«Գրեմմի» և «Էմմի» մրցանակակիր դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկը

«Գրեմմի» և «Էմմի» մրցանակակիր դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկը

PanARMENIAN.Net - «Գրեմմի», «Էմմի», Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը:

Համերգը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում. Մոցարտ՝ թիվ 41 սիմֆոնիա («Յուպիտեր»), Բրուկներ՝ թիվ 3 սիմֆոնիա:

Էնթոնի Վիթը Լեհաստանի ամենահայտնի և հարգարժան դիրիժորներից է: Նա հանդես է եկել Եվրոպայի, Ամերիկայի և Հեռավոր Արևելքի հեղինակավոր նվագախմբերի հետէ Դրեզդենի ֆիլհարմոնիկ, WDR Sinfonieorchester Köln, Tonhalle-Orchester Zürich, Լա Սկալա Ֆիլհարմոնիկ, Մոնրեալի սիմֆոնիկ, Չինաստանի սիմֆոնիկ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, BBC Symphony:

Մաեստրո Վիթը 7 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Պենդերեցկու «Սբ. Ղուկասի կրքեր» (2004թ.), «Լեհական Ռեքվիեմ» (2005թ.), «Երուսաղեմի յոթ դարպասներ» (2007թ.) և Շիմանովսկու «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունների ձայնագրությունների համար (2008թ.):«Գրեմմի» մրցանակ է ստացել Պենդերեցկու Fonogrammi, «Գալարափողի կոնցերտ», «Պարտիտ», The Awakening of Jacob, Anaklasis ստեղծագործութնունների ձայնագրության համար (2013թ., Naxsos ֆիրմա):

1971-ին մաեստրո Վիթն արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին և Զալցբուրգի Զատկի փառատոնի ժամանակ եղել է Կարայանի ասիստենտը: 2001-2013 թթ. եղել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, մինչ այդ հանդես է եկել Լեհաստանի առաջատար բոլոր նվագախմբերի հետ՝ երկար տարիներ ղեկավարելով դրանք, որպես գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ներկայումս Էնթոնի Վիթը Նավարրայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է (Իսպանիա) և Կրակովի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորը (Լեհաստան):

200-ից ավելի ալբոմներ է ձայնագրել EMI, Sony, CBS, Decca, Camerata Tokyo, NVC Arts, Pony Canyon, EBS Recordings, Naxos և Polskie Nagrania ֆիրմաներում: Վիթը այն սակավաթիվ դասական երաժշտության կատարողներից է, որի ալբոմները վաճառվել են ավելի քան 5 միլիոն օրինակով:

Naxos ֆիրմայի ձայնագրություններից Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտը՝ Կուն Վու Փայքի կատարմամբ արժանացել է Diapason d'Or և Grand Prix de la Nouvelle Académie du Disque մրցանակներին: Շիմանովսկու Stabat Mater-ի ձայնագրության համար Էնթոնի Վիթը 1985թ.-ին արժանացել է Էմմի ֆիրմայի «Տարվա ձայնագրություն» մրցանակին: 2002-ին արժանացել է Կաննի Classical Award մրցանակին Մեսիանի «Տուրանգալիլա» սիմֆոնիայի կատարման համար: Տարբեր պարգևների են արժանացել նաև Էնթոնի Վիթի կատարած Շիմանովսկու գործերի լիակատար հավաքածուի ձայնագրությունը և Գորեցկու «Կոնցերտ–կանտատ»-ի պրեմիերայի ձայնագրությունը:

Վերջին տարիներին տեղի են ունեցել և ծրագրված են Էնթոնի Վիթի ելույթները Բեռլինի Ֆիլհարմոնիկի, Շտուտտգարտի ռադիոյի սիմֆոնիկ, Վայմարի Շտաատսկապելլա, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Բուդապեշտի փառատոնի, Թագավորական ֆիլհարմոնիկ, Հելսինկի ֆիլհարմոնիկ, Հռոմի Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիայի, Լիոնի ազգային, Բարսելոնայի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Նոր Ճապոնիայի Ֆիլհարմոնիկ, Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի, Հոնկ-Կոնգ ֆիլհարմոնիկ, Ստրասբուրգ ֆիլհարմոնիկ, Հաննովերի ռադիոյի ֆիլհարմոնիկ, NCPA Orchestra Beijing, Իսպանիայի ազգային, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Հնդկաստանի սիմֆոնիկ, Տոկիոյի Մետրոպոլիտեն սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ, Զագրեբի ֆիլհարմոնիկ, BBC սիմֆոնիկ, Դրեզդենի Շտաատսկապելլա և այլ հայտնի նվագախմբերի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---