Անհնարինը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում. վարչապետ
ՀՀ կառավարության համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն առաջնահերթություն է։ Այս մասին այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ տարեկան համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իհարկե կան այլ խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու են կարևորում ՏՏ-ի զարգացումը։
«Մեր կարծիքով, դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, այլև՝ գաղափարական։ Ըստ էության, ՏՏ-ի մեր ընկալումը հետևյալն է՝ դա մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը և ավելի նեղացնում անհնարի սահմանը։ Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է. անհնարինը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, իսկ հնարավորի սահմանները ավելի ու ավելի են ընդլայնվում։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, քանի որ Հայաստանն ու հայ ժողովուրդն, ըստ էության, երկար տարիներ և երկար ժամանակ արգելակվել են «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ։
«Եւ մենք այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա և մեր նպատակներն իրագործելի են, իսկ դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչքանով են դա հնարավոր համարում։ ՏՏ ոլորտը ես համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ այստեղ ունեք Կառավարության լիակատար աջակցությունը։ Ուրեմն՝ մենք սկսել ենք հնարավորի սահմանների ընդլայնման գործընթացը և դա պետք է շարունակենք»,- ընդգծեց վարչապետը և հավելեց. «Այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի և նրա հայացքը չպետք է հոգնի, քանի որ մեր երկիրը նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցի աշխարհին, հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությանը»։
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ոլորտի ներկայացուցիչներին՝ ՏՏ ոլորտում իրենց աշխատանքի և վճռականության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում