Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ-ի խորհուրդը արտահերթ նիստում քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը


Մի քանի ժամ առաջ Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդի նիստը, որի օրակարգային միակ հարցը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունն է:

Նիստի մեկնարկից առաջ գործակալությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ Իրանը հատել է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ուրանի հարստացման ծավալների և պաշարի վերին շեմերը:

«Այս պահին ուրանի հարստացման մակարդակը իրանցիները հասցրել են 4,5 տոկոսի` թույլատրելի 3,67 փոխարեն: Հարստացված ուրանի ծավալները Իրանում այժմ գերազանցում են 213 կիլոգրամը` համաձայնագրով սահմանված առավելագույն 202 կիլոգրամի դիմաց», - նշում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները:

Իրանի խնդրով շտապ նիստ հրավիրելու պահանջով ԱԷՄԳ-ին նախորդ շաբաթ դիմել էին ամերիկացիները: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի համոզմամբ, այդ փաստն ինքնին խիստ զավեշտալի է:

«Ինչպե՞ս կարող են ամերիկացիները, որոնք ամբողջությամբ հրաժարվեցին միջուկային համաձայնագրից, այժմ Ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդից պահանջել, որպեսզի այն շտապ կարգով քննարկի Իրանի կողմից այդ համաձայնագրի մի շարք դրույթներից հրաժարումը: Աշխարհի քաղաքական պատմության մեջ հազվադեպ են նման զավեշտալի դեպքեր պատահում», - նշում էր Իրանի նախագահը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության այս հավաքը մեկնարկում է Վաշինգտոնից հնչող կտրուկ հայտարարությունների ֆոնին: Ամերիկացի զինվորականները հայտարարում են, որ այս փուլում Պենտագոնի գլխավոր նպատակը Պարսից ծոցում և դրան հարող տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված շուտափույթ քայլեր ձեռնարկելն է:

«Մենք այժմ մի շարք երկրների հետ բանակցությունների մեջ ենք ներգրավված՝ փորձելով մի կոալիցիա ստեղծել, որը կապահովի նավագնացության անվտանգությունը Հորմուզի և Բաբ- էլ-Մանդեբի նեղուցներում», - հայտարարում էր Միացյալ Նահանգների Զինված ուժերի Միացյալ շտաբերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Ամերիկացի զինվորականի խոսքով, ի դեպ, փաստացի հակաիրանական այս կոալիցիայի ստեղծումը մոտ ապագայի խնդիր է:

«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթներին մենք կհստակեցնենք, թե հատկապես որ պետություններն են, որ պատրաստ են քաղաքական կամք դրսևորել և սատարել այս նախաձեռնությունը: Մենք ուղղակիորեն կաշխատենք այդ պետությունների զինվորականների հետ, որպեսզի պարզենք [կոալիցիայի] կարողությունները», - նշում էր Դանֆորդը:

Իրանի հասցեին սպառնալիքները շարունակում են հնչել նաև Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների թիվ մեկ դաշնակից պետությունից` Իսրայելից: Նախընտրական արշավի կիզակետում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նենթանյահուն չորեքշաբթի օրը այցելել էր երկրի ռազմաօդային ուժերի բազաներից մեկը` չբացառելով, որ այդտեղ ծառայող զինվորականները առաջիկայում կարող են Իրանի դեմ մարտական գործողությունների մասնակցել:

«Այցը ավիաբազա ինձ շատ է տպավորել: Ես ծանոթացա բոլոր զինատեսակներին, ինձ ցուցադրեցին այստեղ տեղակայված օդանավերը: Այժմ իմ թիկունքում F-35 մակնիշի ռազմական ինքնաթիիռն է: Իրանը վերջերս կրկին սպառնում էր ոչնչացնել Իսրայելը: Իրանում պետք է լավ իմանան, որ իմ թիկունքում գտնվող այս օդանավերը կարող են հասնել Մերձավոր Արևելքի ցանկացած կետի` այդ թվում Իրանում և իհարկե Սիրիայում», - հայտարարում էր Իսրայելի վարչապետը:

Չնայած առկա ճնշմանը, Իրանը չի պատրաստվում հրաժարվել ուրանի հարստացման ծավալների մեծացումից: Դրա հետ մեկտեղ Թեհրանում հայտարարում են, որ իրենց գործողությունների գլխավոր նպատակը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի փրկությունն է: Իրանցի պաշտոնյաները հենց այս թեման էին այսօր Թեհրանում քննարկում Ֆրանսիայի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Էմանուել Բոնեյի հետ:

Բանակցությունների ընթացքում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ Թեհրանում բարձր են գնահատում միջուկային համաձայնագրի փրկությանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG