ այն ուղղակի քայքայված վիճակում է։ Այդ համակարգում մենք ավելի շատ ջուր ենք կորցնում, քան Սևանից վերցնում ենք։ Այս արդյունքներն առայժմ ինձ գոհացնում են, ուրախացնում է, որ ջրի մակարդակը բարձրանում է։ Բայց սրան զուգահեռ՝ պետք է անպայման հետևեն ափերի մաքրման աշխատանքներին։ Չստացվի այնպես, որ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ջուրը բարձրանա, վնասվի կանաչ տարածությունները, շինությունները և այլն»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ օրենքը թույլատրում է Սևանից վերցնել 170 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն խնդիրն այն է, թե որքա՞ն ջուր են ստանում այն գետերից, որոնք թափվում են Սևան, հատկապես՝ Արփա-Սևան թունելից։ Ուստի ապագայում  հավելյալ ջրառի թույլատրելի չափը պետք է վերանայվի և իրականացվեն օրենսդրական փոփոխություններ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս