Թրամփի սկանդալային որոշումը նոր խնդիրներ կստեղծի Հայաստանի համար

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրեց իր մեկամյա նախագահության, միջազգային մամուլի որակմամբ, ամենաավանտյուրիստական ու ցնցող որոշումը. Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ կնքված վեցակողմ միջուկային համաձայնագրից:

Անտեսելով իր եվրոպական գործընկերների հորդորները՝ Թրամփը հայտարարեց, որ վերակաՆգնում է Իրանի հանդեպ մինչև 2015թ. գործող տնտեսական պատժամիջոցները, որոնք տնտեսական նոր ցնցումներ են խոստանում Իրանին և ողջ հարևան տարածաշրջանին: «Իրանի հետ կնքված գործարքն ամբողջությամբ թերի է: Ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից: Մի քանի րոպեից ես նախագահական հուշագիր կստորագրեմ Իրանի վարչակարգի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման մասին»,- նշել է ԱՄՆ ղեկավարը:

Նա հայտարարել է, որ Իրանը պետք է նոր միջուկային համաձայնագիր կնքի՝ 2015-ին ստորագրվածի փոխարեն: «Իրանի առաջնորդները, իհարկե, կասեն, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն վարի։ Նրանք հրաժարվում են, դե լավ։ Հնարավոր է՝ ես ևս նույն բանը կասեի, եթե նրանց փոխարեն լինեի։ Բայց փաստն այն է, որ նրանք կցանկանան նոր երկարաժամկետ համաձայնագիր կնքել, որը դրական ազդեցություն կունենա ամբողջ Իրանի և ժողովրդի վրա։ Երբ նրանք ցանկանան, ես պատրաստ եմ, ցանկանում եմ և կարող եմ (բանակցություններ վարել)։ Իրանի և խաղաղություն ու կայունություն ձեռք բերելու համար հիասքանչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք մենք բոլորս ցանկանում ենք տեսնել Մերձավոր Արևելքում»,- ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նաև Թեհրանին անվանել է «ահաբեկչության առաջատար հովանավոր» և քննադատել է Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Ի դեպ, պատժամիջոցները պետք է վերականգնվեն այս որոշումից 90 օր անց, մի քանիսը` դրանից հետո, իսկ մյուսները` 180 օր անց: 2018 թվականի նոյեմբերի 5-ին և 2016 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ կառավարության սանկցիոն ցուցակը, որում ներգրավված են իրանցի գործարարներ ու գործիչներ:

Ի պատասխան Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հարգում իր միջազգային պարտավորությունները: Ռուհանին նաև նշել է, որ Թեհրանը կպահպանի միջուկային գործարքը՝ անկախ ԱՄՆ-ի դուրս գալուց:

«Գործողությունների համատեղ համապարփակ պլանն Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված գործարք չէ, որ ԱՄՆ-ը հայտարարի դրանից դուրս գալու մասին: ԳՀՀՊ-ն բազմակողմ միջազգային համաձայնագիր է: Ամերիկան պաշտոնապես հայտարարեց, որ անտեսում է իր միջազգային պարտավորությունները»,- նշել է Իրանի նախագահը: Հասան Ռուհանին, միևնույն ժամանակ, նշել է, որ անհրաժեշտության դեպքում կվերսկսի ուրանի պաշարների հարստացումը:

«Եթե կարճ ժամանակ հետո մենք գանք այն եզրակացության, որ մնացած 5 երկրների հետ համագործակցության միջոցով մենք կարող ենք բավարարել ԳՀՀՊ-ով Իրանի ժողովրդի համար նախատեսված բոլոր պահանջները, ապա ԳՀՀՊ-ն կպահպանվի, և մենք կարող ենք քայլեր ձեռնարկել տարածաշրջանի և աշխարհի խաղաղության և անվտանգության ուղղությամբ: Եթե մենք տեսնենք, որ մեր շահերը չեն երաշխավորվում, ապա որոշում կկայացնենք՝ ելնելով այդ հանգամանքներից:

Ես «Ատոմային Էներգիայի կազմակերպությանը» հրահանգել եմ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել հետագա գործողություններ ձեռնարկել, որպեսզի եթե հարկ լինի, մենք սկսենք հարստացումն արտադրական մակարդակով, առանց սահմանափակումների: Այս որոշումն իրագործելուց առաջ մենք մի քանի շաբաթ կսպասենք»,- հայտարարել է Հասան Ռուհանին:

Հիշեցնենք, որ 2015թ. կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի համաձայն՝ Իրանը դադարեցնում էր միջուկային զենքի մշակումն իր հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության և Իրանի միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրով` պաշտոնական Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել իր միջուկային ծրագրերը՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների մեղմացման դիմաց:

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը նշեց, որ համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումն անակնկալ չէր: Սակայն, ըստ նրա, այդքան էլ սպասելի չէր, որ Թրամփը կվերականգնի պատժամիջոցների ռեժիմն Իրանի նկատմամբ, ինչը կդժվարացնի ընդհանրապես այդ համաձայնագիրը փրկելու՝ մյուս 5 երկրների ցանկությունը:

«Բնականաբար, սա չափազանց վատ լուր է Իրանի նախագահի, ժողովրդի և Իրանի հետ գործընկերություն ունեցող երկրների, գործարարների համար, քանի որ ԱՄՆ-ը կվերականգնի պատժամիջոցները ոչ միայն իրանական նավթային շուկայի նկատմամբ, այլև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ, որը և կանդրադառնա իրանական ածխաջրերի արտահանման շուկայի ակտիվության և գների, շարժի վրա: Իրադարձությունների զարգացման նման սցենարի պարագայում ես չեմ կիսում մեր նախագահի լավատեսությունը, թե Թեհրանի համար դժվար կլինի պատժամիջոցների առաջին երեք ամիսը, քանի որ մենք արևմտյան պատժամիջոցների ողջ «շուքը» տեսել և զգացել ենք անցյալում:

Այստեղ միակ հուսադրող հանգամանքն այն է, որ Թրամփի որոշումը չունի մյուս երկրների աջակցությունը, որի դեպքում ամերիկյան պատժամիջոցներն Իրանի տնտեսությանը չեն հարվածի այնպես, ինչպես անցյալում»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Թրամփի այս որոշումը կունենա ոչ միայն տնտեսական, այլև ներքաղաքական և արտաքին քաղաքական հետևանքներ: Միանշանակ, նրա վստահեցմամբ, Իրանում գլուխ կբարձրացնեն այն արմատական ուժերը, որոնք ի սկզբանե դեմ էին միջուկային գործարքին, սա գլուխ կբարձրացնի Ռուհանիի դեմ կանգնած քաղաքական ուժերին և հասարակության այն հատվածներին, որոնք երկրում բարեփոխումներ, խնդիրների լուծումներ չեն նկատում և հունվարին բողոքի ակցիաներ էին նախաձեռնել:

Բնականաբար, սա, Բարզեգարի խոսքով, կսրի Իրանի և տարածաշրջանում Իրանի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների միջև հարաբերությունները, կսրվի իրադրությունը Սիրիայում, որտեղ Իրանը սկսել էր ինչ-ինչ խնդիրներով, բայց համագործակցել Ռուսաստանի և Թուրքիայի հետ: «Բնականաբար, սա կփորձի թուլացնել, հարվածել Իրանին: Ուստի իշխանությունները պետք է փնտրեն ձևեր՝ դիմագրավելու այս բոլոր սպառնալիքներին` ներքին, արտաքին, տնտեսական, սոցիալ-տնտեսական: Եթե ԱՄՆ նախագահը հետ չկանգնի այս որոշումից և վերականգնվեն պատժամիջոցները, Իրանը ստիպված է լինելու կրկին կենտրոնանալ ներքին մարտահրավերների հաղթահարման վրա»,- նկատեց վերլուծաբանը:

Իրանցի մեկ այլ վերլուծաբան՝ Ալի Սալամին, մեզ հետ զրույցում ցավով նշեց, որ կտուժի Իրանի այն դերակատարությունը, որը միջուկային գործարքից հետո այս տարածաշրջանում Իրանը փորձում էր ստանձնել` կայունացնող, խաղաղեցնող:

«Այսինքն` Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգության ներկայիս պայմանները կարող են փոփոխվել, քանի որ Իրանի դերակատարությունը նվազելու է, այդ պատժամիջոցների նպատակը մասամբ նաև սա է:

Ըստ իս, արտաքին ազդեցություններից ամենակարևորներից մեկը սա է, որ Իրանը կորցնելու է իր նախկին դերը, որը կարևոր էր մի շարք երկրների ու հակամարտություններիկ համար, ինչպիսին նաև Հայաստանն է ու ԼՂ հակամարտությունը: Հայ-իրանական հարաբերություններում առաջ քաշված նոր պրոյեկտները և տնտեսական ակտիվությունը ևս կտուժի, թեև վստահ եմ, որ իրանական կողմից և Եվրոպայից ամեն ինչ արվելու է ներկայիս ծավալը պահպանելու և բոլոր պրոյեկտների շարունակականության համար:

Ներկայումս Իրանի նախագահը դեռ իր հայտարարություններով փորձում է զգոնություն հաղորդել ԱՄՆ նախագահին, սպառնալիքների դիվանագիտությունն է օգտագործվում: Բայց այս առաջին արձագանքին կհաջորդեն քննարկումները` ինչպես անել, որպեսզի վերջին երկու տարվա ահռելի աշխատանքը մի շարք ուղղություններով չկորի»,- ասաց Սալամին:

Հարցին, թե ի՞նչ անելիք ունեն ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակում, Սալամին պատասխանեց, որ վստահ է, թե ինչպես նախկինում, ներկայումս ևս Հայաստանը կփորձի չեզոքություն պահպանել, կփորձի պահպանել հայ-իրանական հարաբերությունները, աջակցել Իրանին:

«Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունների համար սա հեշտ չի լինելու, քանի որ Հայաստանում նոր են դադարել փողոցային բողոքի ակցիաները: Հարաբերությունների քաղաքական ու տնտեսական բաղադրիչը պետք է փորձեն այնպես անել, որ չտուժի: Իհարկե, Հայաստանի առաջնահերթություններից է լինելու՝ նաև համապատասխան աշխատանք տանել Վաշինգտոնի հետ, որպեսզի Հայաստանի դիրքորոշումը ճիշտ գնահատվի, և Հայաստանը չտուժի Իրանի հետ հարաբերությունների պատճառով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս