ԱՄՆ դեսպան․ Ճանաչում ենք ԼՂ բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում

ԱՄՆ դեսպան․ Ճանաչում ենք  ԼՂ բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը: Այդ մասին ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Արմենպրեսին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նա նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»:

«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»,-ասել է Թրեյսին:

«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ասել է նա:

Նշելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ Թրեյսին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում:

«Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով»,-ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---