1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունն ուղիղ վիրավորանք է Ռուսաստանի հասցեին. թուրքագետ

Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունն ուղիղ վիրավորանք է Ռուսաստանի 
հասցեին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն ուղիղ վիրավորանք է Ռուսաստանի Դաշնությանը:

Մելքոնյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես  Ռուսաստանի տարածք և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

«Ղրիմի հարցի արծարծումը նոր չի թուրքական պաշտոնական հռետորաբանության մեջ: Դրանով կարծում եմ հարվածել է մի քանի թիրախի և, բնականաբար, առաջնային թիրախը Ռուսաստանն է: Ղրիմի հարցի նման ձևակերպումները, որ Թուրքիան երբեք չի ճանաչի այն որպես Ռուսաստանի տարածք, ուղիղ ակնարկ ու վիրավորանք է Ռուսաստանին: Այստեղ կան շատ վատ քողարկված պանթյուրքիստական շեշտադրումներ, հատկապես Ղրիմի թաթարների հետ կապված»,- նշեց թուրքագետը:

Մելքոնյանի խոսքով՝ Էրդողանը շարունակում է մնալ Օսմանյան կայսերական և ծավալապաշտական մտածողության ճիրաններում: Նրա կարծիքով՝ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած շեշտադրումներում, թե իրենք չեն ճանաչում Ղրիմի ինքնորոշման իրավունքը, ուղիղ զուգահեռներ կան նաև Արցախի հարցի հետ:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարություններից հետո ռուս-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումներին՝ թուրքագետն ընդգծեց, որ դրանք մշտապես գտնվում են տուրբուլենտության մեջ:  Նրա խոսքով՝ դժվար է ասել, որ Ռուսաստանն ու Թուրքիան երբևէ կարող են առանց կոնֆլիկտի երկրներ լինել, և նրանց համագործակցությունը երբևէ չի կարող լիարժեք լինել:

«Այդ երկրների շահերը, մտածելակերպը և քաղաքակրթական մոտեցումները տարբեր են: Այն, ինչ երեկ հանդիպմանը հնչեց, նորություն չէ, այլ թուրքական պաշտոնական հռետորաբանությունն է և ցույց է տալիս ռուս-թուրքական հարաբերություններում եղած կոնֆլիկտներից մեկի «այսբերգի երևացող կողմը»: Բայց այդ այսբերգն ունի նաև խորություն և մեկն է այն խնդիրներից, որոնք գոյություն ունեն ռուս-թուրքական հարաբերություններում: Ներկայում՝ արցախյան խնդրի այս թեժ իրավիճակում,  Թուրքիայի կողմից նման շեշտադրումներն ունեն նաև քաղաքական, ոչ քողարկված մեսիջի նշանակություն՝ ուղղված Ռուսաստանին և դրանք նրանց հակառուսական հռետորաբանության դասական մեթոդներից են»,- շեշտեց Մելքոնյանը:

Լիլիթ Դեմուրյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]