Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կինոն բարդ արվեստ է, որը պետք է աստիճանաբար զարգանա. Երևանում ոլորտին նվիրված միջազգային սեմինարներ կանցկացվեն

Կինոն բարդ արվեստ է, որը պետք է աստիճանաբար զարգանա. Երևանում ոլորտին 
նվիրված միջազգային սեմինարներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ   հունիսի 21-26-ը Երևանում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, կանցկացվի «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը: Այն ուղղված է կինոոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

Սեմինարը տեղի կունենա «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարի հետ միաժամանակ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց՝ տարբեր հարթակներ կան, որոնք զրուցելու, երկխոսելու, այս կամ այն իրականությունն ու դրա հետ կապված խնդիրներն ու նվաճումները ներկայացնելու հնարավորություն են ընձեռում: «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարը միջազգային հարթակ է, որտեղ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի վերականգնողներն են քննարկում  յուրաքանչյուրն իր կառույցի նվաճումներն ու խնդիրները:

«Գրադարանային և այլ բնագավառներում նման հարթակներ ունենք, բայց կինոյի ոլորտում դիսկուրսիոն միջազգային հարթակ, կարծես թե, չկար, և 2021-ին Հայաստանում անցկացվեց առաջին սեմինարը: Նախաձեռնության գործնական նպատակն է հասկանալ երկրների կինոօրենսդրությունը, օրենսդրական դաշտն առհասարակ, հասկանալ, թե օրենսդրական ինչ խոչընդոտներ կամ թերություններ կան, որոնք խանգարում են համատեղ կինոարտադրության զարգացմանը»,-շեշտեց փոխնախարարն ու հավելեց՝ ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջինն է հարցը բարձրացնում, դնում շատ լուրջ քննարկման:

Խզմալյանը հույս ունի, որ հարթակը գնալով կընդլայնվի և հնարավոր կլինի մասնակիցների հյուրընկալել ոչ միայն ԱՊՀ երկրներից, այլև Եվրոպայից, որովհետև որքան մեծ են օրենսդրական դաշտում համագործակցությունները, այնքան ավելի նպաստավոր դիրքում է հայտնվում կինոարտադրությունը: Խզմալյանի կարծիքով՝ դրա վառ ապացույցներից մեկը ԵԽ պետությունների հետ համատեղ կինոարտադրության մասին համաձայնագիրն է, որը վավերացրել են 2021-ին: Այն  հնարավորություն է տալիս այս կամ այն ձևաչափով, ծավալով համատեղ կինոարտադրություն զարգացնել:

Խզմալյանը վստահ է՝ յուրաքանչյուր ձեռքբերում սկսում է խնդիրները ձևակերպելուց, սահմանելուց, որից հետո քննարկվում են խնդիրների հաղթահարման ուղիները:

Փոխնախարարը չի հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, թե Հայաստանում արվեստի այս կամ այն ճյուղը չկա: «Եթե չկա, ինչպես ենք մենք մասնակցում միջազգային հեղինակավոր կինոշուկաների՝ սկսած Բեռլինի կինոշուկայից, ավարտված Կաննի կինոշուկայով: Մենք ունենք արդյունք, որը ներկայացնում ենք աշխարհին: Եթե տեսնեք Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրատարակած կատալոգները, կհասկանաք, որ աշխատանք կա, գործընթաց կա, սակայն կինոոլորտն այնպիսի բնագավառ է, որը չի կարող թռիչքաձև զարգանալ: Այն միայն արվեստ չէ, այն արդյունաբերություն է, ենթակառուցվածք է, օրենսդրություն է, աշխարհաքաղաքական վիճակ է, շուկա է, շուկայագիտություն է և այլն: Բարդ իրականություն է, որը պետք է աստիճանաբար զարգանա և զարգանում է»,-շեշտեց նա:

Խզմալյանը կարևորում է կինոյին աջակցության ծավալների մեծացումը, մեր իրականությունում ստեղծագործողի և պրոդյուսերի գործառույթների տարանջատումը: Նա հիշեցնում է, որ մեծամասամբ ռեժիսորները հանդես են գալիս նաև որպես պրոդյուսերներ, այնինչ պրոդյուսերությունն այլ մասնագիտություն է, այլ կրթություն ու գիտելիք պահանջող ոլորտ է: Փոխնախարարը կցանկանա,  որ հենց այն ինստիտուցիաները, որոնք պետք է զբաղվեն շուկայականացման ու ոլորտի տնտեսականացմամբ, ի վերջո կայանան: Խզմալյանը պրոդյուսերական ինստիտուտի կայացումը ոչ միայն կինոյում, այլև այլ ասպարեզներում լրջագույն խնդիր է համարում:

Փոխնախարարն առաջնային է համարում կինոկրթությունը: Ըստ նրա՝ կինոկրթությունը չի կարող կազմակերպվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանակում: «Գերմանիայում՝ Պոտսդամում, տեսել եմ, թե ինչպես է կազմակերպվում կինոկրթությունը: Հավաստիացնում եմ, որ այլ ձևաչափ չի կարող լինել. չի կարող կրթությունը կտրված լինել արտադրությունից: Դու պետք է մտնես լաբորատորիա, մոնտաժային ցեխեր, դու պետք է անցնես գործարանի ամեն մի խողովակով և այնտեղից դուրս գաս որպես կինոյի մարմինն ու օրգանիզմն իմացող, այդ ամենին տիրապետող մասնագետ: Ցավոք, մենք դա դեռ չենք կարողանում ապահովել: Երբ ասում ենք կինոարտադրություն, պետք է հստակ հասկանանք, որ դա միայն ռեժիսորական մտահղացումը չէ, միայն սցենարը չէ, միայն օպերատորը չէ. կինոարտադրությունը բազմաթիվ շերտեր ունի, որոնց մասնագետները մենք չունենք: Հիմա շատ ակտիվ քննարկում ենք, թե ինչ է պետք անել միջին մասնագիտական ուսումնական մակարդակներում պակասող կրթական օղակները լրացնելու համար, առանց որոնց չենք կարող խոսել  լիարժեք կինոարտադրության մասին: Քանի դեռ օրգանիզմը լիարժեք չէ իր համապատասխան մարմինների առկայությամբ, մենք չենք  կարող խոսել ոլորտի թռիչքաձև զարգացումների մասին: Դրա համար մեզ պետք է սկսել կրթությունից»,-վստահեցրեց Արա Խզմալյանը:

Նա անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող կինոտոնին՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2022-ին անցկացվելու է հուլիսի 10-17-ը, և կարևորեց այն փաստը, որ կինոփառատոնի գլխավոր հովանավորն այս տարի Երևանի քաղաքապետարանն է:

Փոխնախարարն ընդգծեց՝  լրջորեն պետք է նախապատրաստվեն 2023-ին հայ կինոյի 100-ամյակը տոնելուն: «Այն, ինչ արել են կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Համո Բեկնազարյանն ու նրա գործընկերներն այդ շրջանում, ուղղակի զարմանքի և հիացումի է արժանի: Ի վերջո մենք հարյուր տարվա կինոյի պատմություն ունենք, ինչը նշանակում է, որ քաղաքակրթական պատմություն ենք առաջ տարել ու զարգացրել, որովհետև 20-րդ դարի քաղաքակրթությունն առանց կինոարտադրության դժվար է պատկերացնել»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

«ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարներն իրականացվում են ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպիչներ՝ «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում ՀԿ և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]