HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է վերակենդանացնել բանակցությունները

Հոկտեմբերի 6-ին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան․ նախ` Հայաստան, ապա հոկտեմբերի 7-ին՝ Ադրբեջան։ Համանախագահների այցի օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Էդվարդ  Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի օրակարգում էր նաև նախագահների  հանդիպման կազմակերպման հարցը։

Թե ինչ արդյունք կարող է ունենալ ԼՂ խնդրի կարգավորման առումով նախագահների մակարդակով հանդիպումը, ԱԺ պատգամավորները չեն շտապում կանխատեսումներ անել։

ՀՀԿ խմբակցության անդամ, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը չի ուզում հանդիպան առնչությամբ իր ակնկալիքները ներկայացնել, ասում է՝ կանխատեսումներն անշնորհակալ գործ են. «Ամեն դեպքում  բանակցությունները սառեցված չի կարելի համարել, որովհետև պրոցեսները շարունակվում են,  միգուցե, ըստ վերջին դեպքերի զարգացումների, այն ակտիվությունը չկա, որն ակնկալում են համանախագահները, բայց թե ինչով կավարտվի, ինչ ակնկալիքներ ունենալ, չեմ ուզում կանխատեսումներ անել»։

Մեր հարցին ի պատասխան, թե Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցներից մեկում Ալիևի հետ հանդիպման պատրաստակամություն էր հայտնել, ի՞նչ կտա այդ հանդիպումը, եթե մինչ այժմ նախորդ հանդիպումների՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, Սաղաթելյանն ասաց․ «Հայկական կողմը բազմիցս բոլոր հարթակներում հայտարարել է, որ պատրաստ ենք բանակցությունների և կողմնակից խաղաղ բանակցությունների միջոցով փոփոխություններ անելու, բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճիշտ հակառակ գործողություններն է կատարում։ Ամեն դեպքում, ցանկացած պարագայում ինքնին հանդիպումը իրադարձություն է, որովհետև այն խոսում է նրա մասին, որ կողմերը շարունակում են բանակցության եզրեր գտնել»։

Իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման նախաձեռնությանը համաձայնություն տալով` հայկական կողմը նաև իր «հարգանքն է ցույց տալիս ՄԽ-ի նկատմամբ»։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ,
«Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ տարածաշրջան յուրաքանչյուր այցելությունից հետո համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես գալիս․ «Կարծում եմ՝ այս անգամ էլ բացառություն չի լինի, հայտարարությամբ հանդես կգան։ Եթե երկու երկրների ամենաբարձր մակարդակով հանդիպում լինի, չի լինի այնպես, որ ամբողջությամբ սպառվել է  բանակցային գործընթացը»։ 

Նույն հանձնաժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը ևս այն կարծիքին է, որ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպումը միայն կնպաստի բանակցություններին՝ անկախ նրանից, թե ինչքանով են իրագործվել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ցանկալի է, որ հանդիպում լինի, եթե գտնում ենք, որ խնդրի լուծումը այլընտրանք չունի, պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի, ուրեմն բանակցություններ են հարկավոր»,- ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ հանդիպման ընթացքում էլ կարող է անդրադարձ կատարվել նախկինում ձեռք բերված, բայց չիրականացված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ինչն էլ կարող է «վերակենդանացնել բանակցությունները»։

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախաձեռնությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter