Մատչելիության հղումներ

Դատախազությունն ակնկալում է, որ Վերաքննիչը կբեկանի Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը


Գլխավոր դատախազությունն արդեն բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։ Ավելի քան երկուսուկես տարի մեղադրվելուց հետո պաշտոնաթող նախագահը արդարացվեց, քանի որ նրան ու իր նախկին տեղակալներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց անվավեր ու հակասահմանադրական։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն այսօր հայտարարեց՝ ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Տարվել է այն փաստարկներով, որոնք ընդհանուր առմամբ ներկայացվել էին դատարանում` կապված նրա հետ, որ կիրառելի նորմը Սահմանադրությանը չի համապատասխանում, և դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան: Մենք հիմա արձանագրել ենք բողոքում, որ ըստ էության, դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ, և բնականաբար, հակափաստարկներ ենք ներկայացրել դատարանի այդ կապակցությամբ որոշման մեջ նշված հիմնավորումների կապակցությամբ», - ասաց նա:

Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ։ Դրանց հակասահմանադրական ճանաչվելու դեպքում դատախազությունը հնարավորություն կունենա վերաորակել Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը և նրանց նոր՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք առաջադրել։ Մինչև արդարացման վճիռը՝ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդել էր առաջին ատյանի դատարանին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան, ինչը, սակայն, դատավորը չէր արել։ Վերաքննիչ բողոքում դատախազներն այս հարցը ևս բարձրացրել են. «Սահմանադրական դատարանի որոշումը, այո, դատարանի համար առաջացնում էր պարտավորություն` քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց հենց այդ պարտավորությունն առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված էլ խնդիր ենք տեսել, դրա համար դատարանին խնդրել և միջնորդել ենք, թեև միջնորդությունը որպես միջնորդություն չքննարկվեց, որ դիմի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածն էր Սահմանադրությանը հակասող ճանաչել, և դատարանը դրա հիման վրա կիրառել է քրեական դատավարության օրենսգրքի մի քանի նորմեր, որոնք մեր կարծիքով` Սահմանադրության հետ խնդիր ունեն»:

Նախկին նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը անմեղության կանխավարկածի խախտում է որակում Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու՝ դատախազության մտադրությունը։ «Ազատության» հարցին՝ արդյոք 13 տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունահեղության համար պատասխանատվություն չպե՞տք է կրեն այն ժամանակվա բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչները, փաստաբանը բացասական պատասխան տվեց. «Եթե Դուք խոսում եք բարձրաստիճան ղեկավարության մասին, ապա ես Ձեզ վստահաբար կարող եմ պնդել, պնդել հաստատապես, որ որևէ քրեական օրենսգրքի հոդվածով այդտեղ քրեական հետապնդման հնարավորություն չկար, քրեական գործի նյութերն էլ են դրա մասին խոսում»:

Այս դեպքում ո՞վ կամ ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն 10 զոհերի համար, Արամ Վարդևանյանը պատասխանեց Միացյալ Նահանգների օրինակով. «Վաշինգտոնում երբ խոսքը գնում էր մի քանի ցուցարարների, որոնք չունեին մոլոտովի կոկտեյլներ, չունեին քարեր, չունեին երկաթյա ձողեր, այլ պարզապես անհասկանալի հագուստով փորձեցին մտնել համապատասխան պառլամենտական շենքը: Ի՞նչ եղավ այդ ժամանակ, զոհվեց մի քանի հոգի, ի դեպ, եթե չեմ սխալվում, 5-ից ավելի անձ, տեղի ունեցավ մարմնական վնասվածքների ծայրահեղ մեծ ծավալ, և ոչ մի ոստիկան մարմնական վնասվածք չէր ստացել: Սա էլ խնդրում եմ ուշադրություն դարձնել, իսկ 2008 թվականին հարյուրավոր ոստիկաններ մարմնական վնասվածք են ստացել, հարց է առաջանում` այդ ո՞ւմից են ստացել: Խնդրում եմ այդ իրադարձությունները որոշակիորեն վերլուծեք և շատ հետաքրքիր հետևության կգաք»:

Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու 2008-ին նախագահի աշխատակազմը ղեկավարած Արմեն Գևորգյանը մեղադրվում են միայն կաշառք ստանալու համար։ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, նրա փաստաբան Արամ Վարդևանյանը ասաց՝ պաշտպանյալը տեղյակ է, որ նիստը հետաձգվելու է Արմեն Գևորգյանի բացակայության պատճառով, դրա համար էլ չի եկել։ Գևորգյանի փաստաբանն էլ ասաց, որ պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի և խնդրեց հետաձգել դատական նիստը։ Կաշառքի գործով հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG