BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա  դրսի՞ց, թե՞ ներսից

Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից  անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր եւ նենգ շեշտադրումներով:

Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Ուշագրավն այն է, որ նույնիսկ ամբողջովին «կարված» քրեական գործում Արցախից ժամանած եւ ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, պնդում է, որ իրենք այդ օրը եղել են Կառավարության շենքում եւ ոչ կրակել են, ոչ էլ մոտ եղել կրակոցներին:

Ծագում են հստակ հարցեր. ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այդքան վտանգավոր ուղղորդմամբ։

Սա այն դեպքն է, երբ ԱԱԾ ունի հստակ անելիք, ի վերջո խոսքը գնում է բառիս բուն իմաստով մեր պետականության հանեպ  քարոզչական դիվերսիայի մասին։ Ո՞վ է այս վտանգավոր հրապարակման պատվիրատուն, այն դրսի՞ց է, թե ներսի՞ց։ Ո՞վ է օր առաջ ուզում Հայաստան-Արցախ պառակտում տեսնել, որ հետո նոր հոդված գրի՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ….»։ Այս հրապարակման վերջնակետը սա է։

Երկու դեպքում էլ ՀՀ ԱԱԾ-ն անելիք ունի բացահայտելու, թե ով է կանգնած Հայաստանի պետականության, մեր ազգային շահերի դեմ ուղղված հրապարակման հետեւում: Եթե այն ներհայաստանյան պատվիրատու ունի, ապա նա կամ նրանք պետք է արագ բացահայտվեն եւ ներկայացվեն հանրությանը,  իսկ եթե դրսի անհայտ կամ հայտնի ուժեր են, ապա մենք պետք է միավորվենք ընդդեմ արտաքին թշնամու, որն ակնհայտորեն նպատակադրված ցանկանում է մեր երկրում ներքին թշամանք ու պառակտում մտցնել: Դրանից հետո պատերազմ, պարտություն եւ պատմական կորուստ մեկ քայլ է։

Առանձին տխուր թեմա է, թե ովքեր են ծափահարում BBC-ի ռուսաստանյան ծառայության հրապարակմանը, ովքեր են այն տարածում որպես բացարձակ ճշմարտություն: Մտահոգիչ է Հանրային հեռուստաալիքի պահվածքը, որի լրատվական ծառայությունն իր լուրերի գլխավոր թողարկումը սկսում է հենց այդ նյութից մեջբերումներ անելով, ընդ որում, կրկին այնպիսի շեշտադրումներով, կարծես բացարձակ ճշմարտություն է ներկայացնում:

Համահայկական խաղերի փայլուն եւ տպավորիչ բացումից հետո, որից կարկամել են Բաքվում, ոմանք ակնհայտորեն փորձում են մեզ պատասխան հարված հասցնել, իսկ մեր 5-րդ շարասյունը միշտ կազմ ու պատրաստ է։

Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ մշտապես սպասարկում են այլ, այդ թվում նաեւ մեզ թշնամի երկրների շահերը, եւ չի կարելի նման հրապարակումը տիրաժավորել, ներկայացնել վերին ատյանի ճշմարտություն, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այս կամ այն քաղաքական կամ զինվորական գործչին:

Մեր երկրի, ժողովրդի դեմ բացահայտ սադրանք է իրականացվել, որն ուղղված է մեր երկրի ազգային եւ պետական շահերին: Այս իրավիճակում մենք ոչ թե պետք է քամի փչենք մեր թշնամու հողմաղացին, այլ փորձենք սառը մոտենալ կատարվածին եւ խելամիտ  հետեւություններ անել։

ԱԱԾ-ն ամեն ինչ պետք է անի  ներքին պատվիրատուի հայտնաբերման համար։  Մանավանդ, որ ընդամենը 30 տարի հետո մենք ունենալու ենք աշխարհի առաջին տասնամյակում գտնվող ԱԱԾ։ Ի վերջո ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականը ուժի մեջ է։

Ի դեպ, BBC-ի ստոր հրապարակման նախօրեին ազատ արձակվեց ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որին երկու ամիս առաջ աղմուկ-աղաղակով կալանավորեցին ծանր մեղադրանք ներկայացնելով: Հեռտո պարզվեց, որ նա Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապ չունի: Վարկածներից մեկի համաձայն, բրիտանական լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման պատասխանն է:

Մի նայեք կատարվածին որպես սովորական հերթական մանիպուլիատիվ նյութ։ Սա շատ ավելի խորը եւ ավելի վտանգավոր գործընթաց է. սա դիվերսիա է մեր պետականության հանդեպ։ Եթե սա այսօր աշխատեց, վստահ եղեք՝ վաղը նման տասնյակ նյութեր են ծնվելու՝ մեկը մյուսից հեղինակավոր օտարերկրյա լրատվամիջոցներում՝ ու մեկը մյուսից՝ վտանգավոր։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս