1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մի լուսանկարի պատմություն. «Քսաներորդ դարի տիրամայրը»

 Մի լուսանկարի պատմություն. «Քսաներորդ դարի տիրամայրը»

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականը սև տառերով կգրվի հայ ժողովրդի պատմության էջերում։ Հիրավի, մեր ժողովուրդը դեռևս ուշքի չէր եկել սումգայիթյան ջարդերից, չնայած այդ եղեռական երեք օրերը երբեք չեն ջնջվի մեր ժողովրդի հիշողությունից, երբ ամբողջ հայության գլխին նոր փորձանք եկավ։ Եթե Սումգայիթի պարագայում մենք դարձանք կազմակերպված քաղաքական դաժան խաղի զոհը, ապա այն, ինչ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, պարզապես կույր տարերքի պատիժ էր։ Այո, բնությունն էլ էր մեր դեմ։ Այդ օրը ժամը 11-ն անց 41 րոպեին Սպիտակում տեղի ունեցած 10 բալանոց երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ, մեծապես տուժեցին 21 խաղաք, 342 գյուղ։ Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ, չնայած շրջանառության դրված այդ պաշտոնական թիվը հավատ չի ներշնչում այնպես, ինչպես Սումգայիթի պարագայում Մ.Գորբաչովի ասած երեք ժամը, թե իբր խորհրդային զորքերը ընդամենը երեք ժամ ուշացան։ Ինչևէ, Լենինականում զոհվածների թիվը գերազանցեց 17.000-ը, Սպիտակում՝4000-ը, Վանաձորում՝ 1200-ը, Ստեփանավանում՝ 125-ը։

Հասկանալի է, որ այդ օրերին «Արմենպրես»-ն իր ողջ ներուժը ներդրեց երկրաշարժի պատճառած վնասները նկարագրելու, փրկարարական և հումանիտար աշխատանքները, առաջին բուժօգնության, աշխարհի բարի մարդկանց օգնության փաստերը հանրության սեփականությունը դարձնելու համար։ Հիրավի, հերոսական աշխատանք կատարեցին մեր լրագրողներն ու ֆոտոթղթակիցները։ Մենք օրուգիշեր, քունն ու հանգիստը մոռացած շրջում էինք ավերված քաղաքներում, փնտրում ողջ մնացած մարդկանց, մեկ-մեկ էլ օգնում էինք  մարդկանց։ Օրինակ, տողերիս հեղինակը Սպիտակի՝ օդանավակայանի վերածված մարզադաշտում օգնում էր ծանր վիրավորներին ուղղաթիռ փոխադրելուն։ Հետաքրքիր Է, որ երկրաշարժի մասին առաջին լուրը հաղորդեց «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան։

Այդ աղետալի երկրաշարժից անցել է 29 տարի։ Այսօր համայն հայությունը նշում է երկրաշարժի զոհերի հիշատակի օրը։ Այդ առթիվ  ստորև ուզում եմ ներկայացնել «Արմենպրես»-ի թողարկած մի լուսանկարի պատմությունը, լուսանկար, որը տարածվեց աշխարհով մեկ և դարձավ Սպիտակի երկրաշարժի յուրօրինակ խորհրդանիշը։ Մոտ երեք տասնամյակ անց այդ լուսանկարի պատմությունն է ներկայացնում լուսանկարի հեղինակ, «Արմենպրես»-ի լավագույն ֆոտոլրագրողներից մեկը՝ Մխիթար Խաչատրյանը։

«Դեկտեմբերի 9-ն էր։ Նոր էինք ես և Ռուբեն Աթայանը վերադարձել աղետի գոտուց, երբ ֆոտոխրոնիկայի վարիչ Հերբերտ Բաղդասարյանն  ինձ ու Միքայել Քալանթարին  ուղարկեց Լենինական։ Գնացինք։ Հենց օդանավակայանում «Կոմունիստ» թերթի թղթակիցն ասաց, որ այդ օրը ավերակներից հանել են մի կնոջ ու նրա մանկահասակ երեխային։ Բարեբախտաբար ողջ են մնացել նաև նրա դպրոցահասակ երկու աղջնակները։ Այդ գործընկերն ինձ տվեց այդ կնոջ հասցեն։ Ֆիքսեցի, բայց չգնացի։ Շտապում էի ուրիշ տեղ։ Ամբողջ օրը ես ու Միքայելը զանազան սրտաճմլիկ տեսարաններ էինք նկարում։ Պատահաբար հայտնվեցի հենց այն փողոցում, որի մասին մեզ ասել էր «Կոմունիստ» թերթի թղթակիցը։ Ավերակների մեջ փնտրում էինք այն տունը, որտեղ ապրել է այդ երջանիկ կինը։ Մեզ օգնեց տարիքով մի կին, ով փնտրում էր իր հարազատին։ Նա չգիտեր հարազատների ճակատագրի մասին։ Բայց տան փլատակները ոչ մի լավ բան չէին ասում։ Իմանալով, թե ում ենք փնտրում, այդ կին ասաց.

-Տղա ջան, հենց հիմա կանչեմ նրան։

Նրա դեմքին ժպիտ երևաց։ Ես զարմացա, քիչ առաջ այդ կինը գրեթե ողբում էր, իսկ երբ սկսեց պատմել մահապուրծ հարևանուհու ու նրա դստեր մասին, նրա դեմքին ժպիտ երևաց։ Ես հասկացա, որ այդ համատարած դժբախտությունն այդ կնոջ մեջից չի հանել «բարություն» կոչվածը։ Ախր, հայի տեսակն ուրիշ է…

Քիչ անց եկավ նաև այդ կինը՝ Մարինե Նուրոյանը։

Նրանից իմացա որոշ մանրամասներ։ Պատմեց, որ ամուսինը երկրաշարժի պահին դրսում է եղել։ Երբ հասկացել է, թե ինչ աղետ է եղել, անմիջապես երկմտանքի մեջ է ընկել։ Ո՞ւր շտապել՝ տուն, որտեղ կինն ու մանկահասակ երեխան են մնացել, թե դպրոց, որտեղ դասի էին գնացել իր երկու աղջնակները։

Դե, դա այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ է նա գնացել առաջինը, կարևորն այն է, որ բոլորը ողջ են մնացել։

Ես լուսանկարեցի այդ կնոջն ու երեխաներին, ամենևին էլ չմտածելով, որ շուտով դրա մասին է խոսելու ողջ աշխարհը։ Այդ լուսանկարը նույն օրն «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան ուղարկում է Մոսկվա՝ ՏԱՍՍ, և… աշխարհի բոլոր մայրցամաքներում հարյուրավոր թերթեր և այլ լրատվամիջոցներ այդ լուսանկարը տպագրեցին իրենց առաջին էջերում։

Կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» ծրագիրը պատվիրեց  Հայաստանում իր սեփական թղթակից Վլադիմիր Նազարյանին հատուկ հեռուստաակնարկ պատրաստել։ Նույն օրն այդ հաղորդումը հեռարձակվեց և աշխարհն իմացավ երջանիկ հայ ընտանիքի մասին։

-Մխիթար, իսկ ո՞վ է այդ նկարին տվել «Քսաներորդ դարի տիրամայր» անունը։

- Օրերից մի օր մի ռուս կին «Իզվեստիա» թերթին մի բանաստեղծություն է ուղարկում՝ նվիրված այդ երջանիկ լենինականցի կնոջը։ Այդ բանաստեղծության հեղինակն այն վերնագրել էր հենց  «Мадонна двадцатого века» («Քսաներորդ դարի տիրամայրը»)։ Թերթի խմբագիրն այդ նյութն ուղարկում է ՏԱՍՍ-ի ֆոտոխրոնիկա, որտեղից էլ այն՝ բանաստեղծության բնագրի հետ ուղարկում են «Արմենպրես»։  Հետագայում այդ լուսանկարը տպագրելիս, թերթերը միշտ այն տեղադրում էին «Քսաներորդ դարի տիրամայր» վերնագրի ներքո։

-Մխիթար, որքան գիտեմ, դու այդ ընտանիքի հետ երկար տարիներ կապերդ չէիր խզում։

-Այո, ես բավականին մտերմացա այդ ընտանիքի հետ։ Ավելին, քսան տարի անց ես կրկին նկարեցի տիկին Մարինային, այս անգամ նրա չորս թոռնիկների հետ։

Եվս մի հետաքրքիր փաստ։ Հայտնի է, որ ավստրիացիները «Օգնություն տուժածներին» նշանաբանով Գյումրիում կառուցել են բնակելի մի թաղամաս, որտեղ բնակարաններ են ստացել լենինականցիների այն ընտանիքները, ովքեր երկրաշարժի ժամանակ մարդկային կարուստ են ունեցել։ Բացառություն է արվել միայն Նուրոյանների ընտանիքի համար։

-Մխիթար, ստացվում է այնպես, որ դու քո լուսանկարով ոչ միայն աշխարհին ճանաչելի դարձրիր տիկին Մարինեին, այլև նրան ազատեցիր մի մեծ գլխացավանքից՝ նրա ընտանիքը բնակարանի տեր դարձավ։

-Ես այս գործում չկամ, - ասաց Մխիթար Խաչատրյանն, ով այսօր էլ աշխատում է «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայում և իր արխիվում պահում է այն լուսանկարը, որը մարդասիրության մի ալիք բարձրացրեց ամբողջ քաղաքակիրթ մարդկանց շրջանում, ովքեր այն օրերին ապրում էին «ուրիշի ցավ չի լինում» կարգախոսով։

Ահա այսքանը մի լուսանկարի մասին, որ «Արմենպրես»-ը թողարկել է աղետալի երկրաշարժի երրորդ օրը, սրանից քսանինը տարի առաջ։       

Լևոն Ազրոյան

«Արմենպրես»-ի թղթակից  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]