Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

45 հեղինակավոր մարդկանց հավաքել են ՀԽ-ում ու նրանց առաջարկությունների վրա թքած ունեն

Քաղաքականություն
naira

ԱԺ-ում այսօր «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Եթե խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է ու մարդկանց աշխատավարձ տալը, ապա այդպես էլ ասեք»: Այնուհետեւ տիկին Զոհրաբյանը սկսեց թվարկել այն առաջարկությունները, որոնք տվել է Հանրային խորհուրդը ու որոնց վրա, ինչպես պատգամավորը ձեւակերպեց, թքած են ունեցել: Պատգամավորի խոսքերից Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եզրակացություն արեց, որ Հանրային խորհուրդը իսկապես պարապ չի մնացել ու իր առաջարկները ներկայացրել է. «Հանրային խորհուրդը Սահմանադրությամբ խորհրդակցական մարմին է ու նրա որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն»: Նաիրա Զոհրաբյանն իր եզրահանգումն ուներ. «Կամ Հանրային խորհրդի խորհուրդներն են եղել անորակ ու նիկչիոննիյ, որից կարող ենք ենթադրել, որ դա պորտաբույծ ու կույրաղիք մարմին է, եւ որոնց ականջալուր լինող չկա»: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց. «Ինչպիսի՞ կարգավորումներով է ապահովվելու Հանրային խորհրդի քաղաքական չեզոքությունը, կուսակցական պատկանելիությունը արդյոք չի՞ խախտի այդ չեզոքությունը»: Փոխնախարարը նշեց, որ դա կարգավորվում է օրենքի դրույթներով. «Հստակ գրված է, որ քաղաքական պաշտոներ զբաղեցնող անձինք, վարչական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք չենք կարող լինել Հանրային խորհրդի անդամներ: Չկա Գործադիրի կողմից հանձնարարվող լծակներ: Մեզ պետք է 3-րդ աչք, իսկ Հանրային խորհուրդը հենց դա է»: Արդեն իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մեջբերելով օրենքից մի հատված, թե Հանրային խորհուրդը հանդիսանում է կամուրջ՝ Կառավարության եւ հասարակության միջեւ. «Ձեր ծիծաղը այս նախադասության վրա չի՞ գալիս: Հանրային խորհուրդի գոյության մասին շատ քիչ մարդ գիտի: Եթե ընդամենը կամուրջ է հասարակության համար, ապա ուրեմն մի թեժ գիծ սահմանեք, որ մարդիկ, խոհանոցում նստած, զանգեն Կառավարություն կամ մեյլ ուղարկեն ու խորհուրդ տան, Կառավարությունն էլ կուզի կընդունի, կուզի՝ չի ընդունի: Հանրային խորհրդի գաղափարն ինքնին մեռելածին է. ես հարգանք ունեմ խորհրդի շատ անդամների, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանի նկատմամբ, որը այս տարիներն շատ ռացիոնալ առաջարկություններ է արել, սակայն չեն ընդունվել: Սա նշանակում է, որ ոչ վարչապետը, ոչ էլ ՀՀ նախագահը խորհուրդների կարիք չունի. բացեք ու տեսեք, թե նրանցից յուրաքանչյուրը քանի հանձնաժողով ու խորհուրդ ունի»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կոչ արեց չմտածել, թե իրենք դեմ են այդ կառույցին, այլ ընդամենը ասում ենք, որ այդ կառույցի ձայնը պետք է լսելի լինի. «Այդ կառույցը շատ հաճախ իշխանության համար ցանկալի որոշումներ է հասարակության առաջ շպրտել: 45 հեղինակավոր անձանց հավաքել այդ կառույցում ու հեղինակազրել, դա անըդնունելի է»: ՀՀԿ խմբակցության անդամ Հրայր Թովմասյանն իր ելույթում նշեց, որ տպավորությունն այնպիսինն է, որ ոչ թե Հանրային խորհրդի, այլ ՀՀ օմբուդսմենի մասին օրենքն է քննարկվում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետք չէ ունենալ չափազանցված ակնկալիքներ ու սպասումներ որեւէ մարմնից՝ դա վտանգավոր է: Հարցի քննարկումն ավարտվեց: