Քրդերը հայտարարում են Աֆրինում թուրքամետ ուժերի մեծ կորուստների մասին

Քրդերը հայտարարում են Աֆրինում թուրքամետ ուժերի մեծ կորուստների մասին

PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG) հաջողվել է հետ մղել թուրքամետ ուժերի գրոհը սիրիական Աֆրինում, ոչնչացվել է 83 գրոհային: Այդ մասին հայտնել է YPG հրամանատարության ներկայացուցիչը:

«Թուրքամետ գրոհայինները հարձակվել են Այն Դաքնե և Բելուլե բնակավայրերի վրա, սակայն նրանց արդեն սպասում էին YPG և YPJ (YPJ-ն կանանց աշխարհազորն է) մարտիկները: Սպանվել է 83 գրոհային: 66 գրոհայինի դիերն ու ավարը քրդերի ձեռքում են»,-ասել է հրամանատարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին:

Որպես հաստատում քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են սպանված գրոհայինների դիերը: Սեփական կորուստների մասին YPG-ն չի հայտնում:

YPG մարտիկները նաև թուրքական տանկ են ոչնչացրել Հալեպի գավառի հյուսիսում գտնվող Ռաջու շրջանում: Այդ մասին հայտնելմ է Աֆրինի YPG պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կընդլայնի ռազմական գործողությունը Սիրիայի հետ սահմանին:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---