Նոր Զելանդիանի Հայկական ազգային կոմիտեն երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին կոչ է արել շտկել Հայոց ցեղասպանության հերքման դիրքորոշումը:
Օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում Արդերնին հարցրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշման մասին: «Մենք մշտապես ճանաչել ենք Օսմանյան կայսրության անկման տարիներին հայ ժողովրդի ողբերգական մասշտաբային կորուստները: Ճանաչել ենք եւ շարունակում ենք դա անել, սակայն երբ բանը հասնում է տերմինաբանության հարցերին, ապա դրանք խնդիրներ են, որոնք մենք թողել ենք կողմերի հաշտության գործընթացին: Սակայն մենք մշտապես ճանաչել ենք կյանքերի զգալի կորուստը»,- հայտարարել է վարչապետը:
Լրագրողը հետեւյալ հարցն է տվել, թե արդյոք կառավարությունն այս դիրքորոշմանը հետեւում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով: «Սա ավելի շոտ կապված է այն փաստի հետ, որ մենք խնդիրը թողնում ենք անմիջական կողմերի լուծմանը, որոնք աշխատում են հաշտության գործընթացի վրա: Դե, իհարկե, Նոր Զելանդիան մշտապես ընդունել է, որ տեղ են գտել մարդկային մեծ զոհեր»,- պատասխանել է նա:
Նոր Զելանդիայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Հուրի Ելդիզյանը վարչապետի դիրքորոշումն «անընդունելի» է համարել Նոր Զելանդիայի հայկական, հունական եւ ասորական համայնքների համար, որոնցից շատերը ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են:
«Մենք վարչապետ Արդերնին կոչ ենք անում փոխել իր կառավարության դիրքորոշումը: Մենք անհամբերությամբ ենք սպասում այս հարցով նրա հետ համատեղ աշխատանքին եւ շտկում ենք ակնկալում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նոր Զելանդիայի դիրքորոշման մեջ»,- հայտարարել է նա:
Նշենք, որ այս շաբաթ Նոր Զելանդիայում բացվել է Հայկական ազգային կոմիտեի գրասենյակը: Երկրի խորհրդարանում կցուցադրվի «Ոչնչացնելու մտադրություն» փաստագրական ֆիլմը: