Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզներից մեկը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատար անտառպետության տարածքում հայտնաբերել է արմատախիլ արված ու հատված երկու հաճարենի։
Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ անտառապահի գիտությամբ ծառերն ապօրինի հատել է Կողբ համայնքում ապրող մի տղամարդ։ Երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ու տվել բացատրություններ։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները նախապատրաստվող նյութերով պարզվում են։