Մատչելիության հղումներ

«Անբովանդակ նախագիծ, սպառնալիք քաղաքացու նկատմամբ». քաղհասարակության գնահատականը` հայհոյանքը քրեականացնելու մասին


Խիստ սուբյեկտիվ, իշխանության կողմից հաշվեհարդար տեսնելու նպատակ ունեցող նախաձեռնություն, այսպես են քաղհասարակության ներկայացուցիչները մեկնաբանում հայհոյանքը քրեականացնելու մասին իշխանության ներկայացրած օրինագիծը։

Նախագիծը երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել էին իշխող «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ։ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծով հայհոյանքի համար պատիժ է նախատեսվում ինչպես տուգանքի, այնպես էլ կալանքի տեսքով։ Անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով: Պատիժն ավելի խիստ կլինի, եթե հայհոյանքն ուղղված է քաղաքական գործչին, լրագրողին կամ հանրային ծառայողին։ Նախագծին կողմ էին քվեարկել միայն իշխանական պատգամավորները։

Սա գաղտնիության մթնոլորտում, հապճեպ կայացված որոշում է, որը չի քննարկվել մասնագիտական համայնքի հետ, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը. «Բովանդակային առումով մենք հետ ենք գնում մինչ 2010 թվականը, երբ Հայաստանում ապաքրեականացվեցին զրպարտությունն ու վիրավորանքը։ Ինչ անուն ուզում եք` տվեք, ստացվում է, որ մարդը իր ազատ արտահայտվելու իրավունքը իրացնելիս և հատկապես լրագրողն իր ազատ արտահայտվելու իրավունքն իրացնելիս կարող է դատապարտվել քրեական պատասխանատվության։ Այսինքն՝ դատավճռի հիման վրա նա արդեն կդառնա հանցագործ։

Սա արդեն իսկ մերժելի և ընդհանրապես անհարիր մեր վերջին տարիների ձեռքբերումների հետ»։

Դոյդոյանի խոսքով՝ այսս օրինագիծը սպառիչ ու հասկանալի չէ, պարզ չէ, թե որն է արգելված խոսք, որի համար պատասխանատվություն է սահմանվում. «Բոլոր հասարակարգերում միշտ կանխարգելելը, կանխելը շատ ավելի մեծ ու երկար ազդեցություն է ունենում, քան պատժելն ու պատժելով սպառնալը, սա սպառնալիք է քո երկրի քաղաքացու նկատմամբ, որ այ հանկարծ բերանդ չբացես, թե չէ քրեական հանցագործ կդառնաս` հղի բոլոր բացասական հետևանքներով, այլընտրանքային խոսքը սահմանափակելով»։

Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են, որ ըստ ուսումնասիրությունների՝ շեշտակիորեն նվազել է հանրային իշխանության և ընդհանրապես հանրային գործունեություն ծավալող անձանց նկատմամբ հարգանքը, և որ հաճախակի են դարձել վիրավորանքի դեպքերը։

«Փոխարենը իշխանությունները ձգտեն ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ հայհոյանքի անհրաժեշտությունը չլինի, իրենք գնացել են ամենատարօրինակ ճանապարհով, իրենք գնացել են քրեականացնելու ճանապարհով, և անկեղծ ասած` այստեղ տպավորություն է, որ ցարական ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ արքային հայհոյելը կամ արքայի արքունիքին հայհոյելը մի տեսակ տիեզերական մասշտաբի մեղքին է հավասարեցվում: Սա նորմալ չի կարող լինել», - ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա ևս ընդգծում է՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է տարբերակվելու` ինչն է հայհոյանք, ինչը՝ ոչ, որն է անթույլատրելի արարք, և որը՝ թույլատրելի. «Իրենք շատ մեծ դժվարություն են ունենալու` հիմնավորելու: Ես ուղղակի անկեղծ չեմ պատկերացնում էլի` քննիչն ինչ է անելու, ինչ ցանկով է ինքն այդ հայհոյանքները գնահատելու, սեփական ներքին համոզմունքով դատավորը ոնց է գնահատելու` ներքին համոզմունքո՞վ, իր բառապաշարո՞վ, իր ունեցած սեփական փորձով ո՞նց են աշխատելու: Մի հատ էլ թող ցանկ տան այդ հայհոյանքի, տեսնենք, թե ինչն է համարվում հայհոյանք, ինչը` չէ։ Շատ հիմար գործողություններով են զբաղվում, անբովանդակ: Ես կարծում եմ, որ հիմա հստատ դրա ժամանակը չէ»։

Ի՞նչ են առաջարկում քաղահասարակության ներկայացուցիչները։ Կարապետյանցի խոսքով՝ նախ պետք է պատժել քո թիմակիցներին, որոնց թույլատրվում ու ներում է շնորհվում հայհոյանք կամ բռնություն գործադրելիս. «Պատասխան պահանջեք նախ ինքներդ ձեզանից, հետո պրիտենզիաները ներկայացրեք մնացածին, երբեք ոչ մի օրենք, բարոյախոսական ճառեր, դաստիարակչական թրեյնինգներ ու վորքշոփեր չեն տա այն արդյունքը, ինչը կտա սեփական օրինակը»։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ փոփոխությունները կատարել են այն քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը։ Դրանից հետո ուժի մեջ կմտնի այս խորհրդարանի կողմից ընդունված նոր քրեական օրենսգիրքը: Մինչ այդ Վարդանյանը հույս ունի, որ հայհոյանքի մակարդակը կնվազի, և այս փոփոխությունները նոր օրենսգիրք բերելու կարիք չի զգացվի։

XS
SM
MD
LG