Նախագիծ․ Ադրբեջանից գաղթած Երևանում բնակվող փախստականները բնակարան կստանան

Նախագիծ․ Ադրբեջանից գաղթած  Երևանում բնակվող փախստականները բնակարան կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է բնակարանով ապահովել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված, Երևանում բնակվող ընտանիքներին։

Առաջին փուլում նախատեսվում է ընդգրկել Երևանի 5 վարչական շրջանի 108 ընտանիք, մյուս ընտանիքները բնակարանվ կապահովվեն հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի: Ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է ընդգրկել նաև մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն տեղահանված փախստական ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Ըստ 2019-ի մարտ-ապրիլ ամիսների հաշվարկների՝ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը՝ Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում:

Նախարարությունը հայտնել է, որ 2005 թվականից պետական բյուջեի հաշվին 1065 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագրեր: Սակայն 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել:

Ըստ 2013-ի իրականացված հաշվառման տվյալների՝ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիքներ, որոնցից 641-ը՝ Երևանում և 254-ը՝ մարզերում, համարվում են առաջնահերթ կարիքավորներ:

«Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է»,- ասվում է նախարարությունը։

Մասնավորապես՝ առաջին փուլում բնակարանով կապահովեն նաև մասնավոր սեփականություն հանդիսացող «Սեբաստիա», «Նաիրի» հյուրանոցներում, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարաններում բնակվողները։ Նախարարության հաղորդմամբ՝ նրանք այնտեղ են բնակվում անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---