Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշեր Դաշնակցության պատմությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
50230540_2269580979954759_7275403440958734336_n

Շարունակվող ՀՅԴ Ընդհանուր ժողովի համապատկերում ֆեյսբուքյան գրառում է հրապարակել Արմեն Աղայանը Քանի դեռ Դաշնակցության թեման ակտուալ է։ ԻՆՉՊԵ՞Ս ՓՈՐՁԵՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՐՈՅԱՊԵՏԸ Երբ 1990֊ին առաջին անգամ լսեցի բյուրոյապետ բառը ՀՅԴ կանոնագիրը մտքումս ճաք տվեց։ Ամբողջությամբ կոլեգիալ ղեկավարություն ենթադրող կառույցում «պետի» առկայությունը շատ հակականոնագրային էր թվում։ Մյուս կողմից նույն պաշտոնի վերաբերյալ գործածվում էր «հերթապահ» եզրը, որը պակաս կարևոր, հերթափոխային մի բան էր դարձնում այդ պաշտոնը։ Ծանոթանալով Հրայր Մարուխյանին հասկացա, որ պաշտոնի տարողությունը իրականում որոշվում է ոչ թե կանոնադրությամբ, այլ այն զբաղեցնողի անհատականությամբ։  Հրայր Մարուխյանը արդեն բավական ժամանակ ղեկավարում էր Դաշնակցությունը, երբ Երկիր վերադառնալու առիթը բացվեց։ Եթե հիշենք ընդամենը 5 հոգանոց Բյուրոյի կազմը այն տարիներին, ապա կարելի է նույնիսկ ասել, որ նա գործնականում միանձնյա էր ղեկավարում կուսակցությունը։ Նրա քաղաքական կերպարի մասին գուցե հակասական կարծիքներ կան, սակայն ինձ վրա հիմնականում դրական տպավորություն է թողել։  Վերադառնալով Երկիր, Դաշնակցությունը դարձավ մեծ սպառնալիք օրեցօր ապազգային դարձող ՀՀՇ֊ի համար, քանի որ ուներ բավականին բարձր պատմական վարկանիշ, գրավիչ էր Հայաստանի ազգայնական և հակահհշական հատվածի համար, տիրապետում էր Սփյուռքի ահռելի ռեսուրսին, որն այն ժամանակ միանգամայն համեմատելի էր հհշ֊ականների յուրացրած պետական ռեսուրսի հետ։ Լևոնն ու Մանուկյան Վազգենը առաջարկել էին Մարուխյանին հրաժարվել Հայաստանում սեփական քաղաքական կառույցը ձևավորելու ծրագրից, ասելով, որ հենց ՀՀՇ֊ն կարող է դառնալ Դաշնակցության ներկայացուցիչը Երկրում։ Մարուխյանը բնականաբար մերժել էր, հնարավոր է, առանց պատկերացնելու, որ դրանով պատերազմ է հայտարարում ՀՀՇ֊ին։ Այդ պատերազմը սկզբից սովորական քաղաքական և գաղափարական պայքարի տպավորություն էր թողնում և դժվար էր կռահել, որ կուսակցությունը ոչնչացնելու որոշում է կայացվել։  Դաշնակցությունը նաև պատերազմող, դրա շնորհիվ Արցախում շատ ավելի ազդեցիկ կուսակցություն էր։ Նրա անդամները արդեն պաշտպանում էին Արցախի ամենակարևոր հատվածները, հաղթում էին և նահատակվում անհավասար մարտերում։ Շուշիի ազատագրմանը վերաբերող կադրերի զգալի մասում դաշնակցականներ էին։ Ինչպե՞ս կարելի է պատերազմել նման կուսակցության հետ, անգամ եթե պետություն ես։ Ճիշտ է, զուգահեռաբար, առաջին նախագահական ընտրություններին, առաջին անգամ բացահայտվեց Դաշնակցության ներքաղաքական անպիտանությունը, բայց Սոս Սարգսյանի առաջադրումը պատահական սխալ համարվեց և գրեթե չազդեց նրա կշռի և արմատական ընդդիմադիր կերպարի վրա։ Ուրեմն ինչպե՞ս ոչնչացնել Դաշնակցությանը կամ գոնե դուրս մղել Հայաստանի քաղաքական կյանքից։ ԼՏՊ֊ն որոշումը կայացրել էր, սպասում էր առիթի։ 1992 ամռանը, տևական ընդմիջումից հետո առաջին անգամ, Դաշնակցությունը պետք է իր հերթական համագումարը՝ 25րդ ընդհանուր ժողովը գումարեր հայրենիքում։ Այդ նպատակով Երևան էին ժամանել կուսակցականներ Սփյուռքի բոլոր ակյուններից։ Եվ հանկարծ իրարանցում։ Հեռուստատեսությամբ թևերը քշտած սպառնալի տեսքով ելույթ է ունենում Տեր֊Պետրոսյանը և հայտարարում է, որ ընդհանուր ժողովի այդ պատվիրակները, հիմնականում մտավորական մարդիկ, ժամանել են, ոչ ավել, ոչ պակաս, հեղաշրջում անելու ու ինքը 48 ժամ է տալիս Հրայր Մարուխյանին երկիրը լքելու համար։ Ժողովը, որ երկու օր անց պետք է սկսվեր Դիլիջանում, անսպասելի սկսվում է Ե․Կողբացի փողոցի գրասենյակի միջանցքում։ Համագումար ասվածը բազմամարդ չէր, շուրջ 60 հոգի իրավունք ուներ մասնակցել, դրա գրեթե կեսն էլ խորհրդակցական ձայնով։ Եվ այս մարդիկ հիմա պետք է որոշեին՝ ընդունե՞լ պատերազմի նետված մարտահրավերը, թե՞ ինչ անել։  Որպեսզի լավ պատկերացնեք իրավիճակը, հիշեք 90֊ականները և հիշեք, որ այդ օրերին Դաշնակցությունը բավականաչափ զինված ու խիստ տաքարյուն բանակ էր, որի բազմաթիվ զինվորներ նոր էին հաղթական վերադարձել Շուշիի և Քաշաթաղի գործողություններից։ Ընդ որում, Լևոնին ու ՀՀՇ֊ին համարում էին ապազգային տականք ու կուսակցության հետ այդ օրերին արդեն կարող էր համաձայնվել ժողովրդի զգալի մասը։ Բնական է, որ Մարուխյանին անհեթեթ մեղադրանքներով արտաքսելու որոշումը ազգադավ և ակնհայտ թշնամական պետք է ընկալվեր և մղեր հակադարձ քայլերի։ Սա էլ հենց թևերը քշտած Լևոնի և այս հարցում նրա խորհրդական, անվտանգության ծառայության ապագա պետ Դավիթ Շահնազարյանի պլանի հիմքն էր։ Նրանք համոզված էին, որ Դաշնակցությունը կդիմադրի, զինված թիկնապահներով կփորձի պաշտպանել իր ղեկավարին, անխուսափելի մարտը Երևանի փողոցներում առիթ կտա ձերբակալելու կամ սպանելու շատերին, դրանով հիմնավորելու «նախապատրաստվող հեղաշրջման» սկզբից անհեթեթ թվացող վարկածը և մեկընդմիշտ լուծելու արմատական ընդդիմադիր Դաշնակցության հարցը։ Որպես վճռական ձայնով օժտված ամենաերիտասարդ պատվիրակ դատապարտված էի այդ ժողովի քարտուղարը լինել։ Ու սարսափով փորձում էի արձանագրել բոլոր տաքարյուն ելույթները։ Քաղաքացիական պատերազմն անխուսափելի էր թվում։ Ինքս էլ էի ելույթ խնդրել վերջում, բայց նախագահող Բենոն, որ ելույթների հերթը խառնելու սովորություն ուներ, անսպասելի ինձ առաջ է գցում ու ամենաերիտասարդս կմկմալով փորձում եմ արտերկրից եկած ստաժավոր դաշնակներին բացատրել իրենց առաջարկած սցենարի հետևանքները։ Ինձ ավելի ուշ միանում են ևս երկուսը֊երեքը, բայց մենք սարսափելի փոքրամասնություն ենք։ Եվ հանկարծ Մարուխյանը սառը ցնցուղ է լցնում բոլորի վրա, հայտարարում է, որ ինքը ենթարկվելու է արտաքսման որոշմանը։ Զարմացած էի, որ ոչ ոք չհամարձակվեց նրան հակաճառել, քննարկումը փակվեց, միայն որոշվեց, որ Ընդհանուր ժողովի ցուցադրական բացումը այնուամենայնիվ տեղի կունենա Երևանում, սակայն հաջորդ նիստերի տեղի և ժամկետի մասին Բյուրոն կհայտնի ավելի ուշ։ Բուն ընդհանուր ժողովը տեղի ունեցավ երեք ամիս անց, ֆրանսիական Տուր քաղաքում։ Ահա այստեղ, Ֆրանսիայում, ինձ համար շատ անսպասելի, Մարուխյանը ենթարկվեց շատ խիստ, ըստ ինձ անարդար քննադատության երկրի հհշ֊ական ղեկավարության հետ լեզու չգտնելու համար։ Քննադատողները մեծամասնություն չէին, բայց նրանց ելույթները ցավալի էին հատկապես արտաքսման փաստի ֆոնի վրա։ Կարծես Դաշնակցության կեսը միացել էր Երևանում իշխող հհշ֊ականներին։  Հրայր Մարուխյանը նոր բյուրոյի ընտրությունից առաջ պայման դրեց։ Քանի որ Դաշնակցության կանոնադրությունը անհատ ղեկավարի վստահության քվեարկության հնարավորություն չէր տալիս, նա խնդրեց վստահության քվեարկություն համարել Բյուրոյի ընտրությունը՝ ճշտելով, որ եթե ինքը հենց առաջին քվեարկությունից ընտրվի, ապա կհամարի, որ ժողովը իրեն վստահում է, այլապես խնդրում է ընդունել իր հրաժարականը։  Կանոնադրությամբ առաջին քվեարկությունների ժամանակ ընտրվում են 2/3 ստացող թեկնածուները, հաջորդներին ընտրվելու համար բավարար է ձայների կեսը, քվերակում են այնքան մինչև լրացվի կազմը՝ նախապես սահմանված թվին համաձայն։ Որոշվել էր, որ 5֊ի փոխարեն նոր բյուրոն պետք է բաղկացած լինի 13 անդամներից։ Սակայն առաջին երկու քվեարկությունները ոչ մեկին հաջողություն չբերեցին, ձայները շատ ցրված էին, առաջինը անսպասելի ընտրվեց Մասիս Բաղդասարյանը Սիսյանից, հետո Վահան Հովհաննիսյանը։ Մարուխյանը լուռ էր։ Սակայն երբ ընտրվեց Աբո Պողիկյանը, Մարուխյանն այլևս համարեց, որ Ժողովն իրեն վստահություն չի հայտնել։ Այս ամենը տեղի էր ունենում գիշերը և հերթական քվեարկությունից առաջ նկատեցինք, որ Մարուխյանը անհետացել է, իմացանք, որ հյուրանոցից էլ է դուրս եկել, շատերը գնացին փնտրելու կուսակցապետին ու հայտնաբերեցին քաղաքի փողոցներում քայլելիս։ Չնախատեսված ընդմիջումը շատ երկարեց, ոմանք Մարուխյանի հետ առանձնացել էին մի սենյակում և համոզում էին, որ չհեռանա։ Ի վերջո նա համաձայնվեց մնալ բյուրոյում, բայց ոչ որպես ղեկավար, հիմնավորելով դա գործերը նոր ղեկավարներին փոխանցելու անհրաժեշտությամբ։ Հաջորդ քվեարկությամբ նա ընտրվեց։  Մյուս օրը, արդեն Փարիզում, ընկերային հավաքի ժամանակ Մարուխյանը ներկայացրեց նորընտիր բյուրոն շարքերին, համակիրներին և հանրությանը՝ հատուկ ընդգծելով Վահան Հովհաննիսյանի բյուրոյի ներկայացուցիչ դառնալն այնպես, որ ներկա մեծամասնության կողմից դա ընկալվեց թագաժառանգի ներկայացում։ Մինչ այդ կուսակցության շարքերում լուռ պայքար կար բավական տարեց Մարուխյանին փոխարինելու հարցում։ Բոլորից շատ խոսվում էր Հրանտ Մարգարյանի և Աբո Պողիկյանի հնարավորությունների մասին։ Հայաստանցի թեկնածուների, այդ թվում Վահան Հովհաննիսյանի մասին ոչ ոք չէր մտածում։ Նա ինքն էլ առանձնապես հավակնություններ չուներ ու միշտ նախընտրեց մնալ երկրորդ դիրքում։ Մարուխյանի հրաժարականը Դաշնակցությունն այդպես էլ չընդունեց, դա արեցին հիվանդությունը և մահը, որ պատահեցին Դաշնակցության համար շատ խառնակ ժամանակահատվածում։