Մատչելիության հղումներ

Արցախի անկախությունը ճանաչելու հարց մեր օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի հատուկ նիստում ռազմական դրության մասին հայտարարելուց հետո՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի անկախությունը ճանաչելու հարց, հայտարարեց՝ իրենց օրակարգում եղել է և կա այդ հարցը։

«Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք նաև Ձեր հարցից հետո հրապարակային, այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք», - պատասխանեց վարչապետը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին էլ արձագանքելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջն է, որ Արցախը լինի իր ինքնավար մարզը. «Ըստ էության Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից»:

«Եթե մենք համաձայնենք՝ հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Համաձա՞յն ենք», - ԱԺ ամբիոնից հարցրեց վարչապետ Փաշինյանը, ինչին ի պատասխան դահլիճից հնչեցին՝ ոչ պատասխանները:

«Ես ուզում եմ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ՝ արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից, սա շատ կարևոր նյուանս է: Պիտի անեինք մի բան, համաձայնվեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել, ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի, մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը», - նշեց վարչապետը:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ վտանգ կա նաև հայ-ադրբեջանական շփման գծում, բայց այդ մասին չի բարձրաձայնի՝ ռազմական գաղտնիք չբացահայտելու համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այժմ աշխատում է միջազգային հանրության հետ՝ տեղեկացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանն այժմ միջազգային հանրության հետ աշխատում է մի քանի ուղղությամբ, և մտադիր է նաև իրավական գործընթաց սկսել ընդդեմ Ադրբեջանի։ Կառավարության ղեկավարն ասաց, որ որևէ կասկած չկա, թե ով է նախահարձակ կողմը, և այս տեղեկությունը պետք է հնչի միջազգային հարթությունում. «Սա պետք է հասցնենք տեղ։ Երկրորդը, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը, երրորդը, որ ադրբեջանական զինուժը Թուրքիայի կողմից սատարում է ստանում»։

«Սա ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական տարածքային կոնֆլիկտ, ինչն ամենամեծ վնասն է մեզ հասցնում: Մենք պետք է բացատրենք, որ սա ժողովրդի ապրելու իրավունքի պայքար է, ուղղակի ապրելու իրավունքի պայքար և խոսքն Արցախի հայության մասին է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց՝ արդեն դիմել է եվրոպական կառույցներին՝ ներկայացնելով իրավիճակը և Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը տեղի ունեցող զարգացումներում։

«Այո, ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև պարբերաբար հավասարության նշան դնելու այդ գործելաոճը: Մենք եվրոպական կառույցներում, դիվանագիտական հարթակներում աշխատող պատգամավորներս այս պահից և առավոտից սկսած պիտի միջազգային հանրությանը ներկայացնենք, որ նաև ահա այսպիսի դիվանագիտական բալանսը մշտապես պահող հայտարարություններով շատ դեպքերում իրենք հանցակից են դառնում նրան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին բացահայտ պատրաստվում էր պատերազմի», - ընդգծեց նա:

Զոհրաբյանն ընդգծեց՝ առաջիկա տարիներին դժվար է Ադրբեջանի հետ նստել խաղաղ բանակցությունների, քանի որ այդ երկիրը խախտել է իր իսկ կողմից վավերացրած բոլոր պայմանագրերը:

«Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր իսկ ստորագրած կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վար: Էլ ի՞նչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք ասենք, որ հարգենք միջազգային հանրության տեսակետը, էլ ի՞նչ պիտի անի, ինչ կարող էր արել է և շարունակելու է անել: Ես, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց այս պահին համարել մեկնարկած, համարել սկսած Արցախի ճանաչման գործընթացը: Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, սա խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ, այո, համաձայն եմ, այո, այսօր ուժեղների, ուժեղ աշխարհի դարի է, մենք հոգնել ենք էդ դավթարները գրկած, միջանցքում եվրոպացի պատգամավոր գրկենք, ասենք՝ մի հատ արի նայի, մի հատ խղճա մեզ, չէ, բավական է, չի կարելի», - ընդգծեց Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանն էլ հայտարարեց՝ «մենք պետք է այս պատերազմով վերջնականապես լուծենք այս հարցը»:

«Հիմա ժամանակն է զոհելու, մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին, մենք պիտի լուծենք այս հարցը և չթողնենք երեխաներին», - նշեց նա:

Դիմելով վարչապետին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց. «Տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ գնալ առաջ, շարժվել առաջ և բոլորով գնանք առաջ, որովհետև եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել։ Մենք արնաքամ ենք լինում ավելի քանի 25 տարի՝ ամենօրյա ռեժիմով»։

«Նամակներ ենք գրում ամբողջ աշխարհին, այն ժամանակ էլ մեր զինվորների կտրած գլուխներով նկարներն են տվել, բայց աշխարհը փոխվել է, սա էլ հին մարդու իրավունքների աշխարհը չէ և այս առումով մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք: Մենք ստեղծել ենք պետություն, որ մեզ պաշտպանենք ցեղասպանությունից, և երկրորդ հայկական պետությունը, որ ցեղասպանության վտանգի տակ է, բոլորս ենք այլևս վտանգի տակ. կամ բոլորով կանգնում ենք ու կանգնացնեում ենք ցեղասպանությունը, կամ շարունակելու ենք արնաքամ լինել», - ասաց Մարուքյանը:

XS
SM
MD
LG