Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտ Եսայանը մատնանշել է գաղջի էլեմենտները մամուլում (տեսանյութ)

Քաղաքականություն
margo

ՀՀԿ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն այսօր Հայ մամուլի օրվան նվիրված մամուլի ասուլիս ժամանակ նշեց, որ տոներից սա իր համար առանձնահատուկ տոն է. «Որպես նախկին լրագրող՝ ուզում եմ ասել, որ լրագրությունը շատ կարեւոր մասնագիտություն եւ աշխատանք է: Եթե Մադրասում առաջին տպագիր թերթը հայի ինքնության պահպանությանն էր միտված, ապա այսօրվա մամուլը շատ ավելի շարժուն ու դինամիկ է: Անգամ Խորհրդային միության ծանր գրաքննության տարիներին մենք շահեկան վիճակում էինք՝ հայ մամուլի ներկայացուցիչները կարողանում էին իրենց սեփական խոսքը, դիմագիծը ներկայացնել: Արդեն 1990-ականներին եկավ մի սերունդ, որը հանդես եկավ հայ մամուլի ամբողջ դիմագծով: Սակայն այսօրվա լրագրությունը կարծես ինքն իրեն կորցրել է՝ մի քիչ չարաշահելով իրեն տրված ազատությունը: Վստահ եմ՝ դեռ ամեն ինչ իր հունի մեջ է ընկնելու»: Նրա խոսքով՝ այսօր հայ լրագրության մեջ դժվար է պահպանել պրոֆեսիոնալիզմը, երբ այս կամ այն ԶԼՄ ղեկավարը լրագրողին հանձնարարում է այս կամ այն պատվերը կատարել այս կամ այն գործչի նկատմամբ. «Այսօր սոցցանցերում աննախադեպ մեծ դիտումներ ունեն սենսացիոն վերնագրերով հրապարակումները, մինչդեռ լրագրողական լուրջ աշխատանքը գրեթե աննկատ է մնում: Մինչդեռ մենք մեր հրապարակումներով նաեւ պետք է կրթենք հասարակությանը»: Տիկին Եսայանն անդրադարձավ նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր փոփոխություններին, որոնք մասնագիտական շրջանակներում բավականին մեծ քննադատության են արժանացել. «Օրենսդրական այս փոփոխությունները դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել, քննարկումների փուլում է. «Երբեք մի ասեք երբեք» կարգախոսին ես կողմ եմ՝ այն, ինչ թվում է հստակ հունով գնում է, ինչ-որ մի պահի կարող է շրջադարձ ունենալ: Լրագրողի աշխատանքին խոչընդոտող ցանկացած անազատ քայլ դատապարտելի է միանշանակ: Եթե լրագրողը պրոֆեսիոնալը, նա պետք է ունենա բացարձակ ազատություն»:   Եթե օրենքի այս փոփոխությունները դրվեն վերջնական քննարկման, արդյոք պատգամավորը կընդդիմախոսի՞ կամ հանդես կգա՞ այլ առաջարկներով. «Միանշանակ այո: Ուզում եմ հիշեցնել՝ երբ քննարկման դրվեց ֆեյքերի մասին հայտնի օրենքը, ես ինքս դեմ եմ արտահայտվել ու ասել, որ հնարավոր չէ համացանցը կառավարել: Երբեւէ չեմ պատրաստվում կողմ լինել որեւէ բանի, որը կսահմանափակի պրոֆեսիոնալ լրագրողի աշխատանքը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի արտահայտած այն հայտնի մտքին, թե երկրում ձեւավորված գաղջ մթնոլորտի մեղավորները լրագրողներն են, ապա տիկին Եսայանը նշեց, որ համամիտ է նրա հետ այն մասով՝ եթե լրագրողը չարամտորեն է անում իր աշխատանքը, ապա, այո, ձեւավորվում է գաղջ մթնոլորտ. «Այո, ԶԼՄ-ները որոշ մեղավորություն ունեն, քանի որ իրենց հրապարակումներում երբեմն հանգում են, ձգտում են ոչ թե դրական ելքի, այլ չարամտության, սա է գաղջի էլեմենտները:Նաեւ ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանի խոսքը ոչ թե ազդակ է լրագրողական դաշտին, այլ ընդամենը երկրի ղեկավարի խոսքն է»: Իսկ թե ինչու Մարգարիտ Եսայանը չմնաց լրագրողական ոլորտում՝ նախընտրելով օրենսդիրի աշխատանքը, ապա նա նշեց, որ 30 տարի շարունակ ինքը լրագրողական ոլորտում հասցրել, արել է հնարավորը. «Իսկ քաղաքականության մեջ արդեն մեզանով տեսակ է փոխվում»: