News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի խորհրդի նիստում հոկտեմբերի 10-ին փաստաբան Տիգրան Եգորյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց Խորհրդի անդամ Նելլի Հարությունյանը, որը նախորդ նիստում խախտել էր կարգն ու դիրքորոշում հայտնել

Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքի համաձայն: Վերջինները հայտնել են, թե Արթուր Սարգսյանի փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր եւ իր փաստաբանի հարաբերություններին եւ իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։

Երեկ նիստի մեկնարկին փաստաբան Տիգրան Եգորյանը հիշեցրեց նախորդ նիստում Նելլի Հարությունյանի հայտարարությունը, թե գործի նյութերից բխում է՝ Տիգրան Եգորյանը որեւէ այլ մարմնի չի դիմել, բացի դատարանից:

«Նելլի Հարությունյանն, ըստ էության, չի պատկերացնում քրեադատավարական ընթացակարգերը, որովհետեւ եթե պատկերացներ, կիմանար, որ դատարանում կալանքի հարցը քննելիս մասնակցում են նաեւ քննիչը, դատախազը: Մեզ համար նորություն չէր, որ տիկին Նելլի Հարությունյանը չի պատկերացնում քրեադատավարական ընթացակարգերը, բայց որ նա գիտելիքներ չունի քաղաքացիական դատավարության ոլորտից, մեզ համար զարմանալի է: Հետեւաբար, իմ գործողությունների վերաբերյալ չի կարող դիրքորոշում հայտնել մի անձ, որը պատկերացում չունի այս ոլորտների վերաբերյալ, նա չի կարող լինել անաչառ»,- բացարկի միջնորդությունը ներկայացնելիս ասաց Տիգրան Եգորյանը:

Նելլի Հարությունյանը նշեց, որ բացարկի հիմք չկա, իսկ Եգորյանի հայտարարությունները՝ իր մասնագիտական որակների վերաբերյալ կարծես անտեսեց:

«Տիգրան Եգորյանը ճիշտ ասաց՝ իր կարծիքով... բան չունեմ ավելացնելու»,- ասաց Նելլի Հարությունյանը:

Խորհուրդը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց բացարկի միջնորդությունը: Նշենք, որ նախօրեին նիստին առաջին անգամ ներկայացել էր անդամներից Մելանյա Առուստամյանը: Հիշեցնենք, որ նա նախկինում մի քանի կարգապահական գործերով հրաժարվել էր մասնակցել վարույթի հարուցմանը:

«Մելանյա Առուստամյանը նշել է, թե ինձնից խիստ նեղացած է, հետեւաբար, անհասկանալի է, թե ինչու է նա այսօր այստեղ»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Փաստաբանը 1 ժամ խնդրեց Մելանյա Առուստամյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, բայց նիստը նախագահող Կարեն Մեժլումյանը տվեց ընդամենը 15 րոպե: Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ Խորհրդի անդամներից Սեդրակ Ասատրյանը հեռացել է:

«Ընդմիջման ժամանակ իմ գործընկերն ինձ ասաց՝ Սեդրակ Ասատրյանն ասել է, թե իմ երեխան չպետք է տուժի եւ հեռացել է շենքից, ո՞վ ասաց, թե ես երեխա չունեմ... նիստը պետք է հետաձգվի, քանի որ Սեդրակ Ասատրյանն արհամարհական վերաբերմունք է դրսեւորել, այդ դեպքում ինչո՞ւ է առաջադրվել որպես թեկնածու, այսպիսի արհամարհական վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել:

Այս միջնորդությունը քննարկելու համար Խորհուրդը մոտ 30 րոպե մնաց խորհրդակցական սենյակում, ապա վերադառնալով նիստը հետաձգեց եւ նշանակեց հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի դիմումի վերաբերյալ Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը մամուլով եւ սոցցանցերում բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, որ հիմնադրամի տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ վնասում են իրենց բարի համբավը։ Փաստաբանները մանրամասն ներկայացրել են, թե ինչ գործողություններ են իրականացրել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար։

Տպել
Ամենաշատ