Մասիս Մայիլյան․ Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր ինքնիշխանությունից

Մասիս Մայիլյան․ Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր ինքնիշխանությունից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Լաչինի միջանցքի արդեն 100 օր շարունակվող շրջափակմանը, գրել է, որ հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր օրինական կոլեկտիվ իրավունքներից ու իր ինքնիշխանությունից։

Նա նաև նշել է, որ եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։ Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։

«Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։

Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։ Միջազգային հարաբերություններում ներկայումս բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։

Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։ Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։ 1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։

Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։

Ճիշտ որոշումների կայացման և առկա ներուժի խելամիտ օգտագործման միջոցով մենք դուրս կգանք մեզ պարտադրված ճգնաժամից ավելի ամրակուռ ու ավելի ուժեղ։ Լավատեսության համար հիմքերն ավելի քան բավարար են»,-ասված է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---